ՌԴ-Ն ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն լինում»: Ընդգծելով, որ ՌԴ-ն որպես Երեւանի դաշնակից, մշտապես հետաքրքրված է ՀՀ կայունությամբ՝ «Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում, չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաեւ ԱՊՀ տարածքի կազմակերպությունների բնականոն աշխատանքի մասով»։ Վերջում Լավրովը եզրափակել է. «Վերջին օրերին մենք մեր այս մտահոգությունները մի քանի անգամ հասցրել ենք Հայաստանի ղեկավարությանը՝ ընդգծելով ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն միավորումների կարեւորությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կառուցողական զարգացում կստանա»:
ՀՀ իշխանությունները չեն շտապում արձագանքել Լավրովի հայտարարություններին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար երեկ երեկոյան դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանին ու ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին: Սակայն նրանք չմեկնաբանեցին՝ խորհուրդ տալով սպասել:
Նկատենք, որ սա թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջին բացահայտ անհամաձայնությունն է: ՌԴ այս արձագանքից կարելի է ենթադրություններ անել: Կարելի է ենթադրել՝ սա ՌԴ պատասխանն է Փաշինյանի դեռ հուլիսի 20-ի ասուլիսում արած հայտարարությանը, երբ ասել էր, թե չի հավատում, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմի վերսկսում: ՌԴ-ում այս խոսքերը սուր են ընդունել, ու հիմա փորձում են այսկերպ պատասխանել: Կարելի է ենթադրել՝ ՌԴ-ն այս հայտարարությամբ պարզապես փորձում է ցույց տալ, որ անտարբեր չէ մարտի 1-ի գործով անցնող ՀՀ նախկին իշխանավորների նկատմամբ, որոնք ժամանակին անմնացորդ հպատակվել են ՌԴ-ին: Ասել է թե՝ ՌԴ-ն խոսել է պարտքի զգացումից ելնելով, թեեւ՝ Լավրովը որեւէ անուն չի տվել: Ամեն դեպքում սպասենք ՀՀ արձագանքին:

 

 

Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է եւ շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ գիտակցում է՝ արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնվելու շանս չունեն: Ուստի ռեվանշի հեռահար ձգտումով փորձելու են ամեն կերպ հետաձգել այդ ընտրությունների անցկացումը: Միաժամանակ, արտահերթ ընտրությունները նաեւ ԲՀԿ-ի սրտով չէ, քանի որ իրենք եւս վտանգ են կանխազգում՝ կա՛մ ԱԺ անցողիկ շեմը կհաղթահարեն դժվարությամբ՝ չունենալով լայն ներկայացվածություն, կա՛մ մինչ այդ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այս կուսակցությունը միգուցե դուրս մղվի քաղաքական թատերաբեմից, երբ միգուցե ընդհանրապես հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին:

 

 

Հուլիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Առայժմ Թուրքիան պաշտոնապես չի արձագանքել այս հայտարարությանը, սակայն հետաքրքիր է փաստը, որ Փաշինյանի կառավարության կազմում ընդգրկված է նաեւ ՀՅԴ-ն, որը 2009թ. դուրս եկավ իշխող կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը, ըստ այդմ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու պատճառաբանությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե հնարավո՞ր է` ՀՅԴ-ն դեմ գնա Փաշինյանի այս հայտարարությանը, դադարեցնի համագործակցությունը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է. «Ոչ: Այնպես չէ, որ Փաշինյանն ասում է` վաղն ինչ-որ գործընթաց է սկսելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման համար»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին քաղբանտարկյալ Վահան Շիրխանյանը, որ վերջերս է ազատվել կալանքից, հարցին՝ Մարտի 1-ի պատասխանատուների ցանկը միայն Քոչարյանո՞վ է սահմանափակվելու, թե՞ ոչ, ասել է. «Մարտի 1-ում առավելագույն մասնակցությունը նրա կազմակերպման, իրականացման, իսկ այնուհետ պարտակման գործում ունեցել է Սերժ Սարգսյանը: Զորքերի տեղաշարժը Արարատից, Արմավիրից եւ Վանաձորից իրականացվել է նրա հրամանով: Այստեղ իրենց պատասխանատվության բաժինը ունեն Անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ, ԱԱԾ, Ոստիկանության ղեկավարները, Ռազմական ոստիկանությունը, օլիգարխների թիկնապահական հանցախմբերը»: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հավանականությանը, նա նշել է. «Եթե մարտի 1-ը նախ պետք էր Սերժին, հետո միայն Ռոբերտին, ապա հոկտեմբերի 27-ը պետք էր նախ Ռոբերտին, հետո միայն Սերժին: Այն վճռականությունը, որին ականատես ենք ի դեմս վարչապետի, լուրջ հիմքեր է տալիս հուսալու, որ կբացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ի ազգադավ հանցագործությունը»:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
Ի սկզբանե ակնհայտ էր՝ մարտի 1-ի դեպքերի բացահայտման ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության քայլերը կարժանան ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի թիմերի կոշտ դիմադրությանը: Ու հիմա, երբ Ռոբերտ Քոչարյանն այդ գործի շրջանակներում կալանավորված է, երբ ամեն րոպե սպասվում է ՀՔԾ հաղորդագրությունը Սերժ Սարգսյանին առայժմ որպես վկա հարցաքննության հրավիրելու մասին, նոր իշխանության դեմ լուրջ գրոհ է սկսվել մանիպուլյացիոն ամենատարբեր հնարքների կիրառմամբ:
Նախկին իշխանությունները հիմա փորձ են անում հասարակության մոտ կարծիք ձեւավորել, թե իբր մարտի 1-ի գործի վերաբացումն անձնական վրեժխնդրության փորձեր են, քանի որ Փաշինյանն ինքը այդ գործի շրջանակներում ժամանակին քաղբանտարկյալ է եղել ու հիմա ունենալով իշխանություն` իրեն «նստեցնողներին» բանտ է տանում: Բացի այդ, փորձ է արվում տպավորություն ստեղծելու թե Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի շրջանակներում քայլերն անում է ոչ թե միայնակ, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թելադրանքով: Եւ ընդհանրապես, փորձ է արվում տեսակետ ձեւավորել, թե իբր Նիկոլ Փաշինյանը դուրս չի եկել Տեր-Պետրոսյանի ազդեցությունից:
Դե քանի որ Փաշինյանը նախկինում եղել է Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային անդամներից մեկը (2013թ.-ից նրանց հարաբերությունները բացարձակ խզվել էին), վերջերս տեւական դադարից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը, քարոզչամեքենան իր տեսակետները հիմնավորելու համար բերում է այդ փաստարկները: Պատահական չէ, որ սկզբում այս տեսակետը փորձ էր արվում տարածել տարբեր լրատվամիջոցներով, հիմա այս տեսակետը բացահայտ արտահայտում են հայտնի գործիչներ: Մասնավորապես, երեկ տարբեր ասուլիսների ժամանակ նման միտք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նախագահական ընտրությունների մշտական թեկնածու Արամ Հարությունյանը եւ այլ գործիչներ:
Այդօրինակ մանիպուլյացիաների նպատակը մեկն է. մի կողմից հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել մարտի 1-ի գործով ռեալ բացահայտումների գնալուց, մյուս կողմից ստիպել Փաշինյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմ անի այնպիսի քայլեր, որպեսզի հետագայում նրանց միջեւ բացառվի որեւէ համագործակցություն: Պատահական չէ, որ ողջ հակաքարոզչությունը սկսվեց հենց առաջին նախագահի հետ հանդիպումից հետո, քանի որ նրանց հնարավոր համագործակցությունը սարսափեցնում է շատերին:




Լրահոս