ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է, ՄՅՈՒՍԸ՝ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը Պնախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016թ. հոկտեմբերը, իսկ դրանից հետո` մինչեւ 2018թ. մայիսը, նախարարը ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն էր: Ու չնայած գործն առնչվում է նաեւ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին, սակայն ՊԵԿ-ում նրան հարցաքննության չեն հրավիրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Քննություն է ընթանում, չեմ կարող բացահայտել: Իսկ Ձեր մատնանշած անձի վերաբերյալ եթե չունեք տեղեկատվություն, ինչու պետք է կանչենք հարցաքննության: Չունենք որեւէ տվյալ: Ընդհանուր առմամբ, նույնիսկ մենք մեր նկատմամբ պետք է լինենք խիստ»: Այնուամենայնիվ, զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է Վ. Սարգսյանի հետ կապված տեղեկատվություն չլինի, եթե նա մաս է կազմել կոռումպացված ռեժիմի. իրո՞ք չարաշահումներին չի առնչվել, որ անգամ վկայի կարգավիճակով չեն հարցաքննել, թե, այնուամենայնիվ, աշխատել է շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդով: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ առնչություն ուներ կատարվածին, որ հրավիրվեց հարցաքննության, եւ հիմա անձամբ նրա դեմ կա՞ն փաստեր, թե ինքն էլ տեղյակ չէր կատարվածից:

 

 

 

Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձեւավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաեւ նման հին գործեր եւս: Ու դեռեւս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը: Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին եւ Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է:

 

 

 

Հայ առաքելական եկեղեցու շուրջ տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Ինչպես հայտնի է` մի խումբ անձինք պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը, վերջերս նրանք փորձել էին արգելափակել հայրապետի ճանապարհը` խոչընդոտելով տեղաշարժին: Նույնիսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ահազանգել էր, որ Կաթողիկոսի կյանքին վտանգ է սպառնում: Կատարվածից հետո, սակայն, հետագա անախորժություններից խուսափելու համար Կաթողիկոսը չի պատրաստվում սահմանափակել իր տեղաշարժը: Տեր Վահրամ քահանան «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Կաթողիկոսին թիկնապահ տրամադրելու խնդրին, նշել է. «Մայր Աթոռը նման մասնավոր պահանջ չի առաջադրել: Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա: Վեհափառ Հայրապետը երբեւէ թիկնազոր չի ունեցել, որ ապահովի իր անվտանգությունը: Վեհափառի վստահությունը միշտ եղել է իր ժողովուրդը, եւ նա ապավինել է իր ժողովուրդի վրա»:

 

 

 

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փաթեթը: Եւ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել: «Ըստ նախնական հաշվարկների` շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը` հաշվի առնելով նաեւ այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ»: Ինչ վերաբերում է «Էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստացնել. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատողների: Պետք է աշխատողներ ընդունենք, գուցե ավելի շատ թվով, քան հիմա է»:

 

 

 

ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ
ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներին դեռեւս չի հաջողվել հանգել միասնական դիրքորոշման: Երկու աշխատանքային խմբերի քննարկումներն ու բանավեճը դեռ շարունակվում են: Մինչդեռ նկատենք, որ իրականում ԸՕ-ում ամրագրման ենթակա մեկ կարեւոր հարց կա. ի՞նչ սկզբունքով պետք է կազմավորվի խորհրդարանը՝ բացառապես համամասնական ընտրակարգո՞վ, թե՞, այնուամենայնիվ, հարկավոր են տարածքային բաց կամ փակ ցուցակներ` ապահովելու մարզերից ԱԺ-ում ներգրավվածության համամասնությունը: Մյուս բոլոր բանավեճերը մեծ հաշվով անիմաստ են, քանի որ ժամանակը ցույց է տվել՝ Հայաստանում լավ ԸՕ-ն ամենեւին էլ լավ ընտրություններ անցկացնելու նախապայման չէ: Հիշում եք գործող ԸՕ-ի շուրջ տեւական ժամանակ քննարկումներն ու բանավեճերը, նաեւ միջազգային կառույցների եւ օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված ֆինանսական միջոցները, որպեսզի ներդրվեին ընտրակեղծիքներն առավելագույնս չեզոքացնող, կեղծիքների հնարավորությունը կանխող մեխանիզմներ: Հիշում եք նաեւ ԸՕ-ում այդ փոփոխություններն ընդունվեցին այն ժամանակվա իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսի արդյունքում: Միայն թե այդքանից հետո 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններն անցկացվեցին աղաղակող խախտումներով. ճիշտ է, լցոնումներ չեղան, քվեատուփեր չառեւանգվեցին, ընդդիմության ներկայացուցիչներին տեղամասերից բռնությամբ դուրս չհանեցին, բայց միեւնույն է՝ ընտրություններին մասնակից մի քանի ուժ իշխող ՀՀԿ-ի գլխավորությամբ բաժանեց ահռելի չափերի ընտրակաշառք, իշխանությունները գտել էին տեղամասերում քվեարկությունը վերահսկելու ձեւերը, գործածվեց վարչական ռեսուրսը: Հիշում եք` այդ ամենը նաեւ ամրագրվել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցում եւ միջազգային այլ կառույցների, դեսպանատների հայտարարություններում: Ասել է, թե կարեւոր չէր ԸՕ բովանդակությունը, այլ կարեւոր էր իշխանությունների մոտ քաղաքական կամքի առկայությունը: Մի բան, որ ՀՀԿ իշխանության մեջ իսպառ բացակայում էր այս քսան տարիների ընթացքում:
Այնպես որ, այսօր կարեւոր է ոչ այնքան ԸՕ բովանդակությունը, որքան քաղաքական կամքի առկայությունը: Ի վերջո, եթե հիշում եք` 1991թ. անկախության հանրաքվեն ու նախագահական ընտրություններն անցկացվեցին բավական վատ օրենսդրության պարագայում, բայց դրանք ՀՀ պատմության մեջ լավագույն ընտրություններն էին, որոնց արդյունքները չվիճարկվեցին: Նույնը կարող է լինել այս պարագայում, առավել եւս, երբ նոր կառավարությունն իր գործողություններով ապացուցել է քաղաքական կամքի առկայությունը:




Լրահոս