Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա. Ռոբերտ Քոչարյանը` պարտադիր կուտակայինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2rd.am-ը գրում է.

Ներկայացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման վերաբերյալ:

3.06.2014թ.

– Պարոն նախագահ, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ընդունումը դժգոհության զգալի ալիք բարձրացրեց երկրում: Ինչպիսի˚ վերաբերմունք ունեք Դուք, և քննարկվե˚լ է արդյոք դրա կիրառումը Ձեր նախագահության օրոք:

– Մի փոքր նախապատմություն: Հարցը ակտիվորեն քննարկվել է 2004-2005 թվականներին՝ ՀՀ ԿԲ-ի նախաձեռնությամբ: Քննարկումներն, ըստ էության, դիմակայության ձևով ընթացել են կառավարության և կենտրոնական բանկի միջև, քանի որ կառավարության միասնական դիրքորոշումը դեմ էր պարտադիր կուտակային ֆոնդի ներդրմանը:

Ինձ մոտ մի քանի խոշոր խորհրդակցություն տեղի ունեցան վարչապետի, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների և կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվում էր համաշխարհային փորձը, գնահատվեցին Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա այդ ռեֆորմների ռիսկերն ու ազդեցությունը: Կառավարության փաստարկները շատ ավելի համոզիչ էին, քան ԿԲ-ինը: Ընդ որում, ռեֆորմի իրականացնողը հանդիսանում էր հենց կառավարությունը, ոչ թե ԿԲ-ն, և պարտադրել կառավարությանը ռեֆորմ՝ ի հակառակ իր համոզմունքների, կլիներ սխալ: Այդ պատճառով էլ որոշում կայացվեց չներդնել կենսաթոշակային ապահովագրության պարտադիր կուտակային համակարգ: Այսինքն՝ մնալ մայրցամաքային Եվրոպայի կենսաթոշակային ապահովման մոդելի պարագծում, որը հիմնված է սերունդների համերաշխության սկզբունքի վրա:

Ի դեպ, խոսքը լավ կամ վատ մոդելի ընտրության մասին չէ: Երկու մոդելներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները և տարբեր երկրներում կիրառման հաջողված կամ ձախողված օրինակներ: Խոսքը վերաբերում է կոնկրետ երկրի իրադրությանը առավել չափով համապատասխանող մոդելի ընտրությանը, և դրա ներդրման հետ կապված հնարավոր ռիսկերի ճիշտ գնահատմանը: Կուտակային ֆոնդերն ամենից շատ տարածում ունեն ԱՄՆ-ում, որտեղ ֆինանսական և ֆոնդային շուկայի զարգացածության շնորհիվ կուտակումներն արդյունավետ կառավարելու, սեփական տնտեսության պարագծում պահելու լայն հնարավորություններ կան: Էֆեկտն այստեղ կրկնակի է. փողերն աշխատում են ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի տնտեսության օգտին:

Ինչպիսի˚ն է ներկայիս իրադրությունը Հայաստանում: Մի կողմից ծերացող բնակչությունը, նրա ակտիվ մասի երկրից հեռանալը վատթարացնում են աշխատողների և թոշակառուների առանց այդ էլ խնդրահարույց հանդիսացող համամասնությունը և բարդացնում աշխատող մասի կողմից թոշակառուների թոշակների վճարումը: Մյուս կողմից աղքատության աճը կուտակային հատկացումները երիտասարդ աշխատողների համար դարձնում են չափազանց զգալի և ռեալ կերպով վատթարացնում են նրանց ֆինանսական վիճակը:

Քննարկումները ցույց տվեցին, որ կուտակային հատկացումներին կառավարության մասնակցությունը բավարար շարժառիթ չէ երիտասարդության համար՝ նկատի առնելով ռեֆորմի երկարատև բնույթն ու վստահության մեծ դեֆիցիտը: Դրա հետ մեկտեղ, միևնույն է՝ դրանք հարկատուների գումարներն են:
Հայաստանը գործնականում չունի ֆոնդային շուկա և ակնհայտ է, որ կուտակված միջոցների մի մասը պարտքի տեսքով տրվելու է կառավարությանը դրա՝ պարտքային պարտավորությունների ձեռքբերման միջոցով: Կառավարությունը հարմար առիթ է ստացել մեծացնելու ներքին փոխառությունները և շատ հավանական է կխանդավառվի դրանով: Միջոցների մյուս մասը դուրս է բերվելու Հայաստանի սահմաններից, որովհետև մենք դրանք կառավարելու բավարար ֆինանսական գործիքներ չունենք: Սա դժվար է դրական հանգամանք անվանել երկրի տնտեսության համար (հաշվի առնելով նաև արդեն իսկ գոյություն ունեցող զգալի պարտքը):

Որևէ հրաշագործ լուծում այստեղ պարզապես չկա: Ակնհայտ է միայն, որ տնտեսական աճի լավ տեմպի և բնակչության զբաղվածության բարձր մակարդակի պարագայում հարցի սրությունը նշանակալիորեն մեղմ կլիներ:

Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ֆինանսական շուկանների աճ գրանցած տատանողականությունն է, ինչի հետևանքով մեծանում են թե կուտակված միջոցների կառավարման, թե դրանց մասնակի կորստի հետ կապված ռիսկերը:

Վերջին ճգնաժամի հետևանքով բազմաթիվ կենսաթոշակային ֆոնդեր լուրջ գումարներ կորցրեցին և չկա ոչ մի երաշխիք, որ այդպիսի բան էլ չի կրկնվի: Նման կորուստները փոխհատուցելու բավարար միջոցներ ՀՀ կառավարությունը չունի: Երաշխավորումը բյուջեով՝ փաստարկ է միայն միամիտների համար: Իսկ թե որքան արդյունավետ կկառավարվեն քաղաքացիների կուտակած միջոցները՝ մեծ հարց է:
Կենսաթոշակային բարեփոխման մակրոպատկերի մասին այսքանը: Չեմ ուզում մխրճվել ընդունված օրենքի խնդրահարույց մանրամասների մեջ: Դրանց մասին շատ են խոսել (և բավականին փաստարկված) կառավարության ընդդիմախոսները ինչպես ԱԺ-ում, այնպես էլ մամուլում հրապարակված տարբեր հոդվածներում և ծավալված քննարկումներում: Կարծում եմ, այդ դիտողություններից շատերին պետք էր ականջալուր լինել:
Միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե արդյոք ճիշտ վարվեց կառավարությունը՝ սկզբնավորելով պարտադիր կենսաթոշակային կուտա-կում¬ները: Ցավոք, այդ ռեֆորմի յուրահատկությունը շատ երկարաժամկետ լինելն է, և որպես կանոն, երբ խնդիրներ են ծագում, ռեֆորմների հեղինակներին արդեն քչերն են հիշում:

Իմ վերաբերմունքը ընդունված օրենքին բացասական է, նկատի առնելով ձախողվելու բարձր հավանականությունը՝ մեր քաղաքացիների միջոցների կորստով: Կարելի է հետադարձ հայացքով մոդելավորել իրավիճակը և հաշվարկել, թե կուտակումների ինչ մասնաբաժին կկորցնեին մեր քաղաքացիները ճգնաժամի պատճառով, եթե մենք 2005 թվականին ներդրած լինեինք պարտադիր կուտակումը: Ներողություն խնդրելը ինձ հաստատ չէր փրկի: Իսկ ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և, որպես օրենք՝ այն ժամանակ, երբ դրանց ոչ ոք չի սպասում:

13.06.2014թ.




Լրահոս