ՀԱՅԿԱԿԱՆ ՄՅՈՒԼԼԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՍԸ ՀՔԾ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ Մարտի 1-ի գործով առաջին գործնական քայլը՝ հարցաքննելով Ռոբերտ Քոչարյանին: Թեպետ վերջինս հարցաքննվում է դեռեւս վկայի կարգավիճակով, սակայն իրադարձությունն արդեն իսկ աննախադեպ է անկախ Հայաստանի քաղաքական կյանքում: Հետաքրքիր է, որ նախագահական մակարդակով հարցաքննության խնդիր է առաջադրված նաեւ ԱՄՆ-ում` կապված ընտրություններին ռուսական շրջանակների միջամտության հետ: Այս տեսանկյունից երկու պետությունների իրավապահ մարմինները մեծ ճնշման տակ են ինչպես հանրային, այնպես էլ չերեւացող շրջանակների կողմից:

ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավում ռուսական հետքի շուրջ հետաքննությունն արդեն ընթանում է ավելի քան մեկ տարի: Հետաքննության վերջը դեռեւս չի երեւում` պայմանավորված թե՛ իրավական, թե՛ քաղաքական գործընթացներով: ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունը Թրամփի համար բավականին ծանր հետեւանքներ ունեցավ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը նշանակեց հատուկ դատախազ քննելու Թրամփի նախընտրական քարոզարշավի ու ռուսական գաղտնի շրջանակների կապերի վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը: Փաստորեն, Թրամփի պաշտոնական դիրքի չարաշահումը հանգեցրեց էլ ավելի բարդ իրավիճակի, երբ համակարգը ստիպված եղավ նշանակելու անկողմնակալ անձի քննելու համար նախագահի նախկին գործունեությունը: Սա նախ պայմանավորված էր հանգամանքով, որ շահերի բախում չառաջանա գործադիրի ղեկավարի հետ, ապա նաեւ նրանով, որ Թրամփը կարող է պաշտոնական ազդեցություն ունենալ հետաքննության ընթացքի վրա:
Թեպետ ԱՄՆ-ում նախագահների գործունեությանն իրավական գնահատական տալու պրակտիկան աննախադեպ չէ, սակայն ներկայումս ստեղծված դրությունը արտառոց է իր բնույթով: Թրամփն հասցրել է միջամտել արդարադատության իրականացման ընթացքին, երբ սկզբում ՀԴԲ-ի տնօրենին խնդրել էր քրեական հետապնդում չիրականացնել անվտանգության գծով իր նախկին խորհրդականի նկատմամբ, այնուհետ այդ խնդրանքը մերժելու պատճառով պաշտոնազրկել էր նրան: ՀԴԲ-ի նկատմամբ վերահսկողությունն այդժամ ստանձնեց գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռոդ Ռեզենսթեյնը, որը Թրամփի թիմի ներկայացուցիչ չէ եւ հարաբերականորեն անկախ է: Նրա նախաձեռնությամբ էլ հետաքննության պատշաճ իրականացման համար նշանակվեց հատուկ դատախազ` Ռոբերտ Մյուլլերը: Վերջինս արդեն իսկ հասցրել է մի շարք անձանց մեղադրանքներ առաջադրել, սակայն Թրամփի քարոզչական շտաբի ու ռուսական շրջանակների կապերը ցույց տալ դեռեւս չի հաջողվում: Եվ ահա պայմանավորված այդ հանգամանքով` ամերիկյան մի շարք հանրապետական կոնգրեսականներ գլխավոր դատախազի տեղակալ Ռոզենսթեյնի պաշտոնանկության գործընթաց են նախաձեռնել: Դա պատճառաբանվում է հանգամանքով, որ Մյուլլերը ավելի քան մեկ տարի չի կարողանում հիմնավորել Թրամփի քարոզարշավի ու ռուսական շրջանակների կապը, իսկ գլխավոր դատախազի տեղակալը չի դադարեցնում այդ «անիմաստ» հետաքննությունը: Շեշտվում է նաեւ, որ Ռոզենսթեյնը, իր պաշտոնական դիրքը զանց առնելով, հետաքննության մասին համապատասխան զեկուցումներ չի ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին: Հետաքրքիր է, որ կոնգրեսմենները Թրամփի մերձավորներն են, որոնք ջանք չեն խնայում հետաքննության առաջ խոչընդոտներ հարուցելու համար: Իսկ իրականում հետաքննությունը գործնականում առաջ չի գնում Թրամփի ունեցած նախագահական անձեռնմխելիության պատճառով: Խնդիրն այն է, որ նախագահն օգտվում է քրեական գործում հարցաքննվելու կամավորության իրավունքից, իսկ հաշվի առնելով Թրամփի էքսցենտրիկ բնավորությունը` նրա իրավաբանները խորհուրդ չեն տալիս Մյուլլերի հետ դեմ առ դեմ նստել ու պատասխանել վերջինիս հարցերին: Սա հատկապես ակնհայտ դարձավ Մյուլլերին սպառնալիքներով հետաքննությունից ետ պահելու փորձերի տապալումից հետո:
Հայաստանում իրավիճակը քիչ այլ է, քանի որ նախ Մարտի 1-ի գործն իր մասշտաբով անհամեմատելի է ամերիկյան հետաքննության հետ: Միաժամանակ, եթե ԱՄՆ-ում հարցն առնչվում է գործող նախագահին, Հայաստանի պարագայում գործ ունենք նախկին նախագահի հետ: Քոչարյանի վերաբերմունքը Մարտի 1-ի գործին նախորդ տարիներին եղել է խիստ քամահրական` առաջին հերթին պայմանավորված Սերժ Սարգսյանի` գործը չբացահայտելու շահագրգռվածությամբ: Թավշյա հեղափոխությունը, սակայն, Քոչարյանին հարկադրեց խոսել Մարտի 1-ի մասին: Նրա վերջին «հարցազրույցը» լիովին ինքնապաշտպանական բնույթի էր, որտեղ ուրվագծվում էին դեպքերի համար պատասխանատու չորս թիրախներ: Առաջինը ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն էր, որն այլեւս ողջ չէ, սակայն այն ժամանակ իբր Քոչարյանին զեկուցել էր, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր պետական համակարգը կազմաքանդելու մասին: Երկրորդը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն էր, որն իբր համապատասխան զենք-զինամթերք ուներ եւ պատրաստվում էր պետական հեղաշրջում կատարել հօգուտ ընդդիմության: Երրորդը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն էր, որը իբր ինքնուրույնաբար էր կազմել 0038 հրամանը: Չորրորդը Սերժ Սարգսյանն էր` որպես գործադիրի ղեկավար, որը պետք է ի պաշտոն վերահսկեր պաշտպանության նախարարությանը: Ենթադրվում է, որ Քոչարյանը հենց այդ թեզերն էլ առաջ է բերել ՀՔԾ-ում կայացած հարցաքննության ժամանակ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Գագիկ Համբարյանը կվերադառնա Շիրակի պետական համալսարան: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գ. Համբարյանի պահանջը` նախկին ռեկտորի հրամանն անվավեր ճանաչելու, պատմության ամբիոնում աշխատանքը վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձը բռնագանձելու մասին հայցը, բավարարել է ամբողջությամբ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց, կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում: «Ես եւ պարոն Խորիկյանը պայքարել ենք Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, ինչի համար քրեական գործ է հարուցվել: Նաեւ ՊԵԿ-ն է խայտառակ բացահայտումներ արել մեր գրառումների միջոցով: Սա ապացույցն է այն բանի, որ ես ու պարոն Խորիկյանը զրպարտությամբ չէինք զբաղվում: 15 տարի աշխատել եմ այդ բուհ-ում, ու որեւէ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական եւ գիտամեթոդական գործունեությունից: Մինչեւ հիմա Պարոն Մինասյանն ու իր ֆան ակումբը չկարողացան ինչ-որ մեկին գտնել, որ իմ դեմ կեղծ մեղադրանքներ առաջադրեին: Դա Սահակ Մինասյանի գործելաոճն է: Այս վճիռը ՇՊՀ-ի գիտական խորհրդի խայտառակ պատկերն է»,- նշեց դասախոսը: Մի քանի օրից կմեկնարկի այս անգամ բուհի մեկ այլ դասախոսի՝ Հովհաննես Խորիկյանի ներկայացրած նմանատիպ հայցի քննությունը: Գ. Համբարյանի եւ Հ. Խորիկյանի աշխատանքային պայմանագրերը լուծարվել են նույն հիմքով՝ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ կետով (աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը) եւ 122-րդ հոդվածի 2-րդ կետով (ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք)։ Աշխատանքային պայմանագիրը լուծարելու հիմք են հանդիսացել ՇՊՀ Գիտական խորհրդի, ինչպես նաեւ նույն խորհրդի որոշմամբ ստեղծված էթիկայի հանձնաժողովի որոշումները:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Շիրակ

 

 

ՔՐԳՈՐԾ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԻ ԴԵՄ
Օրեր առաջ Քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը: «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի` համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձեւակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ եւ դրանք տրամադրել վճարովի հիմունքներով` հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս»,-նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԳԱԶԱՏԱՐԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնադրամի կողմից «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD) ստացված վարկային միջոցներով 2014թ. ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս գյուղերի գազիֆիկացումը: 4 տարի է անցել, սակայն այդ գյուղերի բնակիչների մի մասը դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից:

Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Գյուղերի բնակիչները յուրաքանչյուր գծամետր խողովակ անցկացնելու համար պետք է վճարեն 4 հազար դրամ: Այդ գումարը ներառում է ե՛ւ խողովակի արժեքը, ե՛ւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազիֆիկացման ծախսը կազմում է 80-100 հազար դրամ եւ ավելին` կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Ներկայումս Բարեկամավան գյուղում բնական գազի բաժանորդ չկա, Կոթիում ընդամենը 70 բաժանորդ գոյություն ունի, Ոսկեվանում, Բաղանիսում, Ոսկեպարում բնակիչների մի մասն է բաժանորդ: Ռուսաստանում բնակվող, Ոսկեպարից սերված գործարար Յուրա Աղբալյանը վճարել է իր համագյուղացիների տները գազի խողովակներ անցկացնելու գումարը, սակայն աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, Ոսկեպարի բնակիչների մի մասն է գազի բաժանորդ: Հուլիսի 21-ին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ Նոյեմբերյանում հանդիպման ժամանակ սահմանամերձ գյուղերի ղեկավարները բարձրացրել են այդ գյուղերի տներ գազատար անցկացնելու թանկ վճարի հարցը: Նախարարն ասել է, որ ինքը ծանոթ է խնդրին, կփորձի հարցի լուծումը գտնել, բանակցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս