ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎՍ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ դատական համակարգում տիրող իրավիճակի դատական նիստերի ձգձգման, եւ, ի վերջո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ժամանակին մարտի 1-ի գործով կայացրած վճիռը վերաքննիչում անփոփոխ թողնելու՝ իր վճռի մասին:

-Պարո՛ն Ավետիսյան, ինչպես նկատում ենք` թավշյա հեղափոխությունից հետո դատարանները մեկը մյուսի հետեւից կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոց են կիրառում, ինչը մինչ թավշյա հեղափոխությունը մերժում էին, օրինակ, «Սասնա ծռեր», Ժիրայր Սէֆիլյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցավոր խմբի գործով:
-Բնականաբար ցանկացած փոփոխություն, այն էլ այս աստիճանի, որ կրեց մասսայական բնույթ, չեն կարող այն առումով անտարբեր մնալ իրավաբանները, դատավորները: Այլ հարց է, որ ամեն մի փոփոխություն չէ` կյանքում կարող է փոփոխություն առաջացնել կոնկրետ գործով որոշում կայացնելուն: Ի վերջո, քրեական գործի հանգամանքները դրանցից չեն փոխվում, ողջունելի է, որ այն ստերիոտիպերը, որ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, միգուցե կաշկանդվածություն, համարձակությունը, ճիշտ ժամանակին կողմնորոշվելու եւ արդարացի որոշում կայացնելու, այստեղ մշտապես խնդիրներ եղել են, եւ դա բնական է, որ դատավորներն էլ սովորական մարդիկ են եւ ապրում են այն կյանքով, որը գոյություն ունի, այնպես որ, այս առումով տենդեցները դրական են: Դուք խոսեցիք խափանման միջոցների հետ կապված… հաճախ մեզ քննադատում են եւ իրավացիորեն են քննադատում, որ քննիչների կողմից բերված միջնորդությունների շուրջ 95 տոկոսը բավարարվում են դատարանների կողմից: Կցանկանայի անդրադառնալ այս կարեւորագույն հարցին եւ առաջարկություններ անել, թե ելքն ինչպես եմ տեսնում: Ցավոք, այսօր գործող օրենքի համաձայն` գրավը ոչ թե ինքնուրույն, այլ այլընտրանքային խափանման միջոցի տեսակ է, այսինքն` անձի նկատմամբ սկզբում պետք է կալանավորում ընտրվի, հետո նոր գրավ կիրառվի, դա բերում է նրան, որ դատավորները երբեմն ստիպված են կալանք ընտրում այն հաշվառմամբ, որ հետագայում պաշտպանության կողմը միջնորդություն կանի, ինչն արատավոր պրակտիկա է: Բացի այդ օրենքը` հստակություն չի մտցնում, թե վերջին հաշվով դատարաններն իրենց նախաձեռնությամբ կարո՞ղ են գրավ կիրառել, թե՞ ոչ: Առկա նորմերը վերլուծելով` նախաքննության ընթացքում դատավորը չի կարող գրավ կիրառել, պետք է պաշտպանության կողմը դիմի միջնորդությամբ, դա էլ լուրջ բացերից է: Այսինքն` օրենքում պետք է մի շարք փոփոխություններ իրականացնել եւ այդ փոփոխությունների փաթեթը ես պատրաստել եւ ուղարկել եմ ե՛ւ Արդարադատության նախարարին, ե՛ւ Բարձրագույն դատական խորհրդին:
-Տպավորությունն այնպիսին է, որ բացը միայն օրենքի մեջ է, բայց շատ դեպքերում պատկերը այդպես չէ:
-Ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ դատարաններն առանց բավարար հիմքերի խափանման միջոց են ընտրում կալանավորումը: Քիչ չեն դեպքերը, երբ ուսումնասիրում ես, տեսնում ես` երկու ամսով երկարացվել է կալանքը, սակայն այդպես էլ քննիչը չի տեսել մեղադրյալին:
-Կարող ենք ենթադրել, որ դատավորներն ու քննիչները ներքին պայմանավորվածություն ունեն առանց բավարար հիմքերի մարդու ամիսներով կալանքի տակ թողնել: Կարծես թե մեկը մյուսին լավություն են արել:
-Ես չէի ասի, որ համագործակցություն է եղել, միեւնույն ժամանակ չեմ կարող բացառել, բայց դատարաններն էլ այս հարցում անելիքներ ունեն:
-Դատարանները կոնկրետ քրեական գործերով նիստերն անց են կացնում ամիսը մեկ անգամ, հիմա էլ կան դատավորներ, որ գնում են արձակուրդ, եւ ՔԿՀ-ներում գտնվող անձինք պետք է երկու ամիս նստեն, սպասեն, որ դատավորները արձակուրդից գան եւ իրենց գործը քննեն: Սա մեծ աղմուկ է բարձրացրել կալանավորների հարազատների շրջանում:
-Շատ հրատապ հարց է, բերեմ մեկ օրինակ` Վճռաբեկ դատարանը վերջերս մեկ բողոք է ընդունել, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալի պաշտպանը միջնորդությամբ է դիմել, որ խափանման միջոցը կալանքը գրավով փոխարինվի, եւ դատավորը հաջորդ օրը պետք է մեկներ արձակուրդ եւ այդ պատճառաբանությամբ դատարանը այդ միջնորդությունը քննության չի առել, եւ ստացվել է, որ 35 օր այդ միջնորդությունը մնացել է անպատասխան: Հիմա այդ բողոքը ընդունել ենք վարույթ եւ իրավական դիրքորոշում կհայտնենք այդ խնդրի հետ կապված: Մեր դատավորները պետք է շատ զգույշ լինեն, դատավորը պետք է ամեն ինչ անի, որ քննության առնի, նոր մեկնի, հակառակ պարագայում մենք այս հարցով կարող ենք հետագայում լուրջ խնդիրների առաջ կանգնեք, եթե դատավարության մասնակիցները այս հարցով դիմեն Եվրոպական դատարան: Անընդունելի է, որ շաբաթներ շարունակ դատավորը գտնվի արձակուրդում, եւ այս կարգի միջնորդությունը, որ հարուցվել է, քննության առնված չլինի:
-Դուք այն դատավորն եք եղել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի դեպքերով շինծու քրեական գործի դատավճիռը` նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին, թողել եք անփոփոխ: Հիմա զղջացե՞լ եք:
-Դուք նշեցիք, որ մեղադրական դատավճիռը թողնվել է անփոփոխ, ես լրացում անեմ, որ մասնակի արդարացում է եղել, եթե ազդեցություններ լինեին, երեւի թե ես կգտնվեի ազդեցության տակ եւ գլխավոր դատախազության բողոքը այդ մասով չէի մերժի, այնպես որ դա այդպես չէ: Ինչ վերաբերում է զղջալուն կամ չզղջալուն, գիտեք` կա կոնկրետ գործի հանգամանքներ, կա օրենք, օրենսդրություն, եւ 1991 թվականից ես դատական համակարգում եմ եւ չեմ հիշում մեկ դեպք, որ ես զղջամ: Իհարկե, չկա անսխալ դատավոր, բայց դատավորի գործունեությունը նաեւ պետք է գնահատենք` ուսումնասիրելով նրա գործունեությունը:
-Հիմա ՀՀ վարչապետի գործով զղաջե՞լ եք, թե՞ ոչ:
-Որեւէ բացառություն չեմ անում, բոլոր գործերը հավասար են օրենքի առաջ, եւ դատավորը պարտավոր է իր խղճով օրենքի ուժով եղած փաստական տվյալներով, հանգամանքներով կայացնել որոշում, որը կարող էր բողոքարկվել դատական կարգով:
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դտել Armlur.am լրատվական կայքում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 29-ին որոշել է Կարեն Ադամյանին ազատել Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: 2014թ. հուլիսի 26-ից Տավուշի մարզպետի տեղակալ աշխատած Կ. Ադամյանը Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի որդին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Ավետիք Ադամյանի, այդ անտառտնտեսության 2 անտառապետերի, բնապահպանության նախարարության մի քանի պաշտոնատարների վերաբերյալ քրեական գործով դատաքննություն: Վարչապետ Փաշինյանը հուլիսի 2-ին որոշումներ է ընդունել Վարդան Ալեքսանյանին եւ Կարեն Խուդավերդյանին Տավուշի մարզպետի տեղակալներ նշանակելու մասին: Վ. Ալեքսանյանը ՀՅԴ անդամ է, 2016թ. մարտից է զբաղեցնում Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնը: 48-ամյա Կ. Խուդավերդյանը ծնվել է 1970թ. սահմանամերձ Բերքաբեր գյուղում, ծառայել խորհրդային բանակում, ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը, որպես ինժեներ աշխատել է Իջեւանի գազի ձեռնարկությունում: 1995-2000թթ. աշխատել է «Իջեւանյան գորգեր» ընկերությունում` պաշտոնավարելով հերթափոխի պետից մինչեւ արտադրության ղեկավար: 2000թ. աշխատանքի է անցել ՀՀ զինված ուժերում, եղել է ջոկի, ապա վաշտի հրամանատար, այնուհետեւ ավտոմոբիլային ծառայության պետ: 2008թ. կապիտանի զինվորական կոչումով արձակվել է ԶՈՒ պահեստազոր: Կ. Խուդավերդյանի կենսագրությունում 2008-2018թթ. գործունեության մասին ոչինչ նշված չէ: Նա չի նշել` կուսակցակա՞ն է, թե՞ անկուսակցական: Նրա լուսանկարները համացանցում զետեղված չեն: Անգամ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Խուդավերդյանի կենսագրությունը ներկայացված է առանց լուսանկարի:

 

 

ԴԱՏԱՐԿ ԵԹԵՐ
Տեւական ժամանակ է` Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում: Այն փաստաթղթերով Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչի սեփականությունն է, սակայն փաստացի Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին է պատկանում: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս հեռուստաընկերության խնդիրներին, տեղեկացրել, որ այն հարկային տեսչությանը, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դրամի պարտք ունի: Տավուշցիներին հասանելի չեն նաեւ Իջեւանի «Իջեւան ստուդիա» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների ծրագրերը: Դրանք փոքր տարածքի հեռուստալսարանի համար հեռարձակում էին անալոգային հաղորդումներ, մարզի բնակիչները այժմ դիտում են միայն թվային հեռուստահաղորդումներ: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիո հաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից 2 միլիոն 559 հազար 550 դրամ բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ հայցով հերթական նախնական նիստը նշանակված է հուլիսի 31-ին: Տավուշի մարզում տեղական որեւէ ռադիոընկերություն չի գործում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԱՑՆԵԼ ՄԹԵՐՔԸ

ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն, Հայթաղ, Արտիմետ, Ծիածան, Հովտամեջ գյուղերի բնակիչները կանգնած են գյուղմթերքի իրացման խնդրի առաջ: Նրանք տոննաներով գազար, կարտոֆիլ եւ գլուխ սոխ ունեն, որը տեւական ժամանակ է, ինչ չեն կարողանում իրացնել: Գյուղացիները մտահոգված են, քանի որ չեն կարողանում այն ներքին շուկայում սպառել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը նոր տարբերակ է գտել գյուղացիների գյուղմթերքը իրացնելու համար: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե մարզում քանի կգ կամ տոննա գյուղմթերք կա, որը հնարավոր է ձեռք բերել անմիջապես գյուղացիներից շուկայական ցածր գներով: Ըստ այդմ, մարզում այժմ առկա է իրացման ենթակա բարձրորակ 200 տոննա գազար, 7 հազար տոննա սպիտակ գլուխ սոխ եւ 20 հազար տոննա կարտոֆիլ: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Գյուղացիները մշտապես բախվում են գյուղմթերքի իրացման խնդրի հետ: Դրա համար էլ մենք փորձում ենք այսկերպ հավանական գնորդներ գտնել, նրանց ուղղորդենք, որպեսզի գյուղացիներից անմիջապես ձեռք բերեն մթերքը: Կարտոֆիլը, գլլուխ սոխը չի մթերվում, պետք է արտահանվի»:
Մեր զրուցակցից տեղեկացանք, որ հայտարարության հետքերով 40 զանգ է ստացվել: «Հետաքրքրվողներին տվել եմ գյուղապետերի հեռախոսահամարները, որոնց հետ կարող են կապ հաստատել` գյուղմթերքը գնելու համար: Առայժմ 7-8 համայնքում կա գազար, սոխ, կարտոֆիլ: Եթե տեսնենք` այս տարբերակը գործում է, կամ արձագանք կա, ապա գյուղմթերքի մյուս տեսակների մասով էլ հայտարարություն կտարածենք»,- նկատեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս