ՀՀԿ Գործադիր մարմնի հունիսի 21-ի նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը թիմակիցներին հայտնել է կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնը թողնելու մասին: Չնայած Կարապետյանը չի անդրադարձել կուսակցությունից ընդմիշտ հեռանալուն, սակայն ակնհայտ է, որ այսպիսի գործընթացները հենց դրան են տանում, եւ այս հայտարարությունն էլ սարերի հետեւում չէ: Գործադիր մարմնի նիստում Կարեն Կարապետյանի այս հայտարարությունն ի գիտոթյուն է ընդունվել:
Միեւնույն ժամանակ որպես պատճառաբանություն նա բերել է այն հանգամանքը, որ վաղուց կուսակցությունում ակտիվ գործունեություն չի ծավալում եւ ճիշտ է համարում, որ այդ պաշտոնում ակտիվ մեկը լինի: Այս որոշումը կուսակիցների համար թերեւս այնքան էլ անսպասելի չի եղել:
Մասնավոր զրույցներում նրանք եւս նշում են, թե վերջին իրադարձություններից հետո այսպիսի որոշման սպասում էին: Ավելին` նրանք նշում են, թե Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատ քիչ նիստեր են եղել, որին Կարեն Կարապետյանը մասնակցել է, իսկ մասնակցելիս էլ կրավորական դիրք է ընդունել, գրեթե չի խոսել: Ավելին` ՀՀԿ-ականներն ինչ-որ տեղ ուրախ են նրա այս որոշման համար եւ դեմ չեն, որ վերջինս լքի նաեւ կուսակցությունը, քանի որ դեռ վաղուց «ատամ» ունեն նրա վրա: Մյուս մասն էլ, հակառակը, կարծում է, որ հենց այդ ծանր պահին Կարապետյանը պետք է ոչ թե լքեր կուսակցությունը, այլ ավելի ակտիվ գործեր եւ ի ցույց չդներ կուսակցությունում առկա խնդիրները: Ամեն դեպքում, փաստ է, որ ի սկզբանե Կարեն Կարապետյանը չընդունվեց ՀՀԿ-ականների կողմից, եւ նրան դիտարկում էին ընդամենը որպես Սերժ Սարգսյանի «դաբրոն» ունեցող մեկը, որը ժամանակավոր է պաշտոնավարելու, մինչեւ լուծվեր Սարգսյանին վարչապետ դարձնելու հարցը, մինչ այդ իհարկե նրա գլխավոր ֆունկցիան 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին նոր դեմքով ներկայացնելն է եղել:
Նախ հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվել էր 2016 թվականի նոյեմբերին` վարչապետ նշանակվելուց երկու ամիս անց: Դեռ այն ժամանակ էին բոլորը նշում, թե Կարապետյանին պաշտոնը ստիպեց անդամակցել հեղինակազրկված կուսակցության: Իսկ սկզբնական շրջանում Կարապետյանի նշանակման առավելություններից մեկն էլ համարվում էր կուսակցական չլինելը, եւ դա ընկալվում էր որպես ազատ եւ անկաշկանդ գործելու կարեւոր երաշխիք: Սակայն երբ Կարապետյանն ու իր թիմն անդամագրվեցին ՀՀԿ-ին, կաշկանդվածությունն ինքնին ակնհայտ էր:
Բոլորն են հիշում, որ Կարեն Կարապետյանը կուսակցական դառնալու իր որոշման մասին հայտնել էր կառավարության նիստի ժամանակ` եւ մի քանի պատճառ բերելով, որոնցից մեկն էլ այն հանգամանքն է, որ վարչապետի պաշտոնին իրեն առաջարկել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Կարապետյանը նշել էր, թե ՀՀԿ-ն իրեն հոգեհարազատ է, հատկապես կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը: «Եվ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- նշել էր նա ու ասել, որ իր ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկություն են հայտնել միանալ այս գործընթացին` նոր սկիզբ դնելով շարժմանը:
Բայց ստացվում է, որ վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Կարապետյանի համար ՀՀԿ-ն կորցրել է հոգեհարազատ լինելու զգացումը կամ էլ ընդունելի մարդիկ լինելը: Նշենք, որ ՀՀԿ-ականներից շատերը երբեք էլ Կարեն Կարապետյանին իրենց թիմակիցը չեն համարել եւ հակառակ վերաբերմունքը եւս չեն ստացել: Հենց դա էր պատճառը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Կարեն Կարապետյանն էր ստանձնել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցողի դերը, գրեթե իր կուսակիցներին չէր տեղեկացնում իր անելիքների մասին, որից վերջիններս շատ էին վրդովվում: Եվ եթե այդ ժամանակ նաեւ քննարկումներ էին առկա հենց Կարեն Կարապետյանին այդ կուսակցության նախագահ դարձնելու մասին, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած մի քանի օրերին` նրա պահվածքից հետո, նման սցենարն ուղղակի բացառվեց: ԵՒ հիմա որոշված է, որ հենց Սերժ Սարգսյանն էլ պետք է շարունակի մնալ կուսակցության ղեկին: Սակայն բոլորն են հիշում, երբ Կարապետյանը նոր էր անդամակցել ՀՀԿ-ին, բոլորը հիացմունքով նշում էին, թե նրա այդ քայլին 7000 մարդ է հետեւել: Հետաքրքիր է` նրա դուրս գալուց հետո քանիսը նույն կերպ կվարվեն:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից փորձեց պարզել` ինչպես են վերաբերվում Կարեն Կարապետյանի որոշմանը: «Ես այդ նիստին չեմ մասնակցել, քանի որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել եմ Սևծովյան համագործակցության խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի նախագահության ստանձնման արարողությանը: Ես մանրամասներին տեղյակ չեմ: Երբ վերադարձել եմ Հայաստան եւ խոսել եմ գործընկերների հետ, իսկ նրանցից մեկը նաեւ գրառում է արել այդ մասին: Դա պարոն Կարապետյանի որոշումն է, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` որ պաշտոնին մնա, որ պաշտոնին` ոչ: Ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Կարապետյանի որոշմանը»:
Դիտարկմանը` ստացվում է, որ Կարեն Կարապետյանին վարչապետ դառնալը մղեց անդամակցել ՀՀԿ-ին եւ դառնալ կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նա նշեց. «Կարեն Կարապետյանին մենք ենք ընտրել առաջին տեղակալ, այսինքն` կուսակցությունը: Նա իմ ընկերն է, ես հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը»:
Հավելենք, որ առաջիկայում տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ էլ կորոշվի, թե ով կլինի ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ:
Նշենք, որ այս տարի նախատեսված էր անցկացնել նաեւ ՀՀԿ համագումարը: Օրենսդրության համաձայն` կուսակցություններն առնվազն երկու տարին մեկ անգամ պետք է համագումար հրավիրեն: Սակայն վերջին ներքաղաքական իրադարձությունների պատճառով չի բացառվում, որ համագումարը չանցկացվի: Ի վերջո, կարող է պարզվել` ՀՀԿ-ում շատ, շատ-շատ քիչ մարդ է մնացել:
Նաիրա Հովհաննիսյան