ԳԵՆԵՐԱԼԻ ԱՄԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին ԱԱԾ-ի կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումների մասին, թե ինչպես են նրա ամառանոցում հայտնվել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար որպես օգնություն ուղարկված ծանրոցները, զինվորների համար նախատեսված պահածոները: Ըստ շրջանառվող լուրերի` ԵԿՄ-ն Արցախ առաջնագիծ է հասել ապրիլի 3-ի երեկոյան, երբ արդեն ավարտվել էր պատերազմը: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ից 600-700 հոգու է իր հետ տարել Արցախ՝ առաջնագիծ: Սակայն նա փաստաթղթերում ցույց է տվել, թե իր հետ առաջնագիծ եկածների թիվն ավելի քան 2 հազար հոգի է: ՀՀ ՊՆ ու ԼՂՀ ՊԲ ղեկավարությունն էլ, ըստ գեներալի ներկայացրած ցուցակի, 2 հազար հոգու համար տվել է անհրաժեշտ իրեր տեւական ժամանակահատվածի համար: Բնականաբար, դրանք չեն սպառվել, եւ ավելացված պահածոները գեներալն իր հետ ետ է բերել: Ասում են՝ այս ապրանքները յուրացնելու հարցում գեներալին մեծապես օգնել է իր կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը: Պատահական չէ, որ երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները հերթական փաստն են բացահայտել, այս անգամ՝ գեներալի տիկնոջ մասնակցությամբ: Չի բացառվում՝ Ամիրյանը եւս առաջիկայում ձերբակալվի: ՈՒ կստացվի, որ այս կոռուպցիոն հանցագործությանը մասնակից է եղել ոչ միայն գեներալ Մանվել Գրիգորյանը, այլեւ նրա կինը:
Իսկ, ընդհանրապես, որպեսզի պարզ լինի, թե ով է Մանվել Գրիգորյանը, մեկ փոքր փաստ. ԱԺ նախագահի որոշմամբ` նրա համար արտոնություն է սահմանվել ունենալու բջջային ծառայողական հեռախոսահամար` չնայած այն հանգամանքին, որ գեներալը ոչ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է, ոչ էլ միջխոհրդարանական պատվիրակության ղեկավար: ԱԺ-ում նրա հեռախոսային խոսակցությունների համար սահամանվել է ամսական լիմիտ՝ 20 հազար դրամ ՀՀ ներսում, 40 հազար դրամ էլ ռոումինգի ծառայություններից օգտվելու համար: Ասել է թե` նա չի զլացել բյուջեից ամսական լրացուցիչ 60 հազար դրամ ստանալ հեռախոսային խոսակցությունների համար այն դեպքում, երբ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարագրել էր 45 հազար դոլարի, 45 հազար եվրոյի եւ 313 մլն 647 հազար դրամի դրամական միջոց: ԱԱԾ-ն էլ նրա տանից հայտնաբերել էր 71.7 մլն դրամ, 80 հազար դոլար, 67.3 հազար եվրո:

 

 

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. « Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»։ Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկումներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել եւ դառնալ կառույցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել է. «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ անցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժեւորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս։ Այսօր պատերազմ անցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հոգեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»։

 

 

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ: Նա մեղադրվում է մի քաղաքացու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ: Եւ ուշագրավն այն է, որ դեպքը, որի մեջ մեղադրում են Վարդանյանին, տեղի է ունեցել դեռ նախորդ տարվա հուլիսին, սակայն որեւէ բողոք իրավապահները նախկինում չեն ստացել: Իսկ ո՞վ է բողոքողը. պարզվում է՝ նա հայտնի է որպես «ալֆոնս»՝ մարդ, ով փորձում է սիրահետել հարուստ կանանց, նրանց հետ կապեր հաստատել ու ապրել նրանց հաշվին: Եւ ահա նման մի փորձ էլ կատարել է Վարդանյանի բարեկամներից մեկի նկատմամբ՝ նրան գցելով իր ծուղակը, ինչի համար էլ բացվել է թեման: Եւ ի՞նչ է ստացվում. ով ում հետ նախկինից ունեցել է անձնական խնդիրներ, թավշյա հեղափոխությունից հետո փորձում է իրավապահների միջոցով լուծել՝ երբեմն իրավապահներին իրենց անձնական օգտագործման գործիքը դարձնելով:

 

 

 

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երեկ քննարկվեց նաեւ ԱԺ-ում, այն էլ` կիսադատարկ դահլիճում. ներկա էր 15 պատգամավոր: Մինչ այդ տնտեսագետները շարունակում են քննադատել այս նախաձեռնությունը: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իր հաշվարկներով` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը՝ տարեկան առնվազն 60 մլրդ դրամ, 45 տարով դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար վճարվող գումարների մասին է, որը գնում է ոչ թե բյուջե, այլ կենսաթոշակային հիմնադրամներին: Ըստ Բագրատյանի` եթե բյուջեից այդ նպատակով 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»,- ասաց Բագրատյանը:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵ՞ՆՔ
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գործունեության վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներն իսկապես շոկ էին հասարակության համար: Շոկ, որից մարդիկ արդեն մի քանի օր է՝ դուրս չեն գալիս, քանի որ չեն կարող ըմբռնել` ինչպե՞ս կարող էր ապրիլյան պատերազմի զինվորներին ուղարկված օգնությունը, անգամ դպրոցականների նամակները չհասնել հասցեատիրոջը, փոխարենը հայտնաբերվել գեներալ պատգամավորի ամառանոցում:
Եւ, ընդհանրապես, թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնական լրահոսի մեջ իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում կոռուպցիոն բացահայտումների մասին հաղորդագրությունները: Եւ ահա, մինչ հասարակությունը հերթական անգամ «ալեկոծվում է» կոռուպցիոն հերթական սկանդալի մասին բացահայտումը լսելուց, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը քար անտարբերություն է ցուցաբերում կատարվածի նկատմամբ: Դեռ ավելին` այս օրերին նա գերադասել է երկրից հեռանալը՝ «աշխատանքային պայմանավորվածությունների համաձայն»:
Պարզ է, որ Արմեն Սարգսյանի զբաղեցրած պաշտոնը, նոր սահմանադրության համաձայն, ընդամենը արարողակարգային բնույթ ունի: Թեեւ նախագահը համարվում է պետության գլուխը, բայց նման դեպքերում ազդեցության որեւէ լծակ չունի:Բայց սա չի նշանակում, թե նա չունի կարծիք հայտնելու հնարավորություն: Արմեն Սարգսյանը կարող է իր տեսակետն արտահայտել հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող այս իրադարձությունների մասին: Առավել եւս, երբ Սահմանադրության 128-րդ հոդվածի համաձայն, հանրապետության նախագահն իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կարող է ուղերձ հղել Ազգային ժողովին: ՈՒ քանի որ նախագահը սահմանադրության պահպանման երաշխավորն է, կարող է այդ հանգամանքն օգտագործելով, ուղերձով հանդես գալ: Եւ վերջապես, կարող է պարզապես հայտարարություն անել, իր տեսակետը ներկայացնել, ինչպես անում էր թավշյա հեղափոխության օրերին:
Փոխարենը այս օրերին Արմեն Սարգսյանը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ երկրում, որտեղից իրեն հրավիրել էին զբաղեցնելու ՀՀ նախագահի պաշտոնը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նա մեկնել է աշխատանքային հանդիպումների նպատակով: Հետո արդեն մեկնելու է Ֆրանսիա, ԱՄՆ: Ասել է թե` Արմեն Սարգսյանը ճամփորդում է` անգամ հարկ չհամարելով հեռվից ուղերձ հղել:
Մեկ փաստ էլ. ժամանակին զարմանալի զուգադիպությամբ Սերժ Սարգսյանը երկրի համար կարեւորագույն իրադարձությունների օրերին բացակայում էր ՀՀ-ից: Հիմա կարծես այդ սովորությունը փոխանցվել է Արմեն Սարգսյանին:




Լրահոս