ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԵՑԳԵՏԻՆ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանա լճում, ջրային ավազաններում կտրուկ նվազել են խեցգետնի պաշարները. այս մասին ահազանգում են մասնագետները: Պատճառն, ըստ մասնագետների, խեցգետնի որսը սխալ կանոնակարգելն է: Որսի թույլտվություն տրվում է, բայց չի վերահսկվում, եւ որսի ծավալները գնալով ավելի ու ավելի են շատանում:

Սա մի քանի անկուշտների պատճառով, որոնք որսած խեցգետինն արտահանում են: Ու հիմա Հայաստանի խանութներում, սուպերմարկետներում խեցգետին չկա: Իսկ ներկրված խեցգետինը ուղղակի չի բավարարում պահանջարկը: Բայց բնապահպաններն այս խնդրի շուրջ իրենց բացատրությունն ունեն: Նրանց խոսքերով` խեցգետնի պաշարների նվազման միակ պատճառը սխալ արդյունահանումն է: Արդյունքում Սեւանա լճում խեցգետնի պաշարները վերջին տարիներին նվազել են կրկնակի: Որոշ մասնագետներ պնդում են, որ «չինական ծալովի, մանր անցքերով ցանցերի» կիրառման հետեւանքով է, որ Սեւանա լճում խեցգետինը կտրուկ պակասել է: Բանն այն է, որ խեցգետնի որսի համար կիրառվող այդ էժանագին, չհամապատասխանող ցանցով հանվում է նաեւ մանր խեցգետինը: Բայց մյուս կողմից, հարակից գյուղերի բնակիչներն էլ իրենց հերթին պնդում են, որ լճում` ջրի տակ մնացած, բայց չմաքրված ծառերը, խոտերը, որոնք ժամանակի ընթացքում թունավոր նյութեր են արտադրել, պատճառ են դարձել խեցգետնի չբազմանալուն:
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը անմիջապես հերքեց այդ տարբերակը` նշելով. «Միայն գերորսի արդյունքում է խեցգետնի պաշարները կտրուկ պակասել:Ոչ թե պակասել են, այլ կրիտիկական սահմանին է, ոչնչացման եզրին են: Եւ սրա միակ պատճառը գերորսն է»: Նրա խոսքերով` տարիներ շարունակ տրվել է խեցգետնի մինչեւ 3300 տոննայի չափով որս: Հայտնի փաստ է, որ այդ ամբողջ քանակությունը որսվել է Սեւանա լճից, եւ դրա մեծ մասը արտահանվել ՌԴ: «Պատկերացնում եք` 3 մլն կգ: Ստացվում է, որ մենք ժամանակին գերորս ենք թույլ տվել եւ հիմա դժգոհում ենք»: Հիշեցնենք` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հունվարի 19-ին ստորագրած հրամանով սահմանվել է խեցգետնի որս Սեւանա լճում մինչեւ 500 տոննայի չափով: Բայց սա մի պայմանով, որ որսն իրականացվի կենդանական պաշարների հաշվառման տվյալների հիման վրա` հաշվի առնելով դրանց օգտագործման գիտականորեն հիմնավորված թույլատրելի չափաքանակները: Այս հրամանը նկատի ունենալով` ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից հետաքրքրվեցինք, թե այս տարում խեցգետնի որսը որքան է կազմել: Հարցին ի պատասխան` նա փոխանցեց հետեւյալը. «Այս տարվա համար Սեւանա լճում կնքվել է խեցգետնի որսի 1 տոննայի պայմանագիր: Չկա խեցգետին, չունենք: Թեեւ թույլտվությունն ընթացիկ տարվա համար եղել է մինչեւ 500 տոննայի, բայց կնքվել է մեկ տոննայի պայմանագիր: Իսկ ահա անցած տարում լճից խեցգետնի որսի 48 տոննայի թույլտվություն է եղել, իսկ Աղբյուրակի ջրամբարից` 60 տոննա»-ի:
Չնայած ազգային պարկի ներկայացուցչի թվերին` «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այլ տվյալներ ներկայացրեց: Այսպես, մինչ ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանը հայտարարում է, թե ընթացիկ տարվա համար կնքվել է խեցգետնի արդյունահանման որսի թույլտվության 1 տոննայի պայմանագիր, ՊԵԿ-ից փոխանցեցին, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է 107 տոննա խեցգետին: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարվա համար Աղբյուրակի ջրամբարից պաշտոնապես չի թույլատրվել խեցգետնի որս: Հետեւաբար 107 տոննա խեցգետնի արտահանումն առեղծված է այն դեպքում, երբ արդյունահանվել է 1 տոննա, որն էլ, ըստ Գուլանյանի, իրացվել է ներքին շուկայում: Ըստ ՊԵԿ-ի` նույն ժամանակահատվածում ՀՀ ներկրվել է մոտ 17 տոննա խեցգետին: Այսինքն` բացառում ենք այն տարբերակը, որ այլ երկրից ներկրվել է ՀՀ, ապա արտահանվել մեկ այլ երկիր: Նույն պատկերն է նաեւ անցած տարվա առաջին կիսամյակում. կնքվել է 108 տոննա խեցգետնի արդյունահանման պայմանագիր, բայց առաջին կիսամյակում արտահանվել է 146.1 տոննա խեցգետին: Հարց` որտեղի՞ց է որսացվել մնացած 38.1 տոննան:«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին` եթե 107 տոննա խեցգետին որսալու պայմանագիր որեւէ ընկերություն չի կնքվել, ապա Սեւանա լճում ընթացիկ տարում արդյոք եղե՞լ է այդ քանակությամբ խեցգետին, Գուլանյանն աւձագանքեց. «107 տոննան այդքան էլ մեծ քանակություն չէ, որ ասում ենք քիչ է, չի նշանակում, որ այդքան էլ չկա»: Դե ինչ, հուսանք, որ այս հրապարակումը չի վրիպի իրավապահների աչքից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ մարզի Ակնաբյուր համայնքում «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ ղեկավարության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացված լիցենզիայով իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետբյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները` 3500-10 հազար 500-ական դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը առանց տրանսպորտային միջոցների տեխզննում իրականացնելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 6 միլիոն 700 հազար դրամ: Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացա, որ նշված չարաշահումները կատարվել են 2015-2018թթ.: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով(«Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») եւ 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(«Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»): «Հ. Ա. Ավտոտեխզննում» ՍՊԸ-ն փաստացի պատկանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այդ ընկերության մեծատառ սկզբնատառերը նշանակում են` Հովիկ Աբովյան:

 

«ԱՌԱՆՑ ՆՐԱ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՄ»
Հուլիսի 18-ին` ժամը 14.36-ին, շտապօգնության ավտոմեքենայով անգիտակից վիճակում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի 16-ամյա բնակչուհի: Նա բժշկական կենտրոն է տեղափոխվել դեղեր օգտագործելուց հետո, անգիտակից վիճակում: Ավելի ուշ աղջկան տեղափոխել են Երեւան: Աղջկա ծնողներն ամուսնալուծվել են, նրանք հետո առանձին-առանձին ընտանիքներ են կազմել, աղջիկը գտնվել է տատի խնամակալության տակ, ընտանիքը սոցիալապես անապահով է: Ազատամուտից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աղջիկը բռով դեղ է խմել ինքնասպանության կատարելու նպատակով, նա սիրած տղա ունի, որի պատճառով հարազատի կողմից քննադատվել է: Աղջիկը մինչ մեծ քանակի դեղորայք խմելը գրություն է գրել. «Առանց նրա կյանք չունեմ»: Երեւանի բուժհիմնարկներից մեկում գտնվող 16-ամյա աղջկա առողջական վիճակը բուժօգնություն ցուցաբերելուց հետո բարելավվել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս