Վերջին ժամանակներում հասարակական քննարկումների առարկա է դարձել 2008 թվականին Նախագահի կողմից
ընդունված արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը: Ինքնին նման քննարկումների առկայությունը գովելի է և վկայում է հասարակության իրավագիտակցության և քաղաքացիական գիտակցության մակարդակ բարձրացման մասին: Այնուամենայնիվ, նման քննարկումները, որոնք հաճախ անցկացվում են մասնագիտական պատրաստություն չունեցող անձանց շրջանում, տարածվելով հասարակության լայն շրջանակներում, կարող են սխալ կարծիք ձևավորել քննարկվող հարցի վերաբերյալ: Նկատի ունենալով այս վտանգը՝ ցանկանում ենք բացառապես մասնագիտական տեսանկյունից անդրադառնալ հրամանագրի օրինականության հարցին: Նշված հարցը առավել խորը ընկալելու համար անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի տարածված միֆերի, որոնց վտանգավորությունը նրանում է, որ դրանցում օգտագործվում են իրավաբանական եզրույթներ և դրանով քաղաքացիների շրջանում ստեղծում թյուր տպավորություն, որ գործ ունեն մասնագիտական կարծիքի հետ:
Ստորև կներկայացնենք այդ միֆերից ամենատարածվածները և այնուհետև կապացուցենք դրանց սխալականությունը.
Միֆ 1: Արտակարգ դրություն սահմանող հրամանագիրը ապօրինի էր, քանի որ ընդունվել է արտակարգ դրության
ռեժիմը սահմանող օրենքի բացակայության պայմաններում: Նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2005 թվականի Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված է, որ քանի դեռ Ազգային ժողովի կողմից չի ընդունվել համապատասխան օրենքը, Նախագահն պարտավոր է հայտարարել արտակարգ դրություն այն դեպքում, երբ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ: Նման իրավիճակում Նախագահն էր որոշում այն գործիքակազմը, որն անհրաժեշտ էր առաջացած վտանգը չեզոքացնելու համար:
Հավելենք, որ իրավաչափ էր նաև հրամանագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը Զինված ուժերի ներգրավումը, քանզի 2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդվածով նախատեսված էր, որ Զինված ուժերը, ի թիվս այլոց, ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այս նորմի կապակցությամբ պետք է նաև հիշատակել, որ ներգրավված ստորաբաժանումները իրականացնում էին բացառապես ստրատեգիական նշանակության կառույցների անվտանգության ապահովումը (Օրինակ՝ Կենտրոնական բանկ, Կառավարություն և այլն) և չնայած տարատեսակ մեկնաբանությունների՝
Սահմանադրությունում հիշատակվող «անվտանգություն» եզրույթը ներառում է նաև ներքին անվտանգությունը, մասնավորապես՝ սահմանադրական կարգի ապահովումը, որը տվյալ դեպքում արտահայտվել է նշված օբյեկտների պաշտպանությամբ, քանի որ առանց դրանց պատշաճ աշխատանքի գործ կունենայինք սահմանադրական կարգի
տապալման հետ ինչը կհանգեցներ այնպիսի միջոցառումների իրականացման անհնարինությանը ինչպիսին է
արտաքին վտանգներից երկրի պաշտպանությունը:
Միֆ 2: Արտակարգ դրություն սահմանող հրամանագիրը ապօրինի էր, քանի որ սահմանափակել է մարդու հիմնարար
իրավունքները և ազատությունները, որոնք կարող են սահմանափակվել միայն օրենքով: Ստորև ներկայացվելիք վերլուծությունը ճիշտ հասկանալու համար պետք է հստակ տարբերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայիով (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) սահմանված հետևյալ երկու եզրույթները. սահմանափակում և շեղում: Սահմանափակում եզրույթը ենթադրում է, որ անձը ամբողջովին օգտվում է իրեն տրված իրավունքից, սակայն որոշակի վերապահումներով, օրինակ՝ անձը իրավունք ունի հավաքներ կազմակերպել, սակայն ոչ երեկոյան ժամերին, քանի որ կարող է խախտել հասարակական անդորրը: Իսկ սահմանված իրավունքներից շեղումը ենթադրում է որոշակի իրավունքների և ազատությունների ժամանակավոր վերացում այն պայմանով, որ առկա է ազգի կյանքին սպառնացող վտանգ: Լրացուցիչ պայման է նաև այն, որ շեղումը պետք է դադարի վտանգի չեզոքացումից հետո:
Սխալ է նաև 2-րդ պնդումը, քանի որ գործ ունենք եզրույթի սխալ կիրառման հետ, մասնավորապես՝ Մարդու իրավուքնների եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ հիմնարար ազատությունները և իրավունքները կարող են սահմանփակվել միայն օրենքով, սակայն միաժամանակ իր 15-րդ հոդվածում արձանագրում է, որ Կոնվենցիայով ճանաչվող իրավունքներից և ազատություններից հնարավոր է շեղում, երբ առկա է արտակարգ դրություն կամ ազգի անվտանգության սպառնացող այլ իրավիճակ: Կոնվենցիայի 15-րդ հոդվածում չկա նշում այն մասին, որ շեղումը պետք է իրականացվի բացառապես օրենքով: Նման կարգավորումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ազգի անվտանգությանը սպառնացող վտանգը կարող է պահանջել ոչ ստանդարտ լուծումներ և դրանք օրենքով պարտադիր սահմանելը կարող է սահմանափակել իրավասու մարմինների գործունեության արդյունավետությունը: Ավելին՝ կարևոր է նաև ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներում արձանագրել է, որ յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում, թե որ իրավիճակը համարել ազգին սպառնացող վտանգ: Այս առումով իրավաչափ է այն կարգավորումը ըստ որի Նախագահն էր որոշում, թե երբ է առկա ազգին սպառնացող վտանգ, քանի որ այդ պարտականությունը նրա վրա ժամակավորապես դրված էր Սահմանադրության կողմից: Այսպիսով կարող ենք փաստել, որ Կոնվենցիայով նախատեսված իրավունքներից շեղումները լիովին իրավաչափ էին և համապատասխանում էին Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:
Նշվածից պետք չէ եզրակացություն անել, որ պետությունը կարող է դիմել ցանկացած կամայակաության՝
արդարացնելով այն ազգի կյանքին սպառնացող վտանգով: Կոնվենցիայով նախատեսված է, որ սահմանված
պարտականություններից շեղվելու դեպքում պետությունը պարտավոր է տեղեկացնել միջազգային հանրությանը
կիրառված սահմանափակումների և դրանց պատճառների մասին: Նման կարգավորումը նախատեսված է նրա համար,
որ եվրոպական հանրությունը կարողանա վերահսկել սահմանփակումների իրավաչափությունը:
Միֆ 3: Արտակարգ դրություն սահմանող հրամանագիրը ապօրինի էր, քանի որ պաշտոնյաների կողմից տեղի են
ունեցել չարաշահումներ: Այս պնդման սխալը նրանում է, որ նույնականացվում են հրամանագիրը և դրանով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում առանձին պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումները: Հրամանագրի օրինական լինելը չի բացառում այն, որ դրա իրականացման ընթացքում կարող են տեղի ունենալ չարաշահումներ: Հավելենք նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես չի նույնացնում արտակարգ դրության օրինականությունը, որը հայտարարվում է ազգին սպառնացող վտանգը չեզոքցնելու համար և դրա ընթացքում կիրառված միջոցառումների օրինականությունը:
Միֆ 4: Հրամանագիրը անորոշ կերպով էր կարգավորում իրավունքների սահմանփակմանը վերաբերող դրույթները: Նշված պնդումը հաշվի չի առնում երկու հանգամանք. առաջինը այն է, որ հրամանագիրը ընդունվել է սահմանդրական կարգին սպառնացող վտանգի պայմաններում և պահանջել է հրատապ լուծումներ և եթե հրամանագրում մանրամասն շարադրվեր յուրաքանչյուր պաշտոնյայի կողմից թույլատրելի և ոչ թույլատրելի գործողությունների սպառիչ ցանկը, ապա այդ դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը անհարկի կձգձգվեր ինչը իր հերթին կարող էր հանգեցնել անդառնալի հետևանքների, երկրորդը՝ հրամանագրում հստակ կերպով սահմանված են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեին, իսկ իրավապահներին մնում էի միայն գործել օրինականության սահմաններում: Վերջում հավելենք նաև, որ քննարկման առարկա հրամանագիրը անհրաժեշտ և իրավաչափ է ճանաչվել Ազգային Ժողովի կողմից:
Սարգիս Գրիգորյան, GPartners