ՉԿԱՅԱՑԱՎ ՄԻԱԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 6 տարի է անցել Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանի այն հայտարարությունից, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կենթարկվի 2012թ-ի հոկտեմբեր ամսին:Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Օդանավակայանի վերագործարկումը քաղաքացիական կանոնավոր փոխադրումների համար ժամանակավորապես ձգձգվեց եւ մինչ այժմ էլ որեւէ լուծում չի ստացել:

Հիշեցնենք, որ 2008 թ. սկսվել է Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը: Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9-ին, սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվեց, պաշտոնական վարկածով, զուտ տեխնիկական պատճառներով:
2012թ-ի նոյեմբերին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` նշելով, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դեսպաննները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշել էր, որ Ադրբեջանն անհաջող կատակ էր արել:
Ի վերջո 2013 թ-ի փետրվարին Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովն հայտարարեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: 2014թ.-ի նոյեմբերին խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի ՊԲ Մի-24 ուղղաթիռը: Եվ դրանից հետո եւս Ադրբեջանի կողմից այդպիսի հայտարարություններ են եղել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ հասկանալու համար, թե ինչ տեղաշարժ է առկա Ստեփանակերտի օդանավակայանից կանոնավոր փոխադրումներ իրականացնելու հարցում: «Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործվում է, վերջերս եղել է շատ հետաքրքիր փառատոն, որն արդեն ավանդական է դարձել: Ուղղաթիռներ են պարբերաբար չվերթներ իրականացնում, բայց ինչ վերաբերում է կանոնավոր` Ստեփանակերտ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթներին, ապա առ այսօր այս ուղղությամբ որեւէ առաջընաց չկա», – նշեց նա:
Բաբայանի խոսքով` միակ խանգարող հանգամանքն Ադրբեջանի քաղաքականությունն է. «Դուք գիտեք, որ նրանք պարզապես վարում են ֆաշիստական, ահաբեկչական քաղաքականություն եւ եթե դիմեն պրովակացիայի, այնպես չէ, որ վախենում ենք, բայց կարող են լինել զոհեր, եւ դա կարող է բերել արդեն լայնամասշտաբ պատերազմի: Սակայն չենք հրաժարվել այդ նպատակից, եւ ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել», – հավելեց նա:
Նկատենք, սակայն, Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2011թ. ապրիլին՝ Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Սերժ Սարգսյանը, ի պատասխան Ադրբեջանի պաշտոնական անձանց այն հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է խփել այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում, ասել էր հետեւյալը. «Ես կլինեմ Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը»։
Այս հայտարարությունից մինչեւ այժմ խոսակցությունները չեն դադարում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության արդյունքը հենց Սարգսյանի խոսքերն են եղել: Դիվանագիտական աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղեւորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, թռիչքը կթողնեին, որ կայանար: Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչեւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է, որն իհարկե կապված չէ միայն չլուծված Արցախյան հարցի հետ: Բացառված չէ, որ այս հարցի ձգձգումը կապված էր հենց նախկին իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Եվ հիմա ՀՀ նոր իշխանությունների պայմաններում ռեալ հնարավորություններ են ստեղծված փոփոխությունների համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ
ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է եղել ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր` Սեյրան Սարոյանը, նրա հետեւից անգամ ԱԱԾ էր եկել: Սակայն երբ արդեն ԱԱԾ-ն Գրիգորյանին հրավիրել է իր հետ գնալու, ասել է թե` հայտարարել է ձերբակալության մասին, գեներալը ցանկություն է հայտնել վերջին անգամ տեսնել եւ հրաժեշտ տալ իր փոքր որդուն` Վազգենին: Եւ ահա Գրիգորյանի՝ շենքից դուրս գալուց րոպեներ առաջ Վազգենին ուղեկցել են հոր մոտ: Նրանք սենյակում մի քանի րոպե առանձին են մնացել, որից հետո Վազգենը դուրս է եկել, մի քանի րոպե անց արդեն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ շենքից դուրս է եկել նաեւ Մանվել Գրիգորյանը:

 

 

ՀՀԿ-Ն ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վարչապետի առաջարկած օրակարգով»: Երեկ Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում ելույթ ունենալով ու անդրադառնալով Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի՝ կոռուպցիային պատերազմ հայտարարելը պայմանավորված է նաեւ քաղաքական նպատակներով, այսինքն` արտահերթ ընտրություններից առաջ ՀՀԿ-ին զինաթափելով: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա հաջողվում է: Եվ հատկապես Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածն ապացուցում է, որ ՀՀԿ-ն քաղաքականապես որեւիցե շանս չունի դիմակայելու մրցակցությանը: Եվ առավելագույնը, որ կարող է այս իրավիճակում ՀՀԿ-ն անել, Փաշինյանի հետ համակարծիք լինելն է: Եվ Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:

 

 

ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
Ինչպես հայտնի է, հունիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Կրակեմ Հրաչ մականունով հայտնի Հրաչյա Հարությունյանին ազատեց ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում Հարությունյանին փոխարինեց Գրիգորի Հայրապետովը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե այժմ ինչով է զբաղվում Հրաչյա Հարությունյանը: «Դեռ հանգստանում եմ»: Հարցին` դեռեւս չի որոշել, թե ինչով է զբաղվելու, նախկին պաշտոնյան ասաց. «Ինչ կա որոշելու կամ չորոշելու»: Իսկ շարունակելու է մնալ ոլորտում, այս առնչությամբ Հարությունյանն ասաց. «Ես 40 տարի աշխատել եմ: Բավական է, էլի»: Հարցին` այլեւս ցանկություն չունի աշխատելու, Հարությունյանը դարձյալ կրկնեց, որ առայժմ հանգստանում է:

 

 

ԿՄԵԿՆԻ ՄԻՆՍԿ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մինսկ մասնակցելու Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանը Մինսկում մասնակցելու է Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արա Գաբրիելյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արտաշես Նիկոյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից, փոխարենը նշանակվել Նարեկ Գրիգորյանը: Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար: Նշենք նաեւ, որ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար:

 

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 88-րդ ժողովին, որի ընթացքում քննարկվելու են ֆինանսական համակարգի կարգավորմանը, բանկային գործունեության միջազգային ստանդարտներին, բանկային վերահսկողության արդի մարտահրավերներին վերաբերող ընթացիկ խնդիրներ: Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ` Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական կտա: Մարզպետն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանին, այնուհետեւ Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաեւ ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

 

 

ՈՐ ՉԿԱՇԿԱՆԴՎԵՆ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է գրել, որպեսզի ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի անդամները Կոստանյանին օբյեկտիվ քննելու համար որեւէ կաշկանդվածություն չունենան: «Այսօր (արդեն երեկ,- խմբ) առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որեւէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար։ Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ-ին ու միաժամանակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են»,- հայտարարել է նա:




Լրահոս