Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում փակ քվեարկությամբ որոշվեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն դերասան եւ վերջերս այդ կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանն է: Նա երկրորդ փուլի արդյունքներով 3 ձայնով առաջ էր անցել ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստեղծված իրավիճակն իրականում խորը արմատներ ունի: Ի վերջո, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ի սկզբանե այդ պաշտոնը նախատեսված է եղել հենց Ալեն Սիմոնյանի համար: Սակայն ինչ եղավ երկու ամսվա ընթացքում:

Պաշտոնների բաշխում
Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ս. թ. մարտի 31-ին սկսեցին իրենց քայլարշավը, հանրության գերակշիռ մեծամասնությունը չէր պատկերացնում, որ հաղթանակի կհասնեն՝ ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, եւ ընդհանրապես, կկարողանան իշխանությունից հեռացնել ՀՀԿ-ին: Եվ, երբ արդեն հստակ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետ լինելու, կուսակցությունում սկսել են պաշտոններ բաշխելու գործընթացը: Մասնավորապես, կուսակցությունում ցուցակ են կազմել, թե ում որ պաշտոնում են ուզում տեսնել: Ընդ որում` եղել են պաշտոններ, որոնց ընտրությունը դժվար է եղել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ամենաերկար քննարկումները եղել են Մշակույթի նախարարի թեկնածուի ժամանակ: Սկզբում թեկնածու չեն ունեցել, բայց քննարկումներից հետո որոշում է կայացվել նախապատվություն տալ Լիլիթ Մակունցին: Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի պաշտոնների հարցը շատ հեշտ եւ արագ է լուծվել` առանց երկար քննարկելու: Շատ արագ են կատարվել նաեւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ընտրությունը: Իսկ ահա Արայիկ Հարությունյանին երկու առաջարկ է եղել` նա ցանկանում է զբաղեցնել կրթության եւ գիտության նախարարի, թե Երեւանի քաղաքապետի պաշտոնը, վերջինս էլ մեկ օր ժամանակ խնդրելուց հետո ընտրել է առաջին տարբերակը: Եվ հենց նա էլ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է առողջապահության նախարար նշանակել Արսեն Թորոսյանին: Այդ օրերին ցուցակի մեջ Ալեն Սիմոնյանի դիմաց արդեն «գրվել» է «Երեւանի քաղաքապետ», մանավանդ որ նա ավագանու անդամ էր եւ կարող էր զբաղեցնել այդ պաշտոնը:
Եւ հիմա այսօր ստացվում է` այդ ցուցակում ներառված բոլոր անձինք ստացել են իրենց խոստացված պաշտոնները, բացի Ալեն Սիմոնյանից: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, այս իրավիճակի պատճառները կարող են մի քանիսը լինել:
– Ամենաառաջին պատճառը կարող է լինել այն, որ Ա.Սիմոնյանը դրանից հետո այնպիսի քայլեր է արել, որոնք դուր չեն եկել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ այստեղ տեղին է հիշեցնել Ալեն Սիմոնյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու պատմությունը, երբ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ արձագանքել էր՝ Սիմոնյանի քայլն իր հետ համաձայնեցրած չէր:
– Երկրորդ պատճառը կարող է լինել նաեւ այն, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Նիկոլ Փաշինյանն այլեւս Ալեն Սիմոնյանին չի տեսել քաղաքապետի պաշտոնում:
– Կամ էլ չի բացառվում, որ Հայկ Մարությանն ավելի լավ կարողացավ համոզել Նիկոլ Փաշինյանին, քան հենց Ալեն Սիմոնյանը:
– Հանուն արդարության նշենք, որ Ալեն Սիմոնյանը, ի տարբերություն վերը թվարկված բոլոր գործիչների, ինքնուրույն կայացած կերպար է, ունի մեծ շրջապատ, եւ գարնանային հեղափոխության ժամանակ մեծ է եղել նրա դերակատարումը, քանի որ հանրության լայն շրջանակների մոտ նա ունի դրական իմիջ:

Թեժ ընտրություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստը, որի ժամանակ տեղի ունեցավ քաղաքապետի թեկնածուի ընտրությունը, չի անցել հանգիստ: Այն մասնավորապես տեւել է 5 ժամից ավելի, եւ ՔՊ-ում եղել են 8 թեկնածուներ, սակայն 5-ը ինքնաբացարկ են հայտնել մինչեւ առաջին փուլի ընտրությունը, իսկ առաջին փուլում էլ նրանցից Սրբուհի Ղազարյանը մեկ ձայն էր ստացել, Հայկ Մարությանը` 6, Ալեն Սիմոնյանը` 5, 1 քվեաթերթիկ էր անվավեր էր ճանաչվել: Իսկ ահա երկրորդ փուլում Հայկը ստացել է 8 ձայն, Ալենը` կրկին 5: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի ու կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ձայները հենց Ալեն Սիմոնյանի կողմն են եղել: Ինքնաբացարկ հայտնողներից մեկն էլ եղել է հենց Արայիկ Հարությունյանը, ում այդ պաշտոնին փորձում էր առաջ տանել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն չստացվեց: Եվ այժմ ՔՊ-ի թիմը ընտրության կգնա Հայկ Մարությանի դեմքով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՈՒՄՈ՞Վ ԷՐ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ
Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց եւ հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Միայն թե պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսպես է մեկնաբանել. «Չեք բացառո՞ւմ, որ այս հայտարարության իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարցերը առաջանար: Այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»: Ասել է թե` հիմա փնտրվում են կուսակցություններ, որ կցանկանան իրենց ցուցակի առաջին համարում տեսնել Քոչարյանին: Հետաքրքիր է՝ ո՞վ կունենա նման համարձակություն:

 

 

ՎԱԽՈՎ ԱՊՐԵԼ
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարեւոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տեւական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ, եւ մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց` Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոն նշանակեցին, եւ Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նա եւս հավաքեց իրերը եւ հեռացավ այդ պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ում առաջարկում են ղեկավարել այդ դեպարտամենտի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ եւ կոռուպցիոն որեւէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրաժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում:

 

 

ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որեւէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը: Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետեւ նախկինում իշխանական որեւէ կլանի անդամ չի եղել:

 

 

ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ կա մտադրություն կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում: «Այժմ ընթանում են քննարկումներ այդ հանդիպման կազմակերպման շուրջ: Մենք կարող ենք հաստատել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման աշխատանքներին ու քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաեւ ԱՄՆ եւ ՀՀ ղեկավարների հանդիպումը»,-ասել է Տ. Բալայանը: Սակայն այս պահի դրությամբ չի կարող ասել, որ վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել: Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Սլովակիայից Ադրբեջան սպառազինությունների ապօրինի փոխանցման խնդրին: «Հայկական կողմը երկկողմ խողովակներից բացի հարցը բարձրացրել է նաեւ ԵԱՀԿ շրջանակներում` նկատի ունենալով, որ Սլովակիան գալիք տարում նախագահելու է այդ միջազգային կազմակերպությունը»,-ասել է նա: Հարցին, թե ՀԱՊԿ անդամ երկու երկիր էլ` Բելառուսն ու Ռուսաստանը, շարունակում են սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, ՀՀ նոր իշխանությունները ինչպե՞ս են բարձրացնում այդ հարցը, Տ. Բալայանը պատասխանել է. «Մենք այդ հարցը բարձրաձայնել ենք բելառուս եւ ռուս գործընկերներին: Մեր դիրքորոշումն այն է, որ չկենտրոնանանք մեկ երկրից մատակարարումներին: Այն երկրում, որտեղ հայտնվում է այդ զենքը, իրենք էլ գլուխ են գովում, ասում են` այ տեսեք, զարտուղի ճանապարհներով բերել ենք»,-շեշտել է նա:

 

 

ԱՍՈՒՄ Է՝ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ
Բաքուն եւ Երեւանը համաձայնել են երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՆյուՅորքում: «ԼվՑպՐՒՈՍր-ԸջպՐոՈռՊՋՈվ»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում:

 

 

ՀՅԴ-Ն ՉԻ ՈՐՈՇԵԼ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռեւս չի որոշել, թե ով է գլխավորելու ՀՅԴ ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանն ասել է. «Մենք դեռ քաղաքապետի թեկնածու չենք որոշել, ունենք մի քանի տարբերակներ, եւ հարցը դեռ քննարկման փուլում է»: Նա հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ՀՅԴ-ում ցանկություն կա քաղաքապետի թեկնածու առաջադրել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իրավաբան Սուրեն Պարսյանին, ով նաեւ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն է: «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, այսինքն՝ չկա նման տարբերակ»,-ասել է նա:

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է
Ադրբեջանը հրաժարվում է Նախիջեւանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում անցկացնելուց, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` հայկական կողմը կարեւորություն է տալիս ԵԱՀԿ դիտարկումներին, այդ թվում նշված ուղղությամբ` հաշվի առնելով, որ դրանք կարող են զսպող գործոն լինել: Այդ խնդրանքով Երեւանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն Ադրբեջանը հրաժարվում է այդ ուղղությամբ դիտարկում անցկացնելուց: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը Նախիջեւանի ուղղությամբ սկսել էր ակտիվորեն առաջ շարժվել չեզոք գոտում: Ընդ որում` իր տարածքում եւ չեզոք գոտում իր տեղաշարժերը նա ներկայացնում էր որպես տարածքների «ազատագրում»:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Արսեն Գասպարյանին իր գլխավոր խորհրդական նշանակելու մասին:




Լրահոս