Հայաստանում թավշյա հեղափոխությունը կարծես թե շրջանցել է ՀՀ Արագածոտնի մարզը, հատկապես մարզպետարանը, քանի որ մարզպետարանի աշխատակազմում դեռ շարունակում են մնալ նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի կադրերը:
Արագածոտնի մարզում չեն դադարում դժգոհությունները նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանից: Նրանց պատմելով` Սահակյանը ե՛ւ մարզի գյուղերում, ե՛ւ մարզպետարանում ունի իր մարդկանց, որոնց միջոցով կարողանում է մարզում բազմաթիվ հարցեր լուծել: Ըստ մարզի բնակիչների` Սարգիս Սահակյանը իսկական պատուհաս է դարձել մարզի գլխին: Նա այդպես էլ չի հաշտվում այն մտքի հետ, որ ինքն այլեւս մարզպետ չէ: «Ժողովուրդ» օրաթերթին մարզի բնակիչները փոխանցեցին, որ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում, եւ նրանց պատմելով` մարզը Սահակյանն է կոորդինացնում ժամանակին իր նշանակած փոխմարզպետների միջոցով: Ի դեպ, նրա այս ակտիվությունը պարբերաբար դրսեւորվում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Նրանցից, օրինակ, Նունե Մովսեսյանը Արագածոտնի փոխմարզպետ նշանակվել է դեռեւս 2013 թվականին, ՀՀԿ-ական է: Իսկ մինչ այդ եղել է Աշտարակի Պ.Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի տնօրենը: Արագածոտնի մյուս ՀՀԿ-ական փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը եւս պաշտոնավարում է 2013 թվականից: Միայն փոխմարզպետ Արծվիկ Նիկողոսյանն է նոր նշանակվել` հունիսի 27-ին:
Այս մարզպետարանում անգամ աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանն է Սարգիս Սահակյանի ժամանակներից: Նրա տեղակալ Ռուզաննա Մկրտչյանը եւս: Ի դեպ, Հրաչյա Գեւորգյանը այս պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից, եւ պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մինչեւ այս տարվա նոյեմբերի 25-ը: Արդյոք նա նոյեմբերի 25-ից հետո կշարունակի պաշտոնավարել, դեռեւս հայտնի չէ: Միայն մարզպետի խորհրդական Արմինե Խերանյանն է նշանակվել 2017 թվականի սեպտեմբերին, մյուս խորհրդական Գարեգին Ոսկանյանը եւս անցած տարի է նշանակվել:
Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր: Նա վերանշանակվեց նաեւ թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ: Նախկինում, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա էր, հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը` փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը: Բայց Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաեւ հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀԿ-ն դուրս է մղվում ասպարեզից:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց նաեւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով խիստ վրդովվեց եւ այդ տեղեկությունները որակեց որպես հերյուրանք: «Նման բան չկա: Մարզպետ կա այնտեղ, ես ինչ գործ ունեմ, իրենք լավ էլ աշխատում են, իմ ինչ գործն է: Եթե դիմեն ինձ ինչ որ հարցով, ես պատրաստ եմ օգնել իրենց: Չէ՞ որ ես այս մարզի բնակիչ եմ: Բայց ես 20 տարի այդ շենքում աշխատել եմ»,- նկատեց նախկին մարզպետը: Տեղեկացնենք, որ Սահակյանը 1996 թվականին զբաղեցրել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի վարիչի, 2002 թվականին` մարզպետի տեղակալի, իսկ 2009-ին` մարզպետի պաշտոնը: Եւ 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է մարզպետի պաշտոնից, ում փոխարինեց դաշնակցական Գաբիրել Գյոզալյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` թե 20 տարի աշխատել է այդտեղ եւ այդ պատճառով չի կարողանում բաժանվել շենքից, նախկին մարզպետն արձագանքեց. «Ո՛չ, ես մարզպետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այդ շենք ոտք չեմ դրել եւ ոչ մի փոխմարզպետի հետ չեմ հանդիպել»:
Նշենք, որ Արագածոտնի մարզպետն այժմ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է, ով անցած տարվա հուլիսին նշանակվեց այս պաշտոնին, իսկ այս տարվա մայիսի 3-ին ազատվեց: Ապա այս տարվա հունիսի 1-ին կառավարության որոշմամբ վերանշանակվեց մարզպետ: Ինչպես հայտնի է, մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում եւ ազատում ՀՀ վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Իսկ տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Բայց պարզվում է, Աշոտ Սիմոնյանը կարծես թե դեռ չի պատրաստվում ՀՀԿ-ական փոխմարզպետներին փոխարինել այլ կադրերով: Ավելին` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ Սահակյանի վերաբերյալ հարցը ծիծաղ առաջացրեց: «Ծիծաղելու չափ ապատեղեկատվություն է: Եթե խոսքը այս մեկ տարվա մասին է, կարծում եմ` դրանից առաջ էլ` մարզպետի պաշտոնից ազտվելուց հետո, ես երբեւէ իրեն մարզպետարանում չեմ տեսել: Այն փոխմարզպետները, որոնք ՀՀԿ քվոտայով նշանակված են եղել, քիչ թե շատ կամ շատ թե քիչ մեծ հաշվով իրականացրել են այն գործառույթները, որոնք իրենց հանձնարարված եղել են: Իսկ ինչ վերաբերում է ներկա պահին, այդ երկու փոխմարզպետներն էլ աշխատանքից ազատվելու են: Նրանց փոխարինելու են: Կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում այսուհետ լինելու է երեք փոխմարզպետ: Փոխմարզպետների որոշումը առաջիկայում կհրապարակվի: Մենք մեր առաջարկը ուղարկել ենք վարչապետին»,- փոխանցեց մարզպետ Սիմոնյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՅՔԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ
Իջեւան համայնքի ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության խնդրանքով իրենց Իջեւանի Աբովյան 14 հասցեում գտնվող Տավուշի մարզային գրադարանի շենքից 77.68 քառակուսի մետր մակերեսով տարածք անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրելուն: Նիստում ավագանու անդամ, Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին ասել է, որ Իջեւանի վարժարանը տարածքի, դասասենյակների խնդիր ունի, հարկ է նիստում «Կարմիր խաչին» տարածք տրամադրելու հարցին դեմ քվեարկել, հետո անդրադառնալ այդ խնդրին: Տարիներ առաջ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի որոշմամբ Իջեւանի նախկին մանկապարտեզի տարածքը անհատույց տրամադրվել է Իջեւանի վարժարանին, նաեւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավանդույթ» ՓԲԸ-ին, այդ հիմնարկները նույն տարածքում են գործում:
«Ավանդույթ» ՓԲԸ-ն երեխաներին ազգային երաժշտական արվեստի ուսուցում է իրականացնում, այն շուրջ 120 սան ունի: Քաղաքապետ Վ. Ղալումյանը Հ. Ամիրյանին ասել է, որ ավագանու նիստի օրակարգում Իջեւանի վարժարանին վերաբերող հարց չկա, եթե նա ցանկանում էր օրակարգում նման հարց ներառել, պետք է աներ նախապես: Քաղաքապետը հավելել է, որ «Կարմիր խաչը» սեփական միջոցներով նորոգելու է մարզային գրադարանում հատկացվող 77.68 քառակուսի մետր տարածքը:
Ավագանու 10 անդամներից 9-ը կողմ են քվեարկել մարզային գրադարանի շենքում «Կարմիր խաչին» նշված տարածքը տրամադրելուն, միակ դեմ քվեարկածը Հասմիկ Ամիրյանն էր: Քաղաքապետը հայտարարել է, որ Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի շենքում ազատ տարածքներ կան, որոնք կարող են տրամադրվել Իջեւանի վարժարանին: Հ. Ամիրյանը հակադարձել է, որ այդ դպրոցում ազատ տարածքներ չկան: Քաղաքապետը նրան հավաստիացրել է, որ վարժարանի տարածքի խնդիրը կլուծվի: 2017թ. Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ` Բերդ քաղաքի վարժարանը լուծարվեց, ինչն առաջացրեց այդ ուսումնական հաստատության աշխատողների դժգոհությունը: Որպես լուծարման պատճառ նշվեց շենքի ոչ տիպային պայմանները:
Իջեւանի վարժարանը նույնպես գործում է ուսումնական գործընթացի համար ոչ տիպային պայմաններ ունեցող շենքում: Անցյալ տարի մարզպետ Հ. Աբովյանին հարցրի` Իջեւանի վարժարանի շենքը ոչ տիպային պայմաններ ունի, այն չի՞ լուծարվելու: Մարզպետը պատասխանեց, որ Իջեւանի վարժարանը մեծ թվով աշակերտներ ունի, վարժարանի սաները թվով 160 են: Հավելեմ, որ Իջեւանի վարժարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Հասմիկ Ամիրյանը 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ Տավուշի մարզի տարածքային թեկնածու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ