Երեկ կառավարության շենքի առջեւ էին հավաքվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ: Նրանք հերթական անգամ բարձրաձայնում էին այն մասին, որ թեեւ մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին, սակայն զինգրքույկում չի նշվել այդ մասին: Երիտասարդները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցնում էին, որ տեղի են ունեցել նաեւ այլ կամայականություններ: Տղաներից մեկին` Մանվել Մանուկյանին, ընդունեցին կառավարությունում եւ լսեցին պահանջը:
Ապրիլյան պատերազմի մասնակից Սամվել Մանուկյան
-Սամվե՛լ, ինչո՞ւ զինգրքույկում չի նշվել, որ մասնակցել եք քառօրյա պատերազմին: Ինչպե՞ս են դա բացատրում:
-Անարդարությունը պետք է պարզվի, թե ինչու չի նշվել, ինչու են կեսինը նշվել, մյուս մասինը չեն նշել: Ինչու են պատճառաբանում, որ տվյալ զորամասը չի մասնակցել, եթե պատերազմը սկսելու առաջին օրվանից լրատվամիջոցներով հայտարարվել է, որ Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով պատերազմական գործողություններ են: Այսօր ասում են` մի զորամասը մասնակցել է, մի զորամասը չի մասնակցել, մի դիրքը մասնակցել է, մի դիրքը չի մասնակցել: Մանկապարտեզ է, ինչ է. մեկը վիրավորվել է, մեկը մահացել է, մեկը տանկ է խփել, մեկի բախտը բերել է` չի վիրավորվել, ստացվում է` մասնակից չի՞: Հիմա ոչ ոք չի ասում, որ մեզ հերոսի կոչում տան կամ ինչ-որ արտոնություններ, ուղղակի զուտ ուշադրություն, վերաբերմունք տվյալ զինվորների նկատմամբ: Բոլորն էլ գիտեն, թե տվյալ զինվորներն ինչ մեծ ներուժ են մեր բանակի, անվտանգության համար:
Ապրիլյան պատերազմի մասնակից Սասուն Մկրտչյան
-Սասո՛ւն, խնդրի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Կոնկրետ պահանջն այն է, որ հստակ կարգավիճակ տրվի, հստակ որոշում կայացվի, որ տղաներին ինչ-որ ուժային կառույցներում ընդգրկեն, որպեսզի իրենք իրենց փորձը փոխանցեն: Այդ փորձն այսօրվա դրությամբ ոչ մի նորակոչիկ չի կարող ունենալ, չի կարող այդպես շուտ կողմնորոշվել: Մեկին գրում են` մարտական գործողության մասնակից, կողքի զինվորի համար գրում են` մարտական հերթապահություն իրականացրած: Այսօր ցանկացած զինծառայող եթե խրամատում է գտնվում, դա համարվում է մարտական հերթապահություն: Իսկ մարտական գործողության դեպքում հստակ նշվում է, որ ինքը փոխհրաձգության ժամանակ մասնակցել է: Իսկ այդ փոխհրաձգությանը բոլորս էլ մասնակցել ենք: Կոնկրետ դեպքեր են եղել, որ մեկ ամիս առաջ փոխհրաձգության մասնակցած պայմանագրային զինծառայողի դեպքում էլ ոչ մի հստակեցում չկա, որ իրենք մասնակցել են: Թող օրենքի փոփոխություն լինի, որպեսզի երիտասարդ տղաները չլքեն մեր երկիրը: Մեր շարքերից տղաների 60 տոկոսն այսօր գտնվում են արտերկրում, որովհետեւ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Իսկ եթե իրենք գոնե 200.000 դրամ աշխատավարձ տրամադրեն, համոզված եմ, որ տղաները կգնան, կծառայեն, եւ երկիրն անվտանգ կլինի:
Ապրիլյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյան
-Մանվե՛լ, Ձեզ ընդունեցին կառավարությունում: Ի՞նչ պատասխան տրվեց:
-Քանի որ ամենամեծ վստահությունն ունենք վարչապետի հանդեպ, դրա համար ենք եկել կառավարության շենքի մոտ: Այն տղաները, ովքեր տեղյակ չեն, որ կարող են բարձրաձայնել, ես խնդրում եմ, որ բարձրաձայնեն` առանց որեւէ մեկից վախենալու: Եթե որեւէ տեղ որեւէ մեկը գումար է ուզել, անպայման ներկայացնեն այն զինգրքույկները, որոնցում գրել-ջնջել են, այն, որ գրել են` մասնակից է, իսկ հետո գրել են` մասնակից չէ: Անպայման հետաքննություն է անցկացվելու եւ պարզվի, թե ինչու է այսպես եղել: Մենք պարզ ներկայացրինք, թե ինչ է նշանակում գործողություն եւ ինչ է նշանակում` մի զորամասի 10 տոկոսը մասնակից լինի, 90 տոկոսը` ոչ: Նոր Հայաստանում մենք չենք պատրաստվում ծածկել, պահել որեւէ բան: Մենք բաց ներկայացնում ենք, օգնում ենք կառավարությանը: Գիտակցում ենք, որ խնդիրները շատ են, եւ անձամբ ներկայացնում ենք: Խոստացան, որ վարչապետի հետ քննարկվելու է խնդիրը, կան տարբեր մասնագետներ, ովքեր ավելի ճիշտ կպատկերացնեն այս ամենը եւ ճիշտ որոշում կկայացնեն: Գիտենք, որ շատ որոշումներ նախկինում անարդարացի են կայացվել: Եվ մենք ուզում ենք, որ այդ որոշումը վերանայվի նոր, ազատ, անկախ Հայաստանի օրոք:
-Նշում էիք, որ գրել-ջնջել են զինգրքույկներում: Այսինքն` կոռուպցիո՞ն, թե՞ այլ խնդիրներ են եղել:
-Գիտեք, որ ուսումնական վարձերի հետ կապված զեղչեր կային: Եվ շատ հնարավոր է` սկզբում գրել են, հետո այստեղից հրաման են ստացել, թե ինչպես են զեղչերի այդքան բարձր տոկոս ապահովելու եւ այդպես գրել են` մասնակից է, հետո է-ն դարձրել են չէ: Եվ հիմա պետք է հետաքննություն անցկացվի եւ պարզվի, թե ինչու է դա տեղի ունեցել: Մասնակցության հարցն, իհարկե, շատ նուրբ հարց է, եւ տեղի են ունեցել լուրջ մարտեր, ճեղքումներ: Այս ամենն էլ պետք է հաշվի առնվի: Այստեղ նաեւ մի նրբություն կա. հնարավոր է` այս հարցը փորձեն բարդել ավելի ցածր օղակների վրա: Բայց եթե հրաման է եղել` փոքր օղակներն իրենց գլխից դուրս քիչ հավանական է, որ վերցնեին ու նման որոշում կայացնեին, զինգրքույկում այդպես գրեին:
Հ.Գ.«Ժողովուրդ» օրաթերթը խնդրի շուրջ զրուցեց նաեւ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: «Պարզաբանման հարցերով իրենք կարող են դիմել Պաշտպանության նախարարություն»,-ասաց խոսնակը: Հարցին` ինչպես պետք է խնդիրը լուծվի, Հովհաննիսյանն ասաց. «Խնդրին լուծում տալը կամայականության սահմաններում չպետք է լինի: Կլինի օրենքի սահմաններում»:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ ԵՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի 72-ամյա բնակիչ Արմո Գաբրիելյանը գյուղատնտեսի` շուրջ 30 տարվա ստաժ ունի, միջատ վնասատուների դեմ պայքարի մասնագետն ապրում է ոչ թե իր ստացած 35 հազար դրամ կենսաթոշակով, այլ իր մշակած 3 հեկտար պտղատու այգիների բերքով: Ա. Գաբրիելյանը ցավով է նշում, որ Հայաստանի սահմանին կարանտինային թույլ հսկողության պատճառով Վրաստանից Հայաստան են մտել վնասատուներ: 1996-97 թվականներին սահման հանդիսացող Բագրատաշենի կամրջով Վրաստանից ներկրվող դափնու տերեւների հետ Հայաստան է թափանցել ճապոնական մոմային վահանակիրը: Այն շատ վնասներ է պատճառել Դեբեդի հովտի թզենու, դեղձենու, սերկեւելի, կեռասի, խաղողի այգիներին:
Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ 2 տարի առաջ Վրաստանից ներկրված արքայանարնջի (կարալյոկ), խնձորենու տնկանյութի հետ Հայաստան է ներթափանցել իմերեթինյան բարձիկավորը` ինումերաբիլիսը: Այդ վնասատուի պատճառած վնասները հատկապես ակնհայտ են արքայանարնջի այգիներում: Դրանք բամբակի սպիտակ շերտի նման ձվադրում են ծառերի վրա: Ամեն մի ձվապարկում շուրջ 1000 հատ ձու կա, ձվապարկից հետո թափառողները դուրս են գալիս, տարածվում: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Հայաստան ներկրվող տնկանյութը, ըստ օրենքի, պետք է սերտիֆիկատ ունենա, որտեղ պետք է նշված լինի, թե տնկանյութն արդյո՞ք Վրաստանի տարածքում ֆումիգացիոն եղանակով ախտահանվել է, մաքրվել վնասատուներից: Եթե տնկանյութը Վրաստանի տարածքում չի ախտահանվել, ապա այն պետք է Հայաստանի մաքսակետի կարանտինային ծառայությունում կահավորված խցերում, գազային ճնշման եղանակով, մեկ կամ մի քանի օր ախտահանվի, հետո ներկրվի Հայաստան: Նման ախտահանում չի կատարվում, այդ պատճառով վնասատուներն անարգել ներթափանցում են Հայաստան: Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ վնասատուների դեմ պայքարի արդյունավետ բուժամիջոցներ կան, դրանք հիմնականում գերմանական «Բայեր», ֆրանսիական «Դյուպոն», շվեյցարական «Սիգենտա» ընկերությունների արտադրանք են, որոնց սրվակները համեմատաբար թանկ են, սակայն դրանք այգիները լիաժեք բուժում են:
Հայաստան հիմնականում ներկրվում են չինական, թուրքական, հնդկական թունաքիմիկատներ, որոնք համեմատաբար էժան են, սակայն անարդյունավետ: Ներկրող կազմակերպությունները դրանց գնին հավելավճար են ավելացնում, իրենք շահույթ են ստանում, սակայն այգեգործները այդ թունաքիմիկատները բազում անգամ օգտագործելով` այգիները չեն կարողանում փրկել վնասատուներից: Դեբեդի հովտում վնասատուներից տուժած, այդպես էլ չբուժված խաղողի, արքայանարնջի այգիների տերերը ստիպված են եղել քանդել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱԻՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՆՎԱԶԵՑՆԵԼ ՆԵՐՏՆԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունների առաջարկությունների փաթեթը պատրաստ է: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ը քննարկում էր գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները: Այժմ նշված գործառույթը իրականացնում է «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: Եթե կառավարությունն ընդունի առաջարկությունների այս փաթեթը, ապա «Էյ Ի Ջի» սերվիս ընկերությունից պարզապես կվերցվեն գործառույթները: Ընկերություն, որը պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Պատահական չէ, որ Կարապետյանի վարչապետության օրոք կառավարությունում, «Գազպրոմ-Արմենիա»-ից բացի, պաշտոններ ստացան նաեւ «Էյ Ի Ջի» ընկերության աշխատակիցները:
Ինչեւէ: ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վոլոդյա Հովսեփյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանին արդեն ներկայացվել է առաջարկությունների փաթեթը: «Ուսումնասիրել ենք ոլորտը, ներկայիս վիճակը: Նաեւ ուսումնասիրել ենք, թե ինչ կարող ենք մենք առաջարկել այս ամենի հետ կապված: Եւ մենք առաջարկներ ենք ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարարին»,- ներկայացրեց Վ. Հովսեփյանը: Ի դեպ, առաջարկությունների փաթեթի մեջ ներառված են լինելու նաեւ գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման եւ ստացված գումարները պետական բյուջե ուղղելու հարցերը: «Սակագների մասով եւս առաջարկ կա: Եթե ԱԻՆ-ի համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից այդ գործառույթները իրականացվեն, ապա ըստ նախնական հաշվարկների` շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը: Հաշվի առնելով նաեւ, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ, մնացած մասով եւս հավելյալ ուսումնասիրություն է կատարվում, թե ինչ ծախսերի կրճատումով կարելի է այդ նվազմանը հասնել: Բայց մենք պատրաստ ենք այդ գործառույթները ավելի ցածր գնով իրականացնել»,- տեղեկացրեց ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` եթե ծառայության սակագինը նվազեցվի, ապա հնարավո՞ր է ՊՈԱԿ-ը վնասներ կրի, փոխտնօրենը բացասական պատասխան տվեց. «Չէ՛, ոչ մի վնաս էլ չի կրի»:
Նշենք, որ գազի ներտնային ծառայությունը պետական հատված բերելու վերաբերյալ քննարկումները խիստ մտահոգություններ են առաջացրել «Էյ Ի Ջի սերվիս»-ի աշխատողների մոտ: Նրանք կարծում են, որ այս ամենի արդյունքում գործազուրկ են դառնալու: Սակայն այս հարցով ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրենը հանգստացնում է` նշելով. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատողների: Մենք պետք է աշխատողներ ընդունենք, գուցե ավելի շատ թվով, քան այդ ընկերությունում է»:
Պարզվում է` այդ գործառույթները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում, թե որ ընկերությանը տա: Ըստ Հովսեփյանի`այս դեպքում հանձնաժողովն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ին եւ իրավասություն ունի այն վերցնել եւ տալ մեկ այլ մարմնի: «Իսկ ԱԻՆ-ը, լինելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի լիազոր մարմին, պետք է տիրապետի նման ինֆորմացիային, որպեսզի հետագայում նաեւ կարողանա ավելի արդյունավետ արձագանքել այդ կանչերին»,- նկատեց Հովսեփյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ