«ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԹԱԼԱՆԸ, ԱՅԼ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին տեղի կունենան Հայաստանի գրողների միության համագումարն ու միության նախագահի ընտրությունները: Միության նախագահի պաշտոնում, սակայն, որքանով հայտնի է, բացի ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գրողների միության պաշտոնաթերթ համարվող «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ:

-Տիկի՛ն Խոդիկյան, ինչու՞ նոր թեկնածուներ ի հայտ չեն գալիս, եւ որքանո՞վ է նպատակահարմար, որ միությունը կրկին Էդվարդ Միլիտոնյանը ղեկավարի:
-Թե ինչու այլ թեկնածուներ չկան, չեմ կարող պատասխանել, իսկ թե որքանով է նպատակահարմար, որ Էդվարդ Միլիտոնյանը նախագահի, դրա պատասխանը կստանաք հուլիսի 11-ին, երբ համագումարը քվեարկությամբ կընտրի նախագահին:
-Միության ներսում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ թավշյա հեղափոխության ժամանակ միությունից թույլ չեն տվել, որ հրապարակվի միության անդամ այն գրողների անունները, որոնք սատարել են շարժումը: Ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:
-Ո՛չ: Ես կարող եմ խոսել միայն որպես «Գրական թերթի» խմբագիր: Երբ շարժումը նոր էր սկսել, ես կոլաժ սարքեցի, գրեցի «Սա դեռ սկիզբն է…»: Դրանից հետո թեմայի շուրջ բազմաթիվ հոդվածներ են տպվել: Մեր գրողներից շատերն այդ օրերին հրապարակում էին: Իսկ ովքեր չէին կարող հրապարակում գտնվել, միեւնույն է, իրենց աջակցությունն էին հայտնում: Սուրեն Մուրադյանը, ով 90-ն անց է, վարչության նիստի ժամանակ գրություն էր բերել եւ նշել, թե ինչպես է աջակցում հեղափոխությանը: Դա տպվեց թերթում: Միլիտոնյանը միշտ ասում է՝ Գրողների միության 400-ից ավել անդամներից ամեն մեկն իր հայացքն ունի, ամեն մեկն իր սկզբունքի տերն է: Համենայն դեպս, ես՝ որպես «Գրական թերթի» խմբագիր, երբեք ճնշումների չեմ ենթարկվել:
-Որպես դրամատուրգ` Հայաստանում վերջին երկու ամսվա իրավիճակի վերաբերյալ խմորումներ ունեցե՞լ եք: Հնարավո՞ր է՝ մի հետաքրքիր գործ ներկայացնեք:
-Օրինակ՝ երբ ամիսներ առաջ հայտարարվեց Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված մրցանաբաշխություն, ես երկու ընտանիքի մասին պատմություն գրեցի՝ ներկայացնելով, թե ինչպես են հարեւանները դիմագրավել իննսունականների պատերազմին, մթին, ցրտին, սովին, եւ թե ինչպես է 2008-ի մարտի 1-ը նրանց համար դարձել փորձաքար: Բայց մենք, ցավոք, չունենք թատրոն, որը շատ արագ կարձագանքի մեկ օրվա, շաբաթվա, թեկուզ ամսվա կարեւոր դեպքերին, այնինչ դա մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Եթե հիմա որեւէ ռեժիսոր Ձեր ասած թեմայով ներկայացում բեմադրելու ցանկություն ունենա, ես երեք օրում կնստեմ եւ այս օրերի մասին դրամատուրգիայի լեզվով կպատմեմ, այդ օրերի զգացումները կփոխանցեմ: Բայց քանի որ մենք նման թատրոն չունենք, թողնում ենք, որ թեման ավելի խորանա, դրամատուրգիական լուրջ նյութ դառնա:
-Այս օրերին, Ձեր բնորոշմամբ, ներքին քաղաքական կյանքում ի՞նչ փուլ ենք թեւակոխել:
-Վերջին երկու ամսում բավական դժվար բարոյահոգեբանական կտտանքների միջով անցանք: Գիտեինք, որ մեզ թալանել են, գռփել են, բայց չէինք պատկերացնում, թե այդ ամենը ինչ աստիճան անբարոյական ձեւով են իրականացրել: Հաճախ մեզ զարմացնում է ոչ թե թալանը, այլ այն այլասերությունը, որն ուղեկցել է այդ թալանն իրականացնելուն: Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ մեր մեջ ամրանում է հետեւյալ մտայնությունը՝ կա հանցագործություն, ուրեմն պետք է լինի նաեւ պատիժ, բայց միայն օրենքի համաձայն, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է ամենավերջին սրիկային: Այս առումով մենք ճիշտ ճանապարհի վրա ենք կանգնած: Օրենքը կարող է գերակայել, եթե այն հավասարապես տարածվի բոլորի վրա:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՍԻԼՎԱՆ ԻՆՉՔԱՆ ՄԵԾԱՑԱՎ, ԱՅՆՔԱՆ ԽԵԼՈՔԱՑԱՎ»

Օգոստոսին երգչուհի Սիլվա Հակոբյանը համերգով հանդես կգա Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նրա պրոդյուսեր, հայր Հակոբ Հակոբյանը: Հենց Լոս Անջելեսում էլ երգչուհին կանցկացնի իր ամառային հանգիստը. «Երբ Սիլվան փոքր էր, շատ ակտիվ էր, հետո ինչքան մեծացավ, այնքան խելոքացավ: Հիմա նա նախապատվությունը տալիս է պասիվ հանգստին»,-ասաց պրոդյուսերը:

Մի քանի օրից երկրպագուների դատին կհանձնվի նաեւ Սիլվայի նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Արբել եմ սիրուց» երգի հիման վրա: Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, գործիքավորումն արել է Էդգար Հակոբյանը:
Քանի որ արդեն մի քանի տարի է՝ Սիլվա Հակոբյանի երկրպագուները սպասում են երգչուհու մեծ մենահամերգին մայրաքաղաքում, իսկ վերջինս էլ պարբերաբար նշում է, որ պլանավորում է նման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այն, չգիտես` ինչու, կյանքի չի կոչվում, հարցրինք, թե Երեւանում այս տարի սպասենք արդյոք Սիլվայի մենահամերգին, իսկ պրոդյուսերը պատասխանեց. «Այս տարի երեւի չենք հասցնի, քանի որ աշնանը մեծ տուր է լինելու Ղազախստանի, Վրաստանի եւ այլ երկրների 30-40 քաղաքներում: Մյուս տարի արդեն ցանկություն ունենք Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես համերգային շրջագայություն կազմակերպել: Մարտին Սիլվան կերգի Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, ապրիլին՝ Մոսկվայում՝ Կրեմլում, իսկ մայիսին՝ Լոս Անջելեսում. դահլիճը դեռ որոշված չէ»:
Պրոդյուսերը նաեւ տեղեկացրեց, որ Սիլվան նոր երգ ունի, անունը՝ «Մարիաննա»: Նրա երկրպագուները խնդրել են Սիլվային իրենց դստեր մասին երգ կատարել, վերջինս էլ չի մերժել. «Դա, կարելի է ասել, պատվերով երգ է: Հեղինակը կրկին Մանե Հակոբյանն է: Սիլվան էլի ունի պատվերով ստեղծված երգեր՝ «Պապա», «Մամա», «Մռութիկը» եւ այլն: Դա աշխարհում ընդունված պրակտիկա է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՆՎԻՐՎԱԾ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ` նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը:

 

 

ՆՈՐ ԱԿՈՒՄԲ
Ֆրանսիական «Նիսի» կիսապաշտպան Ժան Միշել Սերին այս ամռանը նոր ակումբ կունենա: Խաղացողը գտնվում է Լոնդոնում ու համաձայնության է եկել «Չելսի»-ի հետ: Չնայած այս ամենին` տրանսֆերը կարող է չկայանալ, քանի որ «թոշակառուների» նախագահ Ռոման Աբրամովիչը դեռեւս չի կարողանում լուծել վիզայի հարցերը եւ այցելել Բրիտանիա: Հաղորդվում է, որ տրանսֆերը ձախողվելու դեպքում Սերիին պայմանագիր կառաջարկի լոնդոնյան մեկ այլ ակումբ` «Արսենալ»-ը:

 

 

ԲԱՏԻՍՏԱՆ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
Արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Բատիստան, որը ՀՀ է ժամանել Հայաստանի պատանեկան հավաքականների հետ աշխատելու համար, խոսել է նախապատրաստական ծրագրի մասին: Բատիստան պարզաբանել է, թե ինչու է կարեւոր, որ ակումբներից ֆուտբոլիստները շաբաթական երեք անգամ հրավիրվեն հավաքական, այնուհետեւ մեկնեն իրենց ակումբների ճամբար:

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ
2013թ. ՀՀ ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լիվերպուլ» չի տեղափոխվել, քանի որ ֆիզիկապես պատրաստ չի եղել Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալուն: Այս մասին Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սելթիկ» խաղից առաջ ասել է շոտլանդական թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Մասնագետը «Լիվերպուլ»-ը գլխավորել է 2012-15 թթ.: «Ես խոսել եմ Մխիթարյանի հետ, ու երկար խոսակցություն է եղել: Այդ ժամանակ նա ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր լիգայում խաղալուն ու տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Նա կատարյալ ֆուտբոլիստ է` արագ, տեխնիկապես հարուստ ու տաղանդավոր»,-ասել է Ռոջերսը:




Լրահոս