ՓՈՔՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԱԽՈՐԺԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունն իր բոլոր դրական հետեւանքներով հանդերձ քաղաքական դաշտի վրա այնուամենայնիվ մեկ բացասական ազդեցություն կարող է ունենալ: Թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն կրկին ակտիվացել են փոքր, մարդ-կուսակցությունները, այլեւ նոր մարդ-կուսակցություներ են ստեղծվում՝ իրենց մեծ ախորժակով: Եվ սա այն դեպքում, որ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված է 90-ից ավելի կուսակցություն, չնայած նրանց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, կան նաեւ լուծարվածներ:

Ամեն դեպքում, դա չի խանգարում, որպեսզի Հայաստանում անգամ նոր կուսակցություններ ստեղծվեն, որոնք հավակնություններ ունեն նաեւ խորհրդարանական ընտրությունների մասնակցելու եւ ոչ ավելի, ոչ պակաս՝ խորհրդարանում բավական լուրջ ներկայացվածություն ունենալու ակնկալիքով: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թվականին կայացած ընտրություններից հետո նվազագույն շեմը չէին հաղթահարել անգամ քաղաքական դաշտի լուրջ դերակատարներից ոմանք՝ ՀԱԿ-ը, ՕՐՕ դաշինքը, որոշակի լծակների տիրապետող ՕԵԿ-ը:
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո անցել է երկու ամիս, եւ այս ընթացքում արդեն կուսակցություն է ստեղծվել, եւ բոլորն էլ հայտարարել են ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Կուսակցություններից մեկը ստեղծել է Անդրիաս Ղուկասյանը, մյուսը` Խաչիկ Ասրյանը, իսկ նախօրեին էլ կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեցին «Սասնա ծռերն» ու նախախորհրդարանը, որ, ըստ էության, նույն թիմն են՝ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Եվ այս երեքից գոնե երկուսը հայտարարել են նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանն անվերապահ աջակցելու մասին:
Ինչպես նշեցինք, Հայաստանում կուսակցությունների թիվն անցնում է 90-ից, որը, համաձայնեք, ահռելի թիվ է Հայաստանի համար: Սակայն այդ 9 տասնյակ ուժերից քաղաքական ասպարեզում եթե նայենք, ապա ակտիվների թիվը կարող է չանցնել նույնիսկ 10-ը: Իսկ ընդհանրապես, 9 տասնյակ կուսակցությունների մեջ կան անուններ, որոնց մասին երբեւէ շարքային քաղաքացին եւ անգամ լրատվամիջոցները կարող են չիմանալ: Դրանց թվին են պատկանում «Բանվորական միություն» կուսակցությունը, «Ինտելեկտուալների» կուսակցությունը, «Նոր երկիր», «Բագրեւանդ», «Կանայք հայոց աշխարհի», «Հայկանդուխտ ավանդապաշտ-ժողովրդավարական» կուսակցությունները: Էլ չենք ասում այսպես կոչված մյուս կուսակցությունների մասին, որոնց միայն անունն է հնչել:
Ու հիմա վերջերս տեղի ունեցող գործընթացները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկա արտահերթ ընտրությունները կարող են դառնալ ՀՀ պատմության մեջ ամենաբազմազանը, երբ յուրաքանչյուրը, կարծելով, որ ժողովրդավարական Հայաստանում ունի եթե ոչ հաղթելու, ապա առնվազն ԱԺ անցնելու շանս, որոշի մասնակցել: Նախկինում, երբ ՀՀԿ-ն հաստատել էր քաղաքական մենաշնորհ` չխորշելով դիմել ընտրակեղծիքների, բաժանելով ընտրակաշառք եւ օգտագործելով վարչական ռեսուրսները, մարդ-կուսակցություների գործը հեշտ էր. նրանք արդարանում էին, թե իշխանությունը չի թողնի իրենց անցնել խորհրդարան: Բայց հիմա, ընդհակառակը, ոգեւորված համաժողովրդական շարժման հաղթանակով, նոր պայմաններում յուրաքանչյուրն իրեն հզոր ուժ է երեւակայում իր մեծ ախորժակով:
Այս գործընթացին նպաստեց նաեւ փաստը, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքով նոր քաղաքական միավորումներ գրանցելու գործընթացը վերջերս է հեշտացվել: 2016 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ընդունվեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքը: Նոր օրենքը բոլորը համարում էին լիբերալ, քանի որ նպատակ ունի ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ կուսակցությունների գրանցման եւ գործունեության համար: Սակայն այդ օրենքի քննարկման ժամանակ էլ պատգամավորների մի մասը կարծիք հայտնեց, որ ազատականացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ՝ նպաստելով արդեն իսկ առկա «մարդ-կուսակցությունների» կտրուկ ավելացմանը։
Նոր օրենքի նախագծով առաջին հերթին դյուրացվեց կուսակցությունների գրանցման գործընթացը: Եթե մինչ այդ գործող օրենքով կուսակցությունը հիմնադիր ժողովին պետք է ունենար 200 անդամ՝ վեց ամիս անց անդամների թիվը հասցնելով 2000-ի, ապա այժմ հիմնադիր համագումարին պետք է ունենա 100 անդամ, պետական գրանցման պահին՝ 800 անդամ, որոնք կներկայացնեն Երեւան քաղաքը կամ մարզերի առնվազն 1/3-ը կամ Երեւան քաղաքը եւ մարզերի առնվազն 1/4-ը:
Ընդ որում` հետաքրքիր է նաեւ, որ նախկին օրենքում ամրագրված էր, որ կուսակցությունը ՀՀ քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, իսկ գործող օրինագծում կուսակցության սահմանման մեջ նշվում է միայն, որ կուսակցությունը քաղաքացիների կամավոր միավորում է առանց շեշտադրելու ՀՀ-ն` որպես քաղաքացիության երկիր։
Բացի այդ, այս օերնսգրքով կուսակցության պարտականություններում ամրագրված է միայն գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դրույթը, եւ այդ հարցերը կարգավորում է վերստուգիչ հանձնաժողովը, սակայն կուսակցության աշխատանքը վերահսկող մարմին առկա չէ, եւ սա օրենսդրության բացն է: Այլապես, պետք էր հստակ գործողություններ հետեւեին, եթե կուսակցություները, հակառակ օրենքի պահանջի, առնվազն երկու տարին մեկ անգամ համագումար չհրավիրեն: Այս դեպքում պարզ չէ, թե իրավական ինչ գործընթացներ կհետեւեն եւ ում կողմից: Նախագծի հեղինակներն առաջին հերթին դյուրացման են գնացել` այն նպատակն ունենալով, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրում պետք է կուսակցությունները շատ առկա լինեն, կայանան, զարգանան: Սակայն մեզ մոտ կուսակցությունների թիվն առանց այդ էլ մեծ էր, եւ դա ամենեւին էլ չէր խոսում համակարգի կայացման կամ զարգացված լինելու մասին. ի վերջո, այդ ուժերից ակտիվ քչերն են եղել, մյուսները համարվել են «մարդ-կուսակցություններ», եւ հաճախ դրանց առաջատարներն էլ հանգրվան են գտել ԱԺ ՀՀԿ խմբակցությունում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ՈՐՈՇՄԱՆ
Երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հարցը: Սակայն թե ով է գլխավորելու այս կուսակցության նախընտրական ցուցակը, վերջնական որոշում չի կայացվել: ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնում դիտարկում է չորս հոգու թեկնածություն՝ Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը եւ ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը: Նիստում թեկնածուներից երկուսը՝ Սրբուհի Ղազարյանը եւ Հայկ Մարությանը ներկայացրել են իրենց ծրագրերը, հեռանկարները եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ում դեմ են արտահայտվել Հայկ Մարությանի թեկնածությանը` հիմնավորելով, որ դերասանին հասարակությունը չի ընդունի լուրջ պաշտոնում: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ վերջնական տեսակետ չի հայտնել, եւ ՔՊ-ում քննարկումները դեռ շարունակվելու են:

 

 

ՏԱՐԵԼ ԵՆ ՆՎԵՐՆԵՐԸ
Հուլիսի 23-ին հայտնի էր դարձել, որ գողություն էր կատարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի բնակարանից, տարել էին ոսկյա զարդեր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավորը, անդրադառնալով իր տան բնակարանի թալանին, հայտնեց, որ տարել են հարսանիքին կնոջը նվիրած ոսկյա զարդերը.«Վնասի չափը չեմ կարող ասել, քանի որ բոլոր նվերներ են եղել, հարսանիքի ժամանակ հյուրերի կողմից նվիրած նվերներն են եղել»: Նա նաեւ հավելեց, որ թշնամիներ չունի: «Ենթադրվում է` մարդիկ մտել են, ցանկացել են ինչ-որ բան տանել»,- ասաց դատավորը:

 

 

ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ Է ԲՈՒՀԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից միջնորդավորված հասարակական կազմակերպություններ են հիմնադրվել, որոնք զանգահարում են տարբեր ուսումնական հաստատությունների անձնակազմերին եւ ուսանողներին, ասում՝ ինչ բողոքներ ունեք, եկեք, գրեք: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ փորձեց ստանալ անձամբ նախարար Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը: Ի պատասխան` նա նշեց. «Իմ գործունեությունը եղել է չափից դուրս հրապարակային եւ այդպիսին շարունակում է լինել: Եթե ես հարց եմ ունենում որեւէ ռեկտորի հետ, զանգում եմ, ուղիղ էդ հարցը իրեն տալիս եմ, եթե ռեկտորը խնդիր է ունենում որեւէ բուհում, մեր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, կամ եթե դա իրավապահների միջամտությունների խնդիր է, դիմում ենք իրենց»: Նշենք, որ Հարությունյանը սոցիալական ցանցում գրել է, թե բազմաթիվ բաց ու փակ նամակների հետքով գնում է Գորիս այնտեղի պետական համալսարանի խնդիրների քննարկման համար:

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը, անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված պաշտպանության բանակի համար նախատեսված մեքենաներին, նշել է` Մ. Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված մեքենաների` ԱՀ պաշտպանության բանակին պատկանելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Նման բան չկա: ՊԲ-ն Մանվել Գրիգորյանին մեքենաներ չի տրամադրել: Համացանցում եղել է հրապարակում, ըստ որի` Աստրախանի հայ համայնքի բարերարներն անձամբ հայտարարում են այդ մեքենաները Երկրապահ կամավորականների միությանը տալու մասին ԱՀ ՊԲ-ին փոխանցելու պայմանով»,- մանրամասնել է Լ. Մնացականյանը:ՀՔԾ-ն երեկ այս գործի մասին տեղեկատվություն է հրապարակել` հայտնելով. «Հիշյալ քրեական գործով երբեւէ չի հաղորդվել, որ Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաները գրանցված են եղել Արցախի պաշտպանության բանակի հաշվեկշռում: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մի շարք բարերարներ բազմաթիվ ավտոմեքենաներ են նվիրաբերել Արցախի պաշտպանության բանակին, սակայն դրանց մի մասը չի հասել հասցեատերերին, այլ հայտնաբերվել է Մ. Գրիգորյանին պատկանող տարածքների խուզարկություններով: Պարզվել է նաեւ, որ նշված ավտոմեքենաները հաշվառվել են Մ. Գրիգորյանի մտերիմ անձանց անուններով»:

 

 

ՀՍՏԱԿ ՉԷ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարցում որոշում չի կայացրել: «Հստակություն չկա` երբ են ընտրությունները, անորոշ վիճակ է, դրա համար մենք էլ դեռ կոնկրետ քննարկում չունենք: Օրը կնշանակվի, կքննարկենք: Որեւէ խոչընդոտ չկա, որ մենք մտնենք ընտրապայքարի մեջ, բայց վերջնական որոշումը կկայացնի Գերագույն մարմինը»,- նշել է պատգամավորը: Ըստ նրա` պետք է որոշեն` ստեղծված իրավիճակում ինչ ձեւաչափով են մասնակցելու` «նախկի՞ն, թե՞ նոր»: «Մենք մեր տեսակետը կհայտնենք: Ես անձնական կարծիք հայտնել չեմ կարող, մեզանում որոշում է կուսակցությունը»,- հավելել է նա:

 

 

ՎԱՉՈՆ ԱԶԱՏ Է
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին, բայց գրավը վճարվել է երեկ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը:




Լրահոս