ԵԿՄ-Ն ԶԻՆԱԹԱՓԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այն անձինք, ովքեր ժամանակին ունեցել են ջերմ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ճակատագրի կամ հանգամանքների բերումով բաժանվել են հաճախ ոչ իրենց կամքով, փորձում են վերադառնալ իրենց իսկ կողմից մերժված ԵԿՄ: Մասնավորապես, երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավարների հետ եւ որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել: ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արշալույս Փայտյանը եւ էլի շատերը ԵԿՄ տարածքային կառույցների անդամների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս պետք է դատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման գնան, որպեսզի լինի ԵԿՄ արտահերթ համագումար, նոր ղեկավար կազմ ընտրվի:Գագիկ Մելքոնյանի համոզմամբ` ԵԿՄ-ն նախագահ չպետք է ունենա, կոլեգիալ պետք է որոշումները կայացվեն: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, որն էլ ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է եւ պետք է գործի օրենքով սահմանված կարգով, այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»:
Այսքանից հետո արձանագրենք մեկ կարեւոր փաստ. ԵԿՄ-ն այսուհետ պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարանը, պետք է դադարի քաղաքական գործընթացների վրա ունենալ ճնշող ազդեցություն, ինչ եղել է մինչեւ հիմա, պետք է դադարի լինել կիսառազմականացված կառույց, եւ համապատասխան խնդիրները պետք է դրվեն պետության ուսերին: իսկ ԵԿՄ-ն մի հասարակական կազմակերպություն է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված: Ի դեպ, սա նոր Հայաստանի ղեկավարության հրամայականներից է:

 

 

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դրվագներից մեկն էլ վերաբերվում էր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորներին դպրոցներից եւ այլ հաստատություններից ուղարկված օգնությունը յուրացնելուն: «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էլ պատասխանատվություն չի՞ զգում բացահայտվածի հետ կապված, քանի որ բանակին հատկացված օգնությունն իր ղեկավարման ժամանակ չի հասել զինվորներին: «Ճիշտն ասած` այն ինչ տեսնում ենք այսօր, ցավ ենք ապրում, որովհետեւ իրականում այնպիսի երեւույթներ կան, անընդունելի է: Իրավապահները քննություն են իրականացնում»,- նշեց նախկին նախարարը: Միաժամանակ Օհանյանը պնդեց, որ այն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ՊԲ տարածքում, այն ժամանակ ամեն ինչ արվել է վերահսկողություն իրականացնելու համար:

 

 

 

ԱԺ ընտրություններին ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած «Ալյանս» կուսակցությունն իր համագումարում որոշում է կայացրել միանալ ԲՀԿ-ին: Միայն թե այդ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է, ներկա չէր իրենց համագումարին: «Ալյանսի» ներկայացուցիչները խիստ զայրացած են իրենց ղեկավար Ուրիխանյանի վրա, դժգոհում էին, որ հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ մի շարք անձանց աշխատեցրել է իր կուսակցական շահի համար, սակայն հետո չի վճարել: Ավելին` ըստ օդում կախված լուրերի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 60 մլն դրամ է տրամադրել Ուրիխանյանին ԱԺ ընտրությունների ժամանակ, սակայն նա գումարի մեծ մասը յուրացրել է եւ մի փոքր հատվածը ծախսել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս լուրը չի հերքել «Ալյանս»-ի արդեն նախկին վարչության անդամ Ռոբերտ Մանուկյանը` նշելով. «Ես ո՛չ անձամբ տեսել եմ դա, ո՛չ էլ լսել եմ: Ես ուղղակի լսել եմ ժողովրդից, նրանցից յուրաքանչյուրն իրեն խոստացված գումարի հարցն է բարձրացնում»:

 

 

 

Վայոց ձորի մարզի Շատին համայնքում 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է` ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն` Տիգրան Խուդոյանը, որին սատարում էին նաեւ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, ձայների լուրջ տարբերությամբ պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո մինչեւ հիմա նա փոքր խմբով պարբերաբար բողոքի ցույցեր է կազմակերպում՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել նորընտիր համայնքապետ Ստեփանյանի գործունեությունը: Բայց առավել ուշագրավն այն է, որ հիմա էլ Խուդոյանը փորձում է միաժամանակ հարաբերություններ ստեղծել նոր կառավարության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա հիմա էլ փորձում է տպավորություն ստեղծել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ, մտերմանալ նրա հետ: Ավելին, նա փորձում է Ստեփանյանի դեմ բողոքի ցույցերը վարչապետ նիկոլ Փաշինյանի ոճով անցկացնել՝ նույնիսկ շարժման ատրիբուտիկան օգտագործելով: Միայն թե ապարդյուն. նախ՝ չունի աջակիցների բանակ, նրա կողքին հավաքվածներից ոմանք էլ, ասում են, ժամանակին դատվել են այս կամ այն արարքի համար:

 

 

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` առաջարկելով խորհրդարանական խմբակցություններին քննարկումներ սկսել ԸՕ նախագծի շուրջ: «Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դիմել է խորհրդարանական խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ»,- նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
Սկսենք նրանից, որ ԱԺ նախագահը, խոսելով ստեղծված քաղաքական իրավիճակին հագուցալուծում տալու անհրաժեշտության մասին, հրապարակավ ընդունում է՝ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայացվածությունը չի արտացոլում Հայաստանյան քաղաքական դաշտի իրական պատկերը: Եւ, իսկապես, նորմալ չէ, երբ խորհրդարանում ամենամեծ ուժը ՀՀԿ-ն է, խորհրդարանի ղեկավար պաշտոնները դեռ ՀՀԿ-ի ձեռքում են, իսկ կառավարությունը ղեկավարում է միանգամայն այլ ուժ: Եվ ուրեմն այս իրավիճակը պետք է որքան հնարավոր է, արագ հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծում պետք է տրվի ԸՕ-ում փոփոխություններ անելուց հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միջոցով:
Ըստ այդմ` Արա Բաբոյանի նախաձեռնությունը լավն է, շատ լավը, բայց միաժամանակ բավական ուշացած: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ թավշյա հեղափոխության ժամանակ էր հայտարարել ԸՕ-ում փոփոխությունների գորընթաց նախաձեռնելու եւ դրանից հետո արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը ձեռնամուխ է եղել այդ գործընթացին: Տեւական ժամանակ է՝ ԸՕ նախագծի տարբերակի վրա սկսվել են աշխատանքները. այն համակարգում է Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը:
Այնպես որ, այս իրավիճակում Արա Բաբլոյանի նախաձեռնությունը չի ընկալվում, եւ հազիվ թե խորհրդարանական մյուս ուժերն այդ առաջարկը խանդավառությամբ ընդունեն: Բայց Բաբլոյանն այս իրավիճակում ստիպված է գնալ նման քայլի, որպեսզի ՀՀԿ-ն փորձի ցույց տալ, թե որպես քաղաքական ուժ դեռ գոյություն ունի: Ավելին` փորձում են ցույց տալ, թե ոչ միայն դեմ չեն ԸՕ փոփոխություններին, այլեւ, ընդհակառակը, հենց իրենք են այդ փոփոխությունների շուրջ քննարկումները նախաձեռնողը:
Միայն թե նման հարցերում ՀՀԿ-ի կարծիքն այլեւս որեւէ մեկին չի հետաքրքրում եւ չի հետաքրքրի դեռ բավական երկար ժամանակ:




Լրահոս