Շարունակում ենք ներկայացնել 2008 թվականի մարտի 2-ի նիստում պատգամավորների հնչած ելույթները.
ժամը 02:30.
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք նիստը։
Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Հակոբ Հակոբյան։ Համեցեք։
Հ.ՀԱԿՈԲՅԱՆ
-1995թ. այն քաղաքական ուժերը, որոնք այսօր էլ ընտրությանը մասնակցեցին, էլի մասնակցեցին ընտրությանը՝ արդեն որպես իշխանություն, եւ այդ ժամանակվանից ընտրությունը՝ որպես քաղաքական պրոցես, եւ ընտրությունը՝ որպես իշխանությունը ձեւավորելու կատեգորիա, վերացավ ՀՀ-ից։ Եվ իրենց իսկ կողմից պարտադրված, պարտադիր կերպով ընտրված ԱԺ-ն 1998թ. արեց հայտնի քայլերը։
1996թ. նույն քաղաքական ուժերը նախագահական ընտրության ժամանակ պարտվեցին, բայց նորից կարողացան ուժով վերարտադրել իշխանությունը, եւ 1998թ. փետրվարին հայտնի դարձավ, թե ինչ կատարվեց։
Ընտրությունը՝ արդեն որպես կատեգորիա, Հայաստանում վերականգնվեց 12 տարի հետո՝ 2007թ. մայիսին։ Եվ, ահա, նախագահական ընտրություններին՝ 2008թ., նույն քաղաքական ուժերը կրվեցին, պարտվեցին եւ նորից ուզում են ուժային ճանապարհով վերարտադրել իրենց իշխանությունը։ Ընտրությունների պատասխանատուն քաղաքական ուժերի վրա է, մեր գործող օրենքի նորմն է դա։ Եվ քաղաքական ուժերս, մենք պետք է կարողանանք մեկ բան հասկանալ՝ ամեն ինչի պատասխանատվությունը մենք ենք կրում։ Եվ այսօրվա իրավիճակում ստեղծված յուրաքանչյուրս ունենք մեր բաժնի պատասխանատվությունը։ Այն մաղձը, երբ կար նախընտրական ժամանակահատվածում, այն սկիզբը, որը դրվեց, այդ սկզբի վախճանը սա պետք է լիներ։ Երբ մենք մեր արժանապատվության համար չենք կռվում, երբ մենք մեր հայրենիքը չենք սիրում, երբ մենք, յուրաքանչյուրս փորձում ենք ամենահարմար կամ ամենապատեհ առիթի դեպքում դիմացինին մեղադրել մեր անձը փրկելու համար, այսպես պետք է լինի։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Մանվել Բադեյան։
Հաջորդը՝ պատգամավոր Դավիթ Հարությունյան։
Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, յուրաքանչյուր երկրի պատմության ընթացքում լինում են պահեր, որոնք կասեցնում են երկրի զարգացման ընթացքը հետ գցելով, եւ մենք, ցավոք սրտի, ունեցել ենք պահեր այստեղ, այս երկրում, այս ժամանակահատվածում։ Մենք ունեցել ենք 1999թ. հոկտեմբեր, երբ մենք իսկապես հետ գցվեցինք մեր զարգացման մեջ առնվազն 2 տասնյակ տարով։ Եվ այսօր մենք ունենք բացարձակապես նմանատիպ իրավիճակ։ Եվ անկախ նրանից, թե մենք ինչ լուծման, հանգուցալուծման կհանգենք, միեւնույն է, արդեն փաստը մնում է փաստ։ Մեր երկրի զարգացումը ոչ թե կասեցվեց, այլ մենք հետ գցվեցինք։
Այսօր տեղի է ունենում ամենասոսկալի բանը, որ հասարակության մեջ ծագել է փոխադարձ ատելություն եւ թշնամանք։ Խորհրդարանը, որը պետք է լիներ քաղաքական գաղափարների բախման վայր, այդպիսին չդարձավ։ Թերեւս, դրանում նաեւ մեր մեղքն է։ Այդ առումով, ես համաձայն եմ։
Այսօր մեզ առաջարկվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Նախագահի հրամանագիրը։ Եվ շատ բնական հարց ծագեց այստեղ, ամբիոնից՝ արդյոք սա՞ է իրավիճակի լուծումը։ Ես կարծում եմ, որ չի կարելի անվանել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրն իրավիճակի լուծում, բայց սա իսկապես պարտադրված միջոցառում է։ Միջոցառումներ, որոնք պայմանավորված են մեկ հանգամանքով։ Երբ անձը հայտնվում է ամբոխում, նրա հոգեբանությունն է փոխվում, եւ մենք ստիպված ենք դա հաշվի առնել։ Ես միամտություն եմ համարում անլուրջ վերաբերմունքն այս իրավիճակին եւ իսկապես հասկանում եմ, որ միջոցառումները, որոնք առաջարկվել են, թերեւս անհրաժեշտ են։ Ցավոք սրտի, ես լավատեսորեն չեմ տրամադրված, որ այս միջոցառումները կսթափեցնեն եւ կհանդարտացնեն իրավիճակը, բայց թերեւս սա այս պահին անհրաժեշտ միջոցառումներ են։ Սակայն արդո՞ք, նորից նույն հարցին եմ վերադառնում, սա՛ է ելքը։ Ես չեմ կարծում, սա ելք է։ Սա պարտադրված քայլ է արդեն, վատ քայլ, տհաճ, շատ վտանգավոր, բայց, իմ կարծիքով, ցավոք սրտի, պարտադրված։
Իսկ հնարավո՞ր է արդյոք գտնել ելքեր։ Ես կարծում եմ, դեռեւս մենք ելքերը չգիտենք։ Մենք անում ենք մի պարտադրված քայլ, ուղղակի «շախից» փախչելու համար։ Ես համարում եմ ճիշտ ենք անում, որ այդ քայլը կատարում ենք։ Բայց մեր հաջորդ քայլերը դեռեւս մեզ պարզ չեն։ Ես կարծում եմ, որ այս առումով յուրաքանչյուրն այս դահլիճում պետք է զգա իր պատասխանատվությունը, իր անձնական պատասխանատվությունը ելքեր փնտրելու հարցում։ Եվ հիմա այն պահը չէ, երբ մենք իրավունք ունենք ասելու, որ մի խումբ մարդիկ դուրս են եկել փողոց, կամ տասնյակհազարավոր ծայրահեղականներ դուրս են եկել փողոց։ Միեւնույն է, լուծումները պետք է գտնվեն, անխուսափելիորեն։
Ես կարծում եմ, այսօրվա նիստն իրականում սրանով չի ավարտվելու։ Այսօրվա նիստը պետք է ունենա իր հաջորդ քայլը։ Յուրաքանչյուր խմբակցություն, յուրաքանչյուր պատգամավոր, ով ունի քաղաքական խիզախություն, պետք է որոնի լուծումներ։ Մենք պետք է սկսենք այդ քննարկումներն անհապաղ այս նիստից հետո։ Եթե չլինեն քննարկումներ, մենք լուծումներն էլ ավելի ենք հետաձգում։ Ցավոք սրտի, այն լուծումները, որոնք կարող էին տրվել ավելի վաղ, այսօր պակաս արդյունավետ են լինելու, եւ դա պարզ է բոլորիս։ Բայց դա դեռ չի նշանակում, որ չպետք է որոնենք։
Ուստի, մի կողմից, ես նորից եմ կրկնում, համարելով, որ այս պարտադրված քայլը պետք է կատարվի, ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ անհապաղ սկսել քննարկումներն իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։ Շնորհակալություն։
Տ.ԹՈՐՈՍՅԱՆ
-Հաջորդ ելույթը՝ պատգամավոր Արմեն Աշոտյան։
Ա.ԱՇՈՏՅԱՆ
-Շնորհակալություն։ Շատ վատ եմ զգում ինձ այս բեմում։ Ոչ միայն նրա համար, որ հայտնվել եմ այստեղ ԱԺ ոչ վայել զգեստով, ոչ վայել տեսքով՝ արտակարգ իրավիճակ է, այլ նրա համար, որ կատարվեց այն, ինչի մասին խոսում էին բոլորը, ինչի մասին կանխատեսում, զգուշացնում էին բոլորը։ Բայց դա, այնուամենայնիվ, կատարվեց։ Դժվար է խոսել այն դեպքում, երբ ստիպված ես ընտրել չարյաց փոքրագույնը։ Իրականում այս ամենին օրինաչափորեն տանում էին համապատասխան ուժերը։ Ես լսում եմ ամբիոնից իմ գործընկերներից ոմանց, որոնք հիմա կոչ են անում հանդուրժողականության, սիրո։
Հարգելի պարոնայք, դուք՝ ի տարբերություն մեզ, հնարավորություն ունեիք այդ ոճով խոսել օպերայի հարթակից։ Բայց ես հիշում եմ ձեր ելույթը, անուն չեմ տալիս, հիշում եմ ձեր ելույթը, որը բացարձակապես կապ չուներ անհանդուրժողականության, սիրո, քաղաքական երկխոսության հետ։ Ինչո՞ւ այդ ժամանակ չէիք խոսում այդ ամենի մասին այնտեղ, ինչո՞ւ չէիք խոսում այդ ժամանակ, ինչո՞ւ ձեր ասուլիսների եւ հարցազրույցների մեջ բացարձակ այլ գաղափարներ էիք քարոզում։ Ինչո՛ւ, ինչո՛ւ…
Ի սեր Աստծո, չեմ փնտրում մեղավորներ, մանավանդ լուրջ մեղավորները, կարծում եմ, դեռ բացահայտումներն առջեւում են, բայց խնդիրներ կան, որոնք մակերեսին են։ Հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, որ այս արտակարգ դրությունը մտցվում է կոնկրետ ինչ-որ մարդու եւ իր թիմակիցների դեմ։ Եկեք բարձրաձայնենք այն, ինչ բոլորս գոնե հոգում, սրտում գիտենք։ Սա այդ մարդու սրտով է։ Սա ա՛յն է, ինչին այդ մարդը գնում էր, սա ա՛յն է, ինչ ծրագրավորված էր, սա ա՛յն է, ինչ ակնհայտ էր հոկտեմբերի 16-ից։ Սա ա՛յդ է, սա նորություն չէ։ Դա ա՛յդ մարդու սրտով է։ Սա ա՛յդ մարդու սրտով է տեսնել, ի դեպ՝ եւ իր պատվիրատուների, ապակայունացված Հայաստան, իրար հոշոտող ՀՀ քաղաքացիներ, այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք։ Դա ա՛յդ մարդու սրտով է, ցավոք։ Բայց ես պատրաստ եմ կողմ դնել իմ սուբյեկտիվ վերաբերմունքն իր եւ իր թիմի նկատմամբ։ Եվ գուցե խնդրենք իրեն, չէ՞ որ այդ մարդիկ, որոնք հիմա Երեւանի կենտրոնում անում են այն, ինչ բոլորս ընդմիջմանն ասեկոսեներով եւ հեռախոսազանգերով փորձում էինք պարզել, կներեք բառիս համար, եւ այդ մարդիկ թող ներեն, աճեցրած եւ վարժված մարդիկ են։ Գուցե ի՞նքը կարողանա վերջապես սթափվել եւ հասկանալ, որ ինքը պատասխանատու է, նախեւառաջ, այդ մարդկանց առջեւ, որոնց ամիսներ շարունակ ներմուծել է լեղի, թույն, ատելություն եւ, ցավոք սրտի, որեւէ մեկը չկարողացավ այդ ամենի դեմն առնել։
Ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, համենայնդեպս, հայերի սրտով չէ, ՀՀ քաղաքացիների սրտով չէ։ Չեք գտնի մեկ մարդ այս կամ այն ճամբարից, որն ասի, որ լա՛վ է, որ այդպես է։ Սակայն խնդիրը գնաց, գնացքը շարժվել է, եւ մենք ստիպված ենք ոչ թե ընդառաջ գնալ այդ գնացքին, այլ վազել այդ գնացքի հետեւից։ Այլընտրանք, ցավոք սրտի, ես ինքս՝ որպես քաղաքացի, չեմ տեսնում։
Ինչո՞ւ չենք բարձրաձայնում։ Ես, ճիշտն ասած, մտածում էի խոսել այդ խնդրի մասին, թե՝ չխոսել, բայց, կարծում եմ, ճիշտը խոսելն է։ Ինչո՞ւ չենք ասում, որ ակնհայտ հայաստանյան իրադարձության մեջ կան որոշակի արտաքին ուժերի հետք։ Ինչո՞ւ չենք դրա մասին խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ այդ ուժերը պատռել են վերջին մի շաբաթվա մեջ իրենց դիմակները։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսում։ Ինչո՞ւ չենք խոսում, որ համապատասխան պետական կառույցից ֆինանսավորվող մի շարք, այսպես կոչված, հասարակական, այսպես կոչված, հայաստանյան կազմակերպություններ ինչ-որ անհասկանալի քաղաքական շեշտադրումներով նամակ են անում միջազգային տրանսնացիոնալ հասարակական կազմակերպություններ։ Որտեղի՞ց է գալիս «Սորոեսի», «Տրանսպերենս» ինթերնեյշնելի, իրենց կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ՀԿ-ների, այսպես ասած, պոչը, ականջները ո՞ւմ են երեւում։ Ինչո՞ւ դրա մասին չենք խոսել այսքան ժամանակ։ Ինչո՞ւ չենք խոսում այն մասին, որ գաղտնիք չէ որեւէ մեկիդ համար, որ այն թիմում աշխատում են արտասահմանյան քաղաքական տեխնոլոգներ։ Ինչո՞ւ չենք խոսում, որ մեր ժողովուրդը դարձել է ինչ-որ մեկի համար փորձադաշտ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, կներեք բառիս համար, զոմբիացման ինֆորմացիոն եւ այլ տեսակի տոտալիտար վերահսկման։ Ինչո՞ւ չի խոսվում դրա մասին։ Ինչո՞ւ չենք փորձել ժամանակին կանխել այդ մարդկանց մուտքը, ինչո՞ւ չենք փորձել հետո, երբ իրենք եկել են, փորձել բացահայտել այդ ապօրինությունները եւ վտարել Հայաստանից։ Ես կարծում եմ, որ կարելի էր անգամ մտածել որոշ DIP միսիաների ներկայացուցիչներին պերսոնալ նոնգրատակարգավիճակը տալու համար։ Դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, որ Հայաստանում մեծերը խաղ են խաղում մեր հաշվին, մեր ժողովրդի հաշվին, մեր արյան հաշվին, մեր բարեկամների, ընկերների, հարազատների եւ ուղղակի պատահական անցորդների կյանքի հաշվին։ Խաղ են խաղում։ Արդյո՞ք սա՛ չէ սթափեցման ժամանակը, որը բոլորս փորձել ենք որսալ ու այդ պահը բաց չթողնել։
Ասում են՝ հին հռոմեացիները ցանկացած դատավարություն, թեպետ այսօրվանից դա այդպիսին չէ, սկսում էին՝ ո՞ւմ է դա ձեռնտու։ Վստահ եմ, որ որեւէ մեկին մեր երկրում դա ձեռնտու չէ։ Ում դա ձեռնտու է, ես դասում եմ երկրից դուրս։
Ես նորից եմ կրկնում այն, ինչ ասացի այս 7 րոպեների ընթացքում։ Ես ինքս եմ խնդրում այդ մարդուն, ով հրահրել է այս ամենը, ելույթ ունենալ եւ հետ քաշել իր մարդկանց, ովքեր, ցավոք, միայն իրեն են այլեւս լսում։ Դա միակ տարբերակն է խուսափել բոլոր այն զավեշտալի սցենարներից, այն արյունախում, արյունալի սցենարներից, որ յուրաքանչյուրս մեր երեւակայության մեջ գծում եւ փորձում ենք հասկանալ։ Շնորհակալություն։