ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետեւ դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով եւ թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաեւ հանգամանքը, որ դեռ մինչեւ վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, եւ այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը: Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաեւ ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել: Երեկ ոմանք հեռուն գնացող հետեւություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչեւ 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետեւաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ:
Ինչեւէ, Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաեւ քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի:

 

 

 

Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի եւ Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: Հիշեցնենք` նրանք աստիճանազրկվել էին 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար: Այդ օրերին աշխատանքից ազատվել էին ԱԳՆ այլ դիվանագետներ եւս՝ ընդհանուր թվով 10 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ դեռեւս նման հանդիպում չի եղել, նաեւ դժվարացավ ասել, թե կկայանա հանդիպումը: Ու քանի որ այսօր Փաշինյանը մեկնում է Բրյուսել, չի բացառվում՝ նա այդ հարցով զբաղվի վերադառնալուց հետո: Մինչ այդ նկատենք, որ 2008թ. համաժողովրդական շարժման օրերին դիվանագետները հեռացվեցին ու աստիճանազրկվեցին քաղաքացիական կեցվածքի համար, եւ հիմա, երբ տասը տարի անց համաժողովրդական շարժման արդյունքում լեգիտիմ իշխանություն է ձեւավորվել, վարչապետ Փաշինյանի հանդիպումը նրանց հետ նույնիսկ խորհրդանշական բնույթ կունենա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մ.Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, եւ ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով: Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե գործարանը դեռեւս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է. «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. է վաճառվել»: Հ.Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, փաստորեն, իրենց պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր պայմաններում:

 

 

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին խորհուրդ է տվել ծննդյան օրվա առթիվ միմյանց գրքեր նվիրել: Կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանը խոսել է Հայաստանում, հակապես կառավարության անդամների շրջանում ընթերցանությունը խթանելու մասին` հայտարարելով. «Հույս ունեմ, որ մեր աշխատանքը կարող ենք կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականության ընթերցանությանն էլ բավարար ժամանակ տրամադրենք»: Միաժամանակ նա նախարարներին է տվել «Անտարես» հրատարակչությունից նվեր ստացած գրքերը:
Փաշինյանի նախաձեռնությունն իսկապես կարեւոր է: Վերջին քսան տարում Հայաստանում ընթերցանությունը պետականորեն այդպես էլ չի խրախուսվել: Նախկին իշխանություններն ընթերցանության մասին խոսել են բացառապես փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրվա շրջանակներում: Այդպես վարվում էին նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ կառավարության անդամներին եւ պատգամավորներին երբեմն նվիրելով գրքեր: Այս տարի գիրք նվիրելու օրը հրատարակիչներին հանդիպել էր դեռեւս նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկել գրահրատարակչության ոլորտում առկա խնդիրները եւ վերջ: Ամեն ինչ արվել է` զուտ արարողակարգից ելնելով: Խոսել են այդ օրն ու հետո մոռացել` այդպես էլ չփորձելով քաղաքացիների մոտ դառնալ օրինակ: Պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այս ընթացքում այդպես էլ չի խոսել որեւէ գրքի բովանդակության մասին, չի ներկայացրել իր կարծիքն ու մոտեցումները, ըստ այդմ` քաղաքացիների համար օրինակ չի ծառայել: Ընդհակառակը, քսան տարի շարունակ Հայաստանում մարդկանց մեջ փորձել են սերմանել միանգամայն այլ արժեհամակարգ, որտեղ, սակայն, գրագիտությունը տեղ չուներ: Այս առումով հավանաբար, հիշում եք խորհրդարանում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի ելույթներից մեկը, երբ Լեզվի մասին օրենքի շրջանակներում հայտարարել էր. «Եթե ունես գիտելիք, դա քո` հասարակության մեջ հեղինակությանը ոչինչ չի ավելացնում. եթե փող ունես, ավելացնում է, եթե ատրճանակ ունես գրպանում եւ չես վախենում, որ ձեռքիցդ ոստիկանները կխլեն, լկտի ես, ավելացնում է, վզիդ դիամետրը համապատասխան թվից մեծ է, գողական ընկերներ ունես, հեղինակությունդ ավելանում է, գիտելիք ունես, չի ավելանում»:
Թավշյա հեղափոխությունից հետո կարծես նաեւ այս հարցում է փոփոխություն եղել. վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը հավատ է ներշնչում, հավատ առ այն, որ Հայաստանում վերջապես կգնահատվեն լուրջ արժեքները եւ մարդկային որակները:




Լրահոս