ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Վահրամ Բաղդասարյանը շրջանառության մեջ են դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերին:
Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում: Այժմ սահմանված են հետեւյալ դրույքաչափերը. ամսական մինչեւ 120 հազար դրամ եկամտի դեպքում՝ 24.4 տոկոս է, 120 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպքում՝ 26 տոկոս, 2 մլն. դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս: Իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանվել են եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը՝ ամսական մինչեւ 150 հազ. դրամ եկամտի դեպքում՝ 23 տոկոս, 150 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն. դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս:
Բայց արի ու տես, որ հիմա իրենց նախագծով պատգամավորներն առաջարկում են էականորեն նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչեւ 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:
Նախագծի համահեղինակներից Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս օրենքի փոփոխությունը նախաձեռնված է եղել դեռեւս անցյալ տարի եւ այս ընթացքում տարբեր քննարկումներ անցել, այդ թվում` ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար Ատոմ Ջանջուղազյանի եւ ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այն փոփոխությունները, որոնք իրենք նախաձեռնել են, համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ստվերի դեմ պայքարելու թեզին, եւ օր առաջ օգտագործելը կարեւոր է համարում:
Նրա խոսքով` օրենքի էությունը կայանում է աշխատուժի ստվերային շրջանառությունը կրճատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ: Ըստ պատգամավորի` հենց եկամտահարկի բարձր լինելն է պատճառ դառնում ստվերային աշխատողներ ունենալու համար: «Այս նախաձեռնությունը մենք դեռեւս սկսել ենք անցյալ տարվա հուլիսից, երբ որ կառավարության հետ քննարկում էինք Եկամտահարկի դրույքաչափերի նվազեցման խնդիրը: Փոփոխությունների էությունը պետք է կայանար ոչ միայն գործատուի վրայից հարկային բեռը թեթեւացնելու մեջ, այլ նախ եւ առաջ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որպեսզի ստվերային շրջանառությունն աշխատավարձի եւ աշխատողների, էապես կրճատվեր: Այսինքն` գործատուի մոտ վերացնել կամ չեզոքացնել մոտիվացիան աշխատողին լիարժեք ցույց չտալու եւ ստվերային վճարումներ կատարելու համար», – նշեց նա:
Հարությունյանի խոսքով` միակ օպտիմալ տարբերակը եկամտային հարկի դրույքաչափի համապատասխանեցումն է շահութահարկի դրույքաչափին: «Մենք մինչեւ 500 հազար աշխատավարձ ստացողների համար սահմանել ենք 20 տոկոս, 500-ից բարձր ստացողների համար՝ 25 տոկոս: Բանն այն է, որ մոտ 90 տոկոսի վարձատրությունը չի գերազանցում 500 հազարը, եւ պրակտիկան ցույց է տալիս, որ հենց այս տիրույթում է տեղի ունենում աշխատուժի ստվերային գործունեություն: Դրա համար հենց այս հատվածի համար ենք փոփոխություններ կատարում»,- հավելեց Հարությունյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, թե որպես այդպիսին նոր կառավարության հետ քննարկում չեն ունեցել, սակայն իրենց հեղինակած նախագիծն ուղարկել են նրանց: «Դեռեւս անցյալ տարվանից քննարկումներ են եղել նաեւ Ֆինանսների նախարարությունում, եւ նույնիսկ կատարված են որոշ վերլուծություններ: Եվ քանի որ այսօրվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախկին գանձապետն է եւ թեմայի մեջ, իսկ ՊԵԿ նախագահն էլ՝ նախկին ֆինանսների փոխնախարար, դրա համար հավելյալ քննարկումների նախնական անհրաժեշտություն չունեցանք»,- եզրափակեց նա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐ
Արդեն երկու օր է՝ փոխվել է «Ծառուկյան» խմբակցության քաղաքականությունը: Սա «Բարեգործության մասին» օրենքի նախագծից հետո, որը պետք է քննարկվի հունիսի 19-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում: Բանն այն է, որ այս օրինագիծը ԲՀԿ-ականները համարում են ուղղված իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նախօրեին եւ երեկ եղան դեպքեր, երբ ՀՀԿ-ն, «Ելք»-ն ու ՀՅԴ-ն միասնական կերպով քվեարկեցին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը՝ ոչ: Առաջինը վերաբերում էր Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման 2017թ. տարեկան հաշվետվությանը եւ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Առաջին դեպքում բոլորը կողմ էին, «Ծառուկյան» խմբակցությունը՝ ձեռնպահ, իսկ երկրորդ դեպքում բոլորը կողմ էին, իսկ այդ խմբակցությունը՝ դեմ: Չնայած այս երկու օրենքներին՝ այսպիսի վարքագիծ դրսեւորելն ուղղված էր նախկին իշխանություններին, սակայն «Բարեգործության մասին» օրենքի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնելու հանգամանքը ցույց տվեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամեն րոպե կարող է փոխել իր դիրքորոշումը, եթե բերված օրենքները վնասեն հենց իրենց: Իսկ կառավարության նիստում Արծվիկ Մինասյան-Նիկոլ Փաշինյան հակամարտությունն էլ ցույց տվեց, որ ՀՅԴ-ականները եւս պատրաստ են հակառակվել, եւ այս պարագայում Նիկոլ Փաշինյանն էլ ավելի ուշադիր պետք է լինի: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում, որ ապագայում նույնիսկ կարող է իրավիճակ ստեղծվել, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած նախագծերին կողմ քվեարկի ՀՀԿ-ն եւ այնտեղից դուրս եկածները, բայց ոչ կառավարության մաս կազմողները:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ չի դադարում դժգոհություններ ստանալ վարորդներից: Նրանց պատմելով` արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու առաջարկից հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է խախտումներով լի: Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը հանվել են, վստահ լինելով, որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման՝ հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը: Արդյունքում, ըստ դժգոհող վարորդների` վթարային իրավիճակները շատացել են այն դեպքում, երբ այս շրջանում պետք է թեթեւ երթեւեկություն լիներ` հաշվի առնելով նաեւ այն, որ կրթական հաստատություններում արձակուրդ է, մինչդեռ հակառակն է: Երեկ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթեւեկության կանոնները, հիշեցնելով, որ իրենք ունեն խախտումները կանխելու եւ ռեպրեսիվ մեթոդներ եւ կարող են դրան հասնել երթեւեկության կուլտուրան բարձրացնելու միջոցով:
ԾԱՆՈԹԱՑԵԼ Է
Մոսկվայում ծանոթացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտարարեց մոսկովյան երկօրյա աշխատանքային այցը ավարտող Հայաստանի վարչապետը՝ հավելելով, որ իրենց ծանոթացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ֆուտբոլային խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, այնտեղ ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եւ ՌԴ նախագահը մեզ ծանոթացրեց։ Մենք պարզապես ծանոթացանք, որեւէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ»,- ասել է Փաշինյանը՝ դրական գնահատելով երկօրյա մոսկովյան այցը։
ԱԼԵԿՈԾՎԱԾ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել է, որ Հայաստանում իրավիճակը բավականին ալեկոծված է: Ալեկոծությունը կարող է երբեմն անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել: Նրա խոսքով` Արեւելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: «Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին: Օգնել մեր գործընկերներին, պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների: Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,-նշել է դեսպանը: Անդրադառնալով քաղաքական մարտահրավերներին` դեսպանը նշել է, որ Արեւելյան գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ այս հարցում ունի երկկողմանի օրակարգ, որը առաջնահերթություն է: «Մենք ցանկանում ենք օգնել երկրներին, որպեսզի նրանք կարողանան համագործակցել միմյանց հետ առավել քան երբեւէ»,- ասել է Պ. Սվիտալսկին:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են համակարգված սցենարով, վստահորեն եւ դինամիկ: Այս մասին երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Մեդվեդեւը շնորհավորեց Փաշինյանին հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ նշեց, որ ուրախ է փոխադարձ ծանոթության համար: Նրա խոսքով` երկու երկրների հարաբերությունները զարգանում են վստահորեն եւ դինամիկ: «Դա, իհարկե, պայմանավորված է ԵԱՏՀ-ում մեր համագործակցությամբ: Սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ ձեր տնտեսությունը վերջին ժամանակներում լավ ցուցանիշներ է ցույց տալիս, մեր տնտեսությունը եւս զարգանում է: Սա, իհարկե, փոխադարձ համագործակցության արդյունքն է: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, եւ մենք միասին ձգտում ենք ինտեգրացիոն միավորման. միասին համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ եւ զարգանում ենք համակարգված սցենարով, համակարգում ենք մեր զարգացումը սոցիալական, տնտեսական եւ այլ բնագավառներում»,- ասաց նա:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հանդիպել եւ քննարկել են սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերին առնչվող հարցեր: Ա. Գրիգորյանն սոցցանցի իր էջում գրել է. «Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ քննարկեցինք ազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում սահմանների անձեռնմխելիության, սահմանապահ զորքերի ու նրանց ծառայությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կիբեռանվտանգության, տնտեսական բնույթի հանցագործությունների եւ կոռուպցիայի կանխմանն ուղղված հարցեր: Կարեւորվել է նաեւ երկու կառույցների առավել արդյունավետ համագործակցության, աշխատանքային հանդիպումների պարբերականության ապահովման անհրաժեշտությունը»:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին, Ստեֆան Վիսկոնտիին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ա. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, եւ շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: