Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի ներքին քաղաքական կյանքը բուռն զարգացումներ է ապրում: Եվ սա լիովին օրինաչափ է, քանի որ կոռուպցիան, տնտեսությունն ու քաղաքականությունը Հայաստանում վերջին 20 տարիներին անհնար է դիտարկել միմյանցից անջատ: Եվ ահա այս ուղղությամբ ցանկացած գործողություն իր բնական արձագանքն է գտնում ներքաղաքական ասպարեզում: Սա, անշուշտ, բացառապես հայկական իրականությանը բնորոշ երեւույթ չէ, եւ դրանից չի խուսափում անգամ ԱՄՆ-ի պես հզոր տերությունը:
ԱՄՆ-ում ավելի տարածված է քաղաքական կոռուպցիան, երբ մասնավոր անձինք ինչ-ինչ օգուտների կամ ֆինանսական շահերի դիմաց կարող են քաղաքական ծառայություններ մատուցել: Այդօրինակ վերջին աղաղակող դեպքերից մեկը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինի հետ պատահածն էր: Ինչպես բացահայտվեց ԱՄՆ իրավապահների կողմից, Ֆլինը ակտիվ գործակցության մեջ էր ռուսական հատուկ շրջանակների հետ, որոնց նա խոստացել էր ազդել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա եւ վերացնել հակառուսական պատժամիջոցները: Իրավապահները նաեւ կասկածներ ունեին, որ Ֆլինը մասնակից է եղել ԱՄՆ-ի դեմ լարված դավադրությանը, երբ ռուսական շրջանակները միջամտել են վերջին նախագահական ընտրություններին: Պարզվել էր անգամ, որ գեներալ Ֆլինը համաձայնության էր եկել կոնկրետ ֆինանսական պարգեւավճարի դիմաց ազդելու նախագահ Թրամփի վրա եւ Թուրքիային արտահանձնելու Էրդողանի հակառակորդ Գյուլենին: Հատկանշական է, որ բացահայտումների առաջին իսկ ազդակից հետո Թրամփը պաշտոնազրկեց Ֆլինին, որը դարձավ հասարակության պարսավանքի առարկան: Ամերիկացիները անկարող եղան ներելու գեներալի ուսադիրներ կրող անձին քաղաքական կոռուպցիայի մեջ թաթախված լինելու համար:
Եթե ԱՄՆ-ում բացահայտվող կոռուպցիոն բնույթի երեւույթները առավելապես քաղաքական են, ապա Հայաստանում բացահայտումները կապված են բնույթով սոցիալ-տնտեսական գործունեության հետ: Այս հանգամանքը, անշուշտ, պայմանավորված է պետության իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետությամբ, որոնք կանխում են կոռուպցիան ստորին օղակներում: Եթե ԱՄՆ-ում իրավապահ մարմինները յուրաքանչյուրը, ըստ էության, անկախ ինքնուրույն պետական ինստիտուտներ են եւ շատ քիչ են ազդվում քաղաքական փոփոխություններից, ապա Հայաստանում իրավիճակը բնորոշ է հեղափոխական ժամանակներին: Նախորդ 20 տարիների ընթացքում Հայաստանի իրավապահ համակարգում հակակշիռներ գոյություն չեն ունեցել: Բոլորը գործել են իբրեւ մեկը մյուսի գործունեությունը պարտակող մարմիններ` միտված կոնկրետ անձանց նեղ-անձնական շահերին: Հայաստանում, կապված քաղաքական իրադրության փոփոխության հետ, վերանայվում էին նաեւ իրավապահների գործունեության ուղղությունները, եւ առաջընթացն այդ առումով էլ պայմանավորված էր հանգամանքով, թե արդյոք թիրախում հայտնված անձինք համապատասխան վերաբերմունք ցուցաբերում էին վերին օղակների հանդեպ ու մասնավոր կապերով լուծում իրենց հարցերը: Սերժ Սարգսյանը իր վերջին հրապարակային աղմկահարույց հայտարարություններց մեկում նույնիսկ չէր էլ թաքցրել այս մասին` հայտարարելով, թե որոշ համայնքապետերի ներել է կատարած հանցանքների համար: Եվ միթե կասկած կա, որ համայնքապետերի հանցանքների մասին Սարգսյանը տեղեկացել էր իրավապահների գործունեության շնորհիվ, սակայն ներել ներքին սակարկությունների ու մաֆիային բնորոշ «ռազբորկաների» միջոցով: Ըստ այդմ` Հայաստանում կոռուպցիան սոսկ ֆինանսական մեքենայությունների մակարդակում է եղել` այսպես կոչված «թալանի» ձեւով, որը իշխանության բարձրագույն վերնախավի կողմից օգտագործվել է սեփական ազդեցությունը ամբողջ համակարգի նկատմամբ պահպանելու եւ այդպիսով իշխանավարությունը երաշխավորելու համար: Այսպիսով, Հայաստանում քաղաքական կոռուպցիայով զբաղվել է բացառապես իշխանության բարձրագույն օղակը, իսկ ստորին շերտերը սոսկ լուծել են իրենց ֆինանսական բարեկեցության խնդիրը:
Հայաստանն այս օրերին փոթորկվում է հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, որոնք բոլորի ուշադրությունը հրավիրեցին քրեածին տարրերի բախումների պատճառով` կարճ ժամանակում վերաճելով իսկական կոռուպցիոն խայտառակ բացահայտումների: Իրադրության կենտրոնում հայտնվեց ոչ անհայտ գեներալ, ՀՀԿ խմբակցության անդամ եւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, որը ձերբակալվեց ԱԱԾ-ի կողմից, իսկ վերջինիս տներում, ամառանոցում խուզարկությունները ապշեցրին հանրությանը: Ընդհանուր տրամադրվածություն ունենալով, որ պետությունը համատարած թալանի է ենթարկվում` հանրությունը ուղիղ չէր էլ տեսել կամ պատկերացրել, թե ինչով է զբաղված քրեաօլիգարխիան: Գրիգորյանի ամառանոցներում «Զինվորի բաժին» մակարգրությամբ սննդի ու իրերի օգտագործումը մասնավոր հաճույքների համար պարզապես ցնցել է հանրությանը:
Ինչպես ԱՄՆ-ում գեներալ Ֆլինի դեպքում, հայկական իրականությունում էլ Գրիգորյանի պարագան է խիստ ցցուն: Բանական հասարակությունը չի կարող հանդուրժել բացահայտված կոռուպցիան:
ԱՄՆ-ում գեներալ Ֆլինը ճիշտ ժամանակին հասկացավ, որ կարող է դառնալ քավության նոխազ, ու ստիպված եղավ համագործակցել իրավապահների հետ: Արդյունքում Ֆլինի մեղադրանքը վերանայվեց բացահայտելու համար ավելի մեծ հանցագործություն ԱՄՆ պետության դեմ: Այժմ գեներալ Մանվել Գրիգորյանը գուցե թե ունի նման հնարավորություն` փորձելով ուղղել իր գործած լրջագույն սխալը եւ հնարավորություն ստեղծելով բացահայտել ավելի մեծ դավադրություն ու դավաճանություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑԵՑԻՆ
Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աղմկոտ պատմությունների առնչությամբ վերջապես քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-րդ մասի հատկանիշներով: Գործի համար հիմք էր հանդիսացել «Համացանցում զետեղված «Արվեստի կրթօջախը վերածել են առեւտրի կենտրոնի» եւ «Ինձ 2500 դրամ աշխատավարձ են տվել, պայմանագիր էլ չեն կնքել» վերտառությամբ տեսաձայնագրությունները, որոնք պարունակել են տվյալներ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ուսանողից կաշառք պահանջելու եւ մի շարք այլ ապօրինությունների վերաբերյալ: Մոտ մեկ ամիս առաջ Կոնսերավատորիայի նախկին աշխատակիցները, ուսանողները «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիսով էին հանդես եկել: Նրանք առանձին-առանձին ներկայացրել էին այն խնդիրները, որոնց բախվել էին բուհ-ում ու Կարինե Ավդալյանի ստեղծած «Իմպրոռիթմ» վարժարանում: Եւ ահա այս բոլոր հայտարարությունները ոստիկանության համար դարձել են քննության առարկա, եւ քրեական գործ է հարուցվել: Ըստ գործի նյութերի` Գյումրու բնակչուհի Լիանա Սեֆերյանը, 2004-2009թթ. որպես դաշնամուրի դասատու աշխատելով «Իմպրոռիթմ» հենակետային վարժարանում, բանավոր համաձայնության գալով կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարինե Ավդալյանի հետ, գործարկել է կոնսերվատորիայի եւ նույն վարժարանի սննդի սպասարկման օբյեկտը: Յուրաքանչյուր ամիս նա անձամբ կամ վարժարանի տնօրեն Աշոտ Պետրոսյանի միջոցով ռեկտորին վճարել է 100-ական ԱՄՆ դոլար կոնսերվատորիայի առաջին հարկում գտնվող տարածքը եւ 40 000 ՀՀ դրամ՝ վարժարանի տարածքը որպես բուֆետ ծառայեցնելու համար: Շիրակի մարզի դատախազության դատախազ Արտյոմ Ովսյանն էլ ավելացրեց. «Նախապատրաստվող նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ բուհի դաշնամուրային բաժնի վարիչը 2012թ. պետական ավարտական քննությունների ընթացքում ղեկավարության պահանջով հյուրասիրություն կազմակերպելու պատճառաբանությամբ նույն բաժնում ուսանող Գյումրի քաղաքի մի բնակչից պահանջել է 120 000 ՀՀ դրամի կաշառք նրան քննության մասնակցել թույլատրելու եւ դրա համար խնդիրներ չհարուցելու նպատակով: Նրան է տրվել 100 000 ՀՀ դրամ գումար»:
Այժմ գործով քննչական մարմինն է զբաղվում: Հարցաքննության «Իմպրոռիթմ» արվեստի վարժարանի տնօրեն Աշոտ Պետրոսյանը դեռ չի հրավիրվել: Վերջինս մեղադրանքը, որպես զրպարտություն է որակում: Գյումրու Կոնսերվատորիայի տնօրեն Կարինե Ավդալյանը պնդում է. «Ես շատ ուրախ եմ, որ քրեական գործ է հարուցվել»: Կարինե Ավդալյանի հրաժարականին Գյումրիում դեռ սպասում են: Սակայն քրեական գործն էլ չի ստիպի Ավդալյանին հեռանալ պաշտոնից. «Ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ կապված նախկին իշխանությունների հետ»:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ՞
Հայաստանի կառավարությունն այսօր կքննարկի «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգելու մասին հարցը: Այս մասին որոշման նախագիծը կառավարությանը ներկայացնելու է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Ըստ այդմ` նախատեսվում է Հայաստանի կառավարության սահմանած կարգով ընտրված «ՎԱԲԱ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարի ժամկետով: Ի դեպ, տեղեկացնենք, որ «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան: Այս ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը խոստանում է կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նշված ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: «ՎԱԲԱ»-ն հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է նաեւ կահույքի արտադրությամբ: «ՎԱԲԱ» ընկերությանն է պատկանում Վանաձորում գտնվող «Վերնատուն» ռեստորանային համալիրը: Բացի այս, նշված ընկերությունը մասնակցել է նաեւ պետական գնումների գործընթացին, ինչպես նաեւ ժամանակին մասնակցել է պաշտպանության նախարարության կողմից հայտարարված տավարի մսի գնման մրցույթին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎԱԲԱ»-ն կահույք է մատակարարել նաեւ մարզերի դպրոցներին, մանկապարտեզներին:
Ի դեպ, իրենց ընդդիմադիր հռչակած ՀՀԿ-ականները շատ են սիրում խոսել նոր կառավարության կողմից իրենց նկատմամբ քաղաքական ռեպրեսիաների մասին: Բայց, փաստորեն, իրականությունը միանգամայն այլ է. կառավարությունն արտոնություններ է տալիս ընդդիմադիրների բիզնեսին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ