Երեկ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերին: Ըստ Վանեցյանի` կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերը, հնարավոր է, առնչություն ունեն Մարտի 1-2-ի դեպքերի հետ, կիրառվել են ոչ իրավապահ համակարգի մարդկանց կողմից. «Դա վարկած է, որը պետք է ստուգվի:
Ես չեմ կարող ասել, որ նրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, ես կարող եմ միայն ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարվել է, որ «Մարտի 1»-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Եղել են թիկնապահներ, եղել են կողմնակիցներ և այլն, և այլն»:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ իր հերթին խոսել է այդ վարկածի մասին: Միաժամանակ նա հայտնել է, որ չի բացառում` մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան. «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարևոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին կցելու ու դրա շուրջ քննություն իրականացնելու, դուք արդեն պատկերացրեք, որ մենք ունենք կասկածներ, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ ևս»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմաների շուրջ զրուցել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՀՔԾ քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերն ու հարցում անցկացրել՝ արդյոք ունե՞ն ներքին համոզմունք, որ ձեռք բերված ապացույցները հիմնավորում են, եւ իրենք կարող են մինչեւ վերջ պնդել այն ապացույցները, եւ կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Խնդրում եմ` հայտնեք` նման գործընթաց եղե՞լ է ՀՔԾ քննիչների շրջանում:
-Քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը եւ ինքն է պատասխանատու այդ քննության ե՛ւ արդյունավետության, ե՛ւ օրինականության համար, հետեւաբար Ձեր այս հարցը տեղին չէ: Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որեւէ գործողություն չի անի:
– Ամեն դեպքում քննիչների համոզված լինել-չլինելու մասով նման գործընթաց եղե՞լ է, թե՞ ոչ: Ի վերջո, մեզ հասած տեղեկությունների համաձայն` քննիչներից շատերը իրենց մտերիմ շրջապատում կարծիք են հայտնել, որ երբեք չէին կարող պատկերացնել, որ ՀՀ երկրորդ նախագահի կարող են հարցաքննել կամ առհասարակ գեներալ Մանվել Գրիգորյանին: Վախի մթնոլորտ կա՞:
-Ինչի՞ց պետք է վախենան, քննիչները իրականացնում են իրենց` օրենքով սահմանված լիազորությունները, ինչի՞ց պետք է վախենան:
– Ինչո՞ւ ազատվեց Ձեր տեղակալ Մուշեղ Բաբայանը, նրան հանգստացնելու համար մեկ այլ պաշտոնի նշանակեցին:
-Դուք սխալ տպավորություն ունեք. պարոն Բաբայանը գնացել, տեղափոխվել է շատ պատասխանատու աշխատանքի, ինչպես գիտեք, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարն է, ես ինքս խնդրել եմ, որ նա մնա, աշխատենք, բայց պարոն Բաբայանը նախընտրեց աշխատանքը շարունակել ոստիկանությունում:
-Ի՞նչ կապ ունի իր ազատումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ:
-Չէ՛, չէ՛, ասեմ Ձեզ, պարոն Բաբայանը ունի ոստիկանությունում ծառայելու երկարամյա ստաժ, պարոն Բաբայանին ընդամենը երկու տարի էր հարկավոր, որպեսզի նա շարունակի ծառայությունը ոստիկանությունում եւ կենսաթոշակի հնարավորություն ունենա: Այսինքն` ոստիկանությունում ծառայության նորից անցնելը նրան հնարավորություն էր տալիս օգտվել կենսաթոշակից, որը մեզ մոտ մնալով նա չէր կարող վերականգնել:
-Դեռեւս ամիսներ առաջ ՀՔԾ-ն պաշտոնապես մեզ ասել էր, որ մարտի 1-ի գործով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներին: Ընդ որում` խոսքը ոչ միայն ՀՀ-ում գտնվող, այլեւ արտասահմանյան փորձագիտական հիմնարկների մասին է: Դուք տեղյա՞կ եք այս գործընթացից, եթե այո, ապա ի՞նչ փուլում են հարցումները:
-Ես չգիտեմ` ում խոսքերն եք մեջբերում: Կծանոթանամ, նոր այդ հարցին կպատասխանեմ:
-Ի՞նչ փուլում է Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը. կարծես թե, լռություն է այս գործի մասով, նոր մեղադրյալներ, հարցաքննվածներ կա՞ն, թե՞ ոչ:
-Նախաքննությունը շարունակվում է:
Քնար Մանուկյան