Հյուսիս-հարավ ճանապարհի վրա աշխատած քաղաքացիները աշխատավարձ չեն ստացել. իրանական ընկերությունը խաբել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական «Սավա» ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել իր 17 աշխատակիցներին: Բանն այն է, որ նրանք 5 ամիս աշխատել են, բայց այդպես էլ չեն վարձատրվել:

Ինչպես հայտնի է` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-1 եւ Տրանշ-2 ճանապարհի վերակառուցման եւ բարելավման աշխատանքների կապալառուն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունն է: Իսկ ահա իրանական «Սավա»-ն վերոնշյալ ընկերության ենթակապալառուն է, որը պարտավորվել էր նորոգել Երեւան-Թալին ճանապարհի Ագարակ գյուղի 3 կմ ճանապարհահատվածը: Սակայն ընկերությունը ձեռք բերված պայմանավորվածությունը չի կատարել եւ ճանապարհի նորոգման աշխատանքներն էլ ավարտին չի հասցրել, միաժամանակ էլ պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը` տեսնելով, որ «Սավա»-ն չի կատարում պայմանագրով նախատեսված իր աշխատանքային պարտականությունները, դադարեցրել է «Սավա»-ի հետ պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ընկերության կողմից խաբված թվով 17 աշխատակից. նրանք այս տարվա հունվարից մինչեւ մայիսի վերջ աշխատել են, բայց այդպես էլ այդ ամիսների աշխատավարձը չեն ստացել: Նրանց պատմելով` իրանական այս ընկերությունը ունեցել է երեք բաժնետեր, որից երկուսը աշխատողների համար նախատեսված աշխատավարձերը վերցրել են ու փախուստի դիմել: Իսկ երրորդ բաժնետերը դեռ Հայաստանում է, բայց ոչինչ չունի:

«Այսինքն` «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը վճարել է «Սավա»-ին նախատեսված գումարը, բայց երկու բաժնետերերը վերցրել են գումարները ու փախել: Մեր հասանելիք աշխատավարձերով փախել են: Հիմա այդ երրորդ բաժնետերը ոչինչ չունի, անգամ գործն են ձեռքից վերցրել… ոչ մի բան չունի, ինքը մի հատ շալվար ունի, մի սվիտեր, մի հատ էլ բոթաս, վերջ, ուրիշ ոչինչ չունի: Գործի 90 տոկոսն արել էինք, բայց մեզ այնքան խաբեցին` էսօր-վաղը կտանք, մենք էլ մտածեցինք` մարդ է, կտա, ու աշխատեցինք: Հետո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» -ն գործը «Սավա»-ի ձեռքից վերցրեց, եւ մենք էլ մնացինք առանց աշխատանքի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց ընկերությունում որպես վարորդ աշխատած Հայկ Սարգսյանը:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ընկերության կողմից խաբված աշխատողները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այս, նրանք այս խնդրով անգամ դիմել են տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղ իրենց դիմավորել են, լսել խնդիրը, խոստացել են ուսումնասիրել եւ պատասխանել, բայց այդպես էլ չեն արձագանքել:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ ենթակապալառու ընկերությունների մասով իրենք իրավասություն չունեն եւ չեն կարող միջամտել: Դժգոհող աշխատողներից մեկի` Անդրանիկ Հարթենյանի խոսքերով` նախարարությունից իրենց հորդորել են այս հարցը լուծել դատական կարգով:

«Բայց «Սավա»-ի երրորդ բաժնետերը չի հրաժարվում պարտքից. մենք ամեն անգամ երբ գնում ենք իրեն հետ հանդիպման, ասում է` կտամ, համբերեք: Մյուս կողմից էլ` արդեն մի քանի ամիս է` տանում-բերում է, բայց չի վճարում: Մեկին 800 հազար դրամ է պարտք, մի վարորդին` 1 մլն 200 հազար դրամ, մյուսին` 1 մլն 500 հազար դրամ: Աշխատող կա, որին ընկերությունը 700-900 հազար դրամ պարտք ունի»,-նկատեց Ա. Հարթենյանը եւ հիշեց, որ իրեն ընկերությունը 2 մլն դրամ է պարտք: Ապա ավելացրեց, որ հինգ ամիս աշխատելով` ընդամենը 110 հազար դրամ է կարողացել որպես աշխատավարձ ստացել:

Ի դեպ, աշխատողներից մեկն էլ աշխատավարձի դիմաց ընկերությունից դիզվառելիք է վերցրել, որն էլ շուկայական գներով վաճառել է: Ի դեպ, նշենք, որ «Սավա» ընկերությունը պարտք է նաեւ Ուջանի բենզալցակայաններին. դիզվառելիք է վերցրել ու պարտքը չի վճարել:

Աշխատողները հույս ունեն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմիջամտի եւ այս հարցին լուծում կտա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս