Ինչ քայլեր են ձեռնարկելու 2008-ին չարածի համար դատապարտված անձանց արդարացման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ իշխանության օրոք որպես 2008թ մարտի 1-ի արյունալի իրադարձությունների պատասխանատու հարուցված քրեական գործերով մեղադրյալի աթոռին հայտնվեցին ԱԳ նախկին նախարար, այժմ Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Աբովյանի նախկին քաղաքապոտ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը: Ավելի ուշ այդ գործի շրջանակներում դատապարտվեց նաեւ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրանց մեղադրանքներ էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար:

Սասուն Միքայելյանին, ի լրումն 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքնե, ներկայացվել է մեղադրանք ապօրինի զենք կրելու համար: Արդյունքում վերջիններս անգամ դատարանի վճռով ազատազրկման դատապարտվեցին, օրինակ` Սասուն Միքայելյանը 8 տարվա ազատազրկման, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 7 տարվա, Հակոբ Հակոբյանը մարտի 1-ի համար դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց:

Ինչեւէ, 10 տարի անց, ինչպես նկատում ենք, իրավիճակ է փոխվել, եւ հիմա ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ասել է թե` գործի քննությունը գնում է այն ուղղությամբ, որ ներկայումս մեղադրյալ են այն մարդիկ, որոնց թեթեւ ձեռքով կալանավայրերում հայտնվեցին ինչպես մի խումբ քաղաքացիներ, այնպես էլ քաղաքական գործիչներ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ հասկանալու համար, թե նախկինում չարածի համար դատապարտված անձանց արդարացման համար ինչ քայլեր է պետք իրականացնել: Ըստ պաշտպանի` միանշանակ էր, որ իշխանությունը զավթած թիմը, խախտելով սահմանադրությունը, իշխանությունը զավթելու նպատակով իրականացրեց այդպիսի սպանդ, եւ մի շարք անձինք դատապարտվեցին. «Այս օրերին, երբ մենք իսկապես գնում ենք դեպի ժողովրդավարական, իրավական, դեմոկրատական պետության, օբեկտիվորեն այդ քրեական գործերը պետք է քննվեն եւ համոզված եմ, որ օբյեկտիվ քննության արդյունքում պետք է հանվի իրական պատկերը:

Այս պարագայում ես կարծում եմ, որ մարտի 1-ին տուժած քաղաքացիները, որոնք 100-ից ավելին են, պետք է տուժող ճանաչվեն, սպանության տուժողի իրավահաջորդները պետք է պահանջներ դնեն: Եթե հիշում եք, 130-ից ավելի մարդիկ անհիմն դատապարտվեցին ծանր հանցագործությունների մեղադրանքով: Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ մարդկանց նկատմամբ կա ուժի մեջ մտած դատավճիռ, եւ երբ որ պահը գա, նրանք պետք է բոլորը իրադրության փոփոխության հիմնավորմամբ դիմեն ՀՀ վճռաբեկ դատարան, իրադրության փոփոխությունով վերացնեն այն գործերը եւ արդարացվեն, որից հետո կարծում եմ, երբ բոլորը պետք է ճանաչվեն այս պահին սկսված եւ շարունակվող քրեական գործով նաեւ տուժած անձինք, քանի որ կրել են բարոյական, նյութական վնասներ, եւ բոլորը պետք է ներկայացնեն իրենց պահանջները քաղաքացիական հայցերի մասով, ահա այսպես եմ տեսնում ընթացքը»:

Քնար Մանուկյան




Լրահոս