«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էության բնորոշ գծերը, անդրադարձել ենք գործնականին եւ անձնականին առնչվող թեմաների:
-Թամարա, երբ Դուք ծնվեցիք...
-Չէի շնչում: Մի քանի վայրկյան անց` բոլորին սրտաճաք անելուց հետո, նոր սկսել եմ շնչել:
-Ձեզ հաճախ նմանեցնում են...
-Սքարլեթ Յոհանսոնին, երբ շպարված եմ:
-Մանուկ ժամանակ երազում էիք դառնալ…
-Այն, ինչ դարձա այսօր:
-Բակային ընկերներից ամենաշատը կարոտում եք…
-Անխտիր բոլորին: Իրականում շատ կապված եմ եղել բակիս հետ: Մանկությանս մեծ մասը հենց այնտեղ է անցել: Մայրս ասում է, որ ես ոչնչով նեղություն չեմ պատճառել, բայց միաժամանակ աշխույժ եւ ակտիվ երեխա եմ եղել, «դինջ» չեմ եղել:
-Միշտ իմացել եք, որ կարող եք…
-Ավելին:
-Շարունակեք միտքը. «Լավ տղամարդը նա է, ով…»
-Իրոք լավ տղամարդ է (ծիծաղում է), ով ունի պատասխանատվության զգացում: Ոչ միայն նոր սերնդի, այլեւ իմ սերնդակիցների շրջանում նկատում եմ, որ այդ զգացումը շատերի մոտ թուլացել է: Այնպիսի ուղի են բռնել, որով անցնելիս ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ: Բազմաթիվ տղամարդիկ ծայրահեղ դեպքերում են պատասխանատվություն կրում, հարաբերությունները կառուցում են այնպես, որ դրանից փախչեն: Ու երբ տեսնում ես մեկին, ով օժտված է այդ հատկությամբ, շատ ես ուրախանում:
-Անձնական կյանքում սովորաբար հեռանում եք Դուք, թե Ձեզնից:
-Ինձնից:
-Ձեզ վիրավորում է այն մարդու խոսքը, որը...
-Ես ոչ ոքից չեմ վիրավորվում: Այդ ի՞նչ պետք է ինձ ասեն, որ վիրավորվեմ: Այդպիսի բան հազարամյակը մեկ կարող է լինել: Բայց ես եզրակացություններ եմ անում, բացահայտումներ եմ անում եւ հասկանում` այդ մարդը պետք է ինձ մոտ լինի, թե չէ: Փոխարենը կարող եմ վատ զգալ այն բանից, երբ զգամ, որ նստել են գլխիս: Պայքարում եմ դրա դեմ:
-Ներում եք, բայց չե՞ք մոռանում, թե՞ մոռանում եք, բայց չեք ներում:
-Ներում եմ, բայց զգուշանում եմ:
–Ումի՞ց եք վախենում:
-Ինձնից, իմ ծուլությունից: Ծայրահեղ ծույլ մարդ եմ եւ եթե չլինեի նաեւ ծայրահեղ պատասխանատու, վիճակս լավ չէր լինի: Եթե մեկին մի բան եմ ասել, պետք է անեմ, բայց ինքս ինձ հետ չեմ կարողանում պայմանավորվել:
-Մեկը, ով Ձեզ վրա մեծ ազդեցություն ունի:
-Մայրս: Հենց որեւէ հարցի շուրջ մեջս կասկած է ընկնում, անպայման մորս հետ եմ զրուցում: Հիմնականում 99.9 տոկոսով նույն կերպ ենք մտածում, կարծես երկրորդ եսիս հետ խոսեմ:
-Ափսոսում եք, որ չեք հասցրել…
-Կարծես թե ամեն ինչ հասցրել եմ: Երեւի կարող էի դպրոցում ավելի լավ սովորել: Իհարկե, վատ չէի սովորում, բայց կարող էի ավելին:
–Միշտ երազել եք ունենալ…
-Այն, ինչ ունեմ այսօր:
-Ձեր աշխատանքի հետ կապված ամենամեծ դժվարությունը…
-Երբ կուրորեն նվիրվում ես, հետո պարզվում է, որ քեզ կուրորեն նվիրված չեն: Դա երեւի կապված է երիտասարդական հովերի հետ: Մի բանի որ դիպչում ես, գնում ես մինչեւ վերջ: Եվ երբ պահը գալիս է, պետք է ստանաս քո հասանելիքը, տեսնում ես, որ այն կա՛մ թերի է, կա՛մ չկա:
-Փողը կարող է երջանկացնել մարդուն, եթե…
-Խելքով ծախսի այն:
-Ամենալավ բաները կատարվում են…
-Առավոտյան խոհանոցում: Այնտեղ են տեղի ունենում ամենագողտրիկ խոսակցությունները, այնտեղ է սիրտն անսպասելի բացվում: Վերջերս Ղարաբաղում էի, առավոտ շուտ զարթնեցի, իջա բակ, հայրս դեռ քնած էր, մայրս արթնացել էր, աքլորներն էլ ծուղրուղու էին կանչում. դա կատարյալ երջանկություն էր:
-Շարունակեք միտքը. «Եթե ինձ չեք սիրում…»:
-Դա Ձեր իրավունքն է:
-Եթե ուզում եք կյանքը ժպտա Ձեզ…
-Պետք է կյանքին տաք ամեն ինչ` Ձեր լավ տրամադրությունը, աշխատասիրությունը, երջանկության զգացողությունը, երախտագիտությունը:
Աննա Բաբաջանյան