ԽԻՍՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո ճանապարհային ոստիկանությունը մեղմացրել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականությունը: Միայն թե դրանից հետո հատկապես մայրաքաղաքում ճանապարհային երթեւեկությունը դարձել է գրեթե անվերահսկելի: Իսկ պատահարների վիճակագրությունը պարզապես մտահոգիչ է. դրանք ավելացել են գրեթե երկու անգամ, հատկապես հունիսին: Բանն այն է, որ մայիսի 23-ին ՀՀ մի շարք բնակավայրերից, մայրաքաղաքի մի շարք փողոցներից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը, եւ վարորդները շատ հաճախ մեքենաները վարում են, մեղմ ասած, անկանոն:
ՀՀ ՃՈ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում գրանցվել է 283 ՃՏՊ, որի արդյունքում եղել է 26-ը զոհ, 409 վիրավոր: Մայիսին գրանցվել է 311 ՃՏՊ, 14 զոհ, 442 վիրավոր: Հունիսին ՃՏՊ-ի թիվը կտրուկ աճել է` դառնալով 349, զոհերի թիիվը 24 եւ վիրավորներինը` 541:
Մինչդեռ 2017թ ապրիլին նույն ՃՈ-ի կողմից արձանագրվել է 264 ՃՏՊ, որից 20 զոհ, 367 վիրավոր, մայիսին ՃՏՊ-ների թիվը եղել է 269, 22 զոհ, 406 վիրավոր, հունիսին եղել է 332 ՃՏՊ, 25 զոհ, 454 վիրավոր:
Իսկ ահա հուլիսի 1-ից մինչեւ 11-ը ներառյալ այս տարի արձանագրվել է 169 ՃՏՊ, որից 15 զոհ, 238 վիրավոր, նախորդ տարի՝ 123 ՃՏՊ, 16 զոհ 178 վիրավոր:
Դեռ պարզ չէ՝ արդյոք ՃՏՊ-ների քանակը ավելացել է հենց այն վայրերում, որտեղից հանվել են արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը: ՃՈ-ում այս թեմայով ուսումնասիրություններ եւ վերլուծություններ են արվում: Բայց պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված թվերը հուշում են, որ իշխանությունը պետք է որոշակի խստացնի երթեւեկության կանոնների պահպանմանը հետեւելը: Այլընտրանքը՝ ՃՏՊ-ների, դրանց հետեւանքով՝ զոհերի թվի աճն է:

 

 

 

Չի բացառվում, որ Երեւանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետ. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երեւանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորությունները՝ լուծարելով այն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ ե՛ւ ԱԺ, ե՛ւ ավագանու արտահերթ ընտրութուններն անցկացվեն միեւնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Հայաստանում «անհետացել են» անձինք, ովքեր, ըստ շրջանառվող լուրերի, զբաղվել են թմրանյութի ձեռքբերման եւ դրա վաճառքի գործընթացով: Արդյունքում՝ թմրանյութերի «բիզնեսը» ՀՀ-ում ճգնաժամային իրավիճակում է: Թմրանյութերի վաճառքի, ձեռքբերման գործընթացը փակուղի մտավ թավշյա հեղափոխությունից հետո, քանի որ, ըստ լուրերի, վերոնշյալ հիմնական գործով զբաղվող անձինք փախուստի դիմեցին Հայաստանից: Օդում կախված լուրերի համաձայն` այս բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում նրա տանը հայտնաբերվել էր թմրանյութ, զենքեր: Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:

 

 

 

Անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու թավշյա հեղափոխության օրերին ինքն ակտիվ չէր: «Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի»,- ասել է անվանի երաժիշտը: Հիմա նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն ստանձնել: «Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի»: Միաժամանակ, Գասպարյանի համոզմամբ, «Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի»: Նա անդրադարձել է նաեւ նոր իշխանությունների իրականացրած կոռուպցիոն բացահայտումներին. «Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն»:

 

 

 

ՍԿԶԲՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, մասնավորապես, Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձն ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Ընդգծելով, որ ԼՂ հարցն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի քննարկումների ձեւաչափի հետ, եւ որ ՆԱՏՕ-ն ինքն է մշտապես հետեւողականորեն հայտարարել՝ այդ հակամարտության կարգավորման գործում որեւէ դերակատարություն չունի` Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, վերահաստատում է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ պետք է դիտարկել որպես հարձակում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խաղաղության դեմ: Վերջերս Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրված հրադադարի խախտման եւ սադրանքների դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում Բաքվի հանձնառությունը խաղաղության գործընթացին»: Միաժամանակ Փաշինյանը վերահաստատել է ձեռք բերված նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը, մասնավորապես, Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերվածները: «Դրանք, ի թիվս այլոց, ուղղված են խաղաղության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը եւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը»,- ասել է նա:
Փաշինյանը, վերահաստատելով ԼՂ խնդրում ՀՀ հանձնառությունը, միաժամանակ, որոշակի կոշտացնում է իր դիրքորոշումը, երբ խոսում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու մասին, այլ նախեւառաջ պահանջում, որպեսզի Ադրբեջանը վերանայի իր դիրքորոշումն ու խաղաղության համար նպաստավոր պայմաններ ստեղծի, վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնի: Ասել է թե` նա անուղղակի հասկացրել է, որ բանակցություններն իմաստ կունենան միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն իսկապես ընթանա խնդրի կարգավորման ուղիով: Այդ դեպքում արդեն կարող է լինել բովանդակային զրույց, այլ ոչ թե ժամավաճառություն:
Պատահական չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարեցին, թե քննարկել են հաջորդ քայլերը եւ պարամետրերը կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում, նաեւ հետագա հանդիպումների շուրջ մի շարք հարցեր, այդ թվում վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք հնարավոր քայլեր: «Համանախագահները կարեւորել են լարվածության նվազեցման եւ ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս