ԻՆՔԸ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՎՈՅԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի խորհրդարանի 15 պատգամավորներ ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել ՀՀ դատախազին խնդրանքով, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի, եւ նա ազատ արձակվի։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի հետ։

-Պարո՛ն Թովմասյան, ո՞վ էր նախաձեռնել ստորագրահավաքը` Դո՞ւք, ԱԺ նախագա՞հը, թե՞ Արցախի նախագահը։
-Հաշվեք, որ նախաձեռնությունը ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի կողմից է, որովհետեւ առաջինը ես եմ ստորագրել։ Իսկ երիտասարդ պատգամավորները համարյա չեն ստորագրել։
-Չե՞ն ցանկացել։
-Ամեն մարդ ինքն է որոշում՝ ստորագրի, թե ոչ։
-Այսինքն՝ չե՞ք ստիպել։
-Ո՛չ, ո՛չ։
-Խորհրդարանի 33 Ձեր պատգամավորներից փաստորեն մոտ կե՞սն են ստորագրել։
-Այո՛։
-Այսինքն, ոչ բոլորի համար էր դա ընդունելի՞։
-Ես չգիտեմ։ Կուսակցություններ կան, որոնք չեն միացել։ Դա իրենց անձնական որոշումն է։
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշել եք միանալ այդ նախաձեռնությանը։
-Երբ կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին, ես ցավ ապրեցի։ Երբ ես Արցախի Ազգային ժողովի նախագահն էի, ինքը երկրի նախագահն էր։ Մեր համատեղ աշխատանքը եղել է բարդ, բայց հաճելի, արդյունավետ։ Եվ ես բարոյական իրավունք չունեի… ես ստորագրել եմ Արցախի նախագահի համար եւ Արցախի հերոսի համար։
-Եվ ուզում եք, որպեսզի Քոչարյանն ազատ արձակվի՞։
-Խափանման միջոցը փոխվի։
-Դուք չե՞ք ցանկանում, որպեսզի Մարտի 1-ի դեպքերը բացահայտվեն։
-Ես կարեւորում եմ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը, բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը։ Դրանից ելնելով՝ մոտ 15 պատգամավորներ ստորագրել ենք տարբեր կուսակցություններից։
-2008-ին Քոչարյանը եղել է ՀՀ նախագահը։ Նա առնվազն քաղաքական պատասխանատվություն կրում է։
-10 տարի նա աշխատել է նախագահի պաշտոնում, եւ ես այդ ընթացքում ոչ մի անգամ նրա հետ չեմ առնչվել։ Բայց ես համոզված եմ, որ դատական գործընթացը կընթանա ՀՀ սահմանադրության եւ օրենսդրության տառին եւ ոգուն համահունչ։ Եվ ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Եվ համաձայն եմ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որ պետք է կալանավորումը փոխարինել կալանքի հետ չկապված միջոցով։
-Այսինքն` քննությունն ընթանա եւ պարզվի՝ Քոչարյանը մեղավո՞ր է, թե՞ ոչ։
-Ես ասեմ` մենք արդարադատությանը չենք խառնվում։ Մենք վստահում ենք ՀՀ արդարադատության համակարգին։ Համոզված ենք, որ դատական գործընթացը ընթանալու է ոչ թե քաղաքական, այլ իրավական դաշտում։ Մենք համոզված ենք, որ այդ կերպ է հնարավոր պայքարել ապօրինությունների դեմ։ Իսկ ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի մեղադրանքին, դրա հավաստիությունը, արդարացիությունը ես չեմ կարող գնահատել։ Դա դատարանի բացառիկ գործառույթ է։ Սակայն ակնկալում ենք, որ գործընթացը կընթանա թափանցիկության եւ արհեստավարժության պայմաններում։ Իսկ եթե Ռ. Քոչարյանը մնա ազատության մեջ, որ ասում են կխոչընդոտի գործընթացին, ես համամիտ չեմ։ Ինքը Հայաստանը չի թողնի, հեռանա եւ կպատասխանի բոլոր հարցերին էլ։ Ես խոսում եմ այն Քոչարյանի մասին, որի հետ աշխատել եմ։
-Իսկ գուցե նա փոխվե՞լ է։
-Իմ հրաժարականից հետո 10 տարվա մեջ մենք չենք հանդիպել։ Իսկ հետո մի երկու անգամ հանդիպել ենք Արցախում։
-Եթե մեղադրանքը հաստատվի, ի՞նչ պետք է արվի՝ ըստ Ձեզ։
-Ամեն մարդ ինքն է պատասխան տալիս իր կատարած ե՛ւ լավ, ե՛ւ վատ արարքի համար։ Նախագահը միանձնյա որոշում չի կայացնում։ Լինում են տարբեր կարծիքներ. ավելի կոշտ կարծիքներ։ Նայեք, թավշյա հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանը միանգամայն ուրիշ որոշում կայացրեց. ՀՀ նախագահը չգնաց բախումների եւ ասաց, որ Նիկոլ, դու ճիշտ ես։
-Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն է կրում Մարտի 1-ին կատարվածի համար։
-Նա պատասխանատու է այնքանով, որքանով որ եղել է ՀՀ երկրորդ նախագահն այդ պահին։ Իսկ մնացածը թող արդարադատությունը որոշի։ Ինչ կարիք կա երկրորդ նախագահին պահել կալանքի տակ։ Ինքը բնավորությամբ վոյին է, եթե եկել է, ապա իրեն կարելի է հարցաքննել, բայց ոչ թե կալանքի տակ պահելով հարցաքննել։ Մենք ուղղակի խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվի կալանքի հետ կապ չունեցող խափանման միջոցով։
-Իսկ մարտի 1-ին Արցախից զորքեր բերվե՞լ են։
-Չկա Հայաստանի բանակ, չկա Արցախի բանակ, կա հայկական բանակ։
-Իսկ բանակի արցախյան հատվածը ներգրավված եղե՞լ է։
-Անհնարին է, որ որեւէ արցախցի կրակած լինի։ Մենք՝ Արցախի ժողովուրդս, քիչ չենք շահագրգռված, որպեսզի բացահայտվեն Մարտի 1-ի դեպքերը, քան ՀՀ մեր հայրենակիցները։ Թող բացահայտեն։ Ես դրանում համոզված եմ, որ կբացահայտեն…ով է սպանել..։
-Իսկ երբ Մարտի 1-ը տեղի ունեցավ, ինչո՞ւ Արցախից որեւէ պաշտոնյա չպահանջեց ՀՀ իշխանություններից, որպեսզի բացահայտվեն սպանությունները։
-Ես նորից եմ կրկնում՝ Արցախի ժողովուրդը շահագրգռված է։ Ես ճիշտ չեմ համարում, որպեսզի Արցախի իշխանությունները կամ որեւէ ուժ խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Մենք պետք է ունենանք կայուն Հայաստան եւ ուժեղ սփյուռք։
-Իսկ հիմա այս ստորագրահավաքով չե՞ք խառնվում Հայաստանի ներքին գործերին։
-Մեր պատգամավորները խնդրել են։ Սա ուղղակի խնդրանք է։ Այս նամակը լրիվությամբ տարբերվում է ՀՀ 46 պատգամավորների ստորագրություններից։ Մենք խնդրել ենք Արցախի առաջին նախագահի եւ Արցախի հերոսի համար ոչ թե որ դատը չգնա, այլ խափանման միջոցը փոխվի։

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՍԱՏԱՐԻ ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի ընդունել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը եւ պատռել է այն։Այս մասին Գ. Ծառուկյանն անձամբ ասել է խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը՝ նշելով, որ խոսել է Գեւորգ Պետրոսյանի հետ եւ ասել, որ ներանձնային հարցերը չպետք է հանրայնացնել։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեւորգ Պետրոսյանի հետ:
-Գագիկ Ծառուկյանը չի ընդունել մանդատից հրաժարվելու Ձեր դիմումը: Որո՞նք են լինելու Ձեր քայլերը:
-Իմ հետագա քայլն այն է, որ ես շարունակելու եմ իմ հետագա գործունեությունը եւ՛ որպես կուսակցական, եւ՛ որպես պատգամավոր: Որեւէ շեղում դրանից չի լինելու:
-Այսինքն, Ձեզ համար որոշիչ եղավ Ծառուկյանի՞ խոսքը:
-Ինձ համար միշտ կարեւոր է եղել իմ քաղաքական ղեկավարի գնահատականը:
-Իսկ այս ընթացքում զրուցե՞լ եք Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Եթե չեմ սխալվում, Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չէ: Բայց կապ չունի: Կուսակցություն է, ընտանիք է, կարող է ինչ-որ տարաձայնություններ լինեն, բայց կարեւորը իմ քաղաքական թիմի ղեկավարի խոսքն էր եւ իր ցանկացած որոշում ինձ համար ընդունելի կլիներ, ընդունելի է նաեւ այս որոշումը:
-Դուք նշել էիք` եթե Ն. Զոհրաբյանը լինի քաղաքապետի թեկնածուն, Դուք քարոզարշավին չեք մասնակցի եւ չեք օժանդակի: Հիմա էլ է այդպե՞ս:
-Ուրեմն, նաեւ պարոն Ծառուկյանի համաձայնությամբ Արարատ Զուրաբյանն էլ է ներկայացրել թեկնածություն: Ես կարող եմ արդեն ընտրություն կատարել, թե կոնկրետ ում թեկնածությունն եմ պաշտպանելու: Բայց կոնկրետ ես չեմ շեղվելու իմ քաղաքական գծից, այն գծից, որը պաշտպանում է ԲՀԿ-ն` ի դեմս պարոն Ծառուկյանի: Կարեւորն այն է, որ հանրությունը համոզվի` իրոք ԲՀԿ-ում իշխում է կուսակցության դեմոկրատիայի մթնոլորտ, եւ կարծում եմ, որ հանրությունը դրանում համոզվեց: Ես անձամբ չեմ էլ մասնակցել այդ նիստին, ինքս եմ խնդրել պարոն Ծառուկյանին, որ նիստը լինի առանց իմ մասնակցության:
-Այսինքն, կարո՞ղ է դեմ գնաք Ձեր համոզմունքներին եւ սատարե՞ք Նաիրա Զոհրաբյանին:
-Ես երբեք իմ համոզմունքներին դեմ չեմ գնացել, եւ չեմ գնալու նաեւ այս պարագայում: Բայց այստեղ անձնական համոզմունքը չի կարող գերակայել, որովհետեւ դու քաղաքական թիմի անդամ ես: Նաեւ մեր քաղաքական թիմը հավանություն է տվել Արարատ Զուրաբյանին, եւ ես իմ համոզմունքը կարտահայտեմ արդեն այդ ուղղությամբ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱԺ-Ն` ՀԵՏԻՆ ՊԼԱՆ
Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ծրագիրն այնպես է դասավորվել, որ առաջին պլան մղվեն պետության փաստացի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումները, առավել եւս, որ գագաթնաժողովի ժամանակ ամենակարեւոր եւ պարտադիր պայմանը ֆրանսերենով հաղորդակցումն է: Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները երկրորդական պլան են մղվելու: Չնայած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիանալի տիրապետում է այդ լեզվին, սակայն ամեն ինչ արվում եւ արվելու է նրա եւ պատվիրակությունների ղեկավարների հետ շփումները նվազագույնի հասցնելու համար: Ի վերջո, Բաբլոյանը չի տեղավորվում նոր Հայաստանի պատկերացումների մեջ. օրենսդիր իշխանության ղեկին շարունակում են մնալ պետական կառավարումից հեռացված ՀՀԿ-ականները:

 

 

UAZ-ՈՎ ՀՀԿ-ԱԿԱՆԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մելիքյանի դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 593 հազար դրամ: Բայց պատգամավորը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ, երկու հատ հողամաս եւ Uaz 469 մակնիշի մեկ ավտոմեքենա: Իսկ ահա նրա կնոջ` Սերինե Առաքելյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, 5 հազար դոլար: Պատգամավորի կինը անցած տարվա ընթացքում 5 հազար դոլար «նվեր» է ստացել: Նրանց որդին՝ Սերգեյ Մելիքյանը եւս «նվեր» է ստացել: Ասել է թե` Մելիքյանների ընտանիքը «ֆինանսական նվերների» պակաս չունի:

 

 

ՎԱԽԵՑԱԾ
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 86 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս կիսամյակում պետական բյուջե վճարել է ավելի քան 650 մլն 372 հազար դրամ հարկ ու տուրք` անցած տարվա ավելի քան 564 մլն 79 հազար դրամի դիմաց: Նկատենք, որ քաղաքապետի հետ կապ ունեցող ընկերության հարկային վճարումները զգալի ավելացել են այս տարվա երկրորդ եռամսյակին, առաջին եռամսյակի համեմատ, 450 մլն դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հարկային վճարումների ավելացումը կապված է ՊԵԿ-ի կողմից վերջերս իրականացրած գործողությունների հետ, երբ բացահայտվել էր, որ «Գյումրի գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ հարկ:




Լրահոս