Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 1-ից գործելու է սնանկության գործով դատարան: Ու հիմա մի շարք դատավորներ իրենց թեկնածությունն են առաջարկել նորաստեղծ դատարանի դատավոր դառնալու համար: Սակայն օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ, եւ գաղտնի քվեարկությամբ որոշվել է, թե ովքեր կարող են լինել նորաստեղծ դատարանի դատավոր, եւ նրանց անունները ներկայացրել է ՀՀ նախագահին: Ի դեպ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը, Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը: Եվ ահա այս ընտրությունն էլ պատճառ է դարձել դատական համակարգում նոր դժգոհությունների համար:
Դժգոհությունն ու խնդրանքը
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ի գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուները դատական համակարգում մի շարք դատավորների շրջանում խիստ դժգոհության պատճառ են դարձել: Մասնավորապես, ըստ դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների` հնաբնակ դատավորներից շատերը կարծիք են հայտնել, թե այդ ինչպես ստացվեց, որ ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ սնանկության գործերով դատավոր է ընտրել այնպիսի անձանց, որոնց մեծ մասը սնանկության հետ կապված գործերի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ ահա պրոֆեսիոնալները հայտնվում են դրսում:
Իսկ ովքե՞ր են եղել այն դատավորները, որոնք թեկնածությունը ներկայացրել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ի կողմից բավարար ձայն չեն հավաքել եւ մնացել են ձեռնունայն: Մեզ հայտնի դարձավ, որ նրանցից են, օրինակ, դատավոր Կարինե Պետրոսյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Արմեն Դանիելյանը եւ այլք:
Ահա այս անձանց չընտրվելն էլ դատական համակարգում խիստ դժգոհության առիթ է դարձել, քանի որ կարծիքներ կան, որ նրանք պրոֆեսիոնալ մասնագետներ են, անգամ Արդարադատության ակադեմիայում սնանկության գործերով դասախոսություն են կարդում, սակայն, արի ու տես, ԲԴԽ-ն նրանց չի ընտրում նորաստեղծ դատարանի դատավոր, այլ նախապատվությունը տալիս է այլ անձանց:
Դատական համակարգում նաեւ խոսակցություններ կան, որ ընտրված թեկնածուներից շատերը ԲԴԽ-ի անդամներին իրենք են խնդրել աջակցել, որ նորաստեղծ դատարանի դատավոր դառնան, իսկ ովքեր չեն դիմել խնդրանքով, մնացել են կոտրած տաշտակի առաջ:
Դատավորը չընտրվելու մասին
«Ժողովուրդ» օրաթերթը դատավոր Կարինե Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչու նա չկարողացավ ԲԴԽ-ի կողմից բավարար ձայն հավաքել, արդյոք նա խնդրանքով չէր դիմել, որ չընտրվեց:
-Տիկի՛ն Պետրոսյան, ինչո՞ւ չընտրվեցիք:
-Քանի որ այս պահին որոշակի գործողություններ են մշակվում, իմ կողմից ժամանակավրեպ եմ համարում հարցազրույց տալ:
-Ի՞նչ գործողություններ, կոնկրետ կասե՞ք:
-Մասնավորապես ես փաստաբան ունեմ, որը դիմելու է Բարձրագույն դատական խորհուրդ եւ ստանալու է այդ կապակցությամբ նրանց կողմից կայացված հնարավոր որոշումը, ես չգիտեմ այդ որոշումը կա, թե չկա, որից հետո կհասկանամ` այդ որոշումը պատճառաբանված է, թե ոչ, որքանով է իրատեսական դրա բողոքարկումը, որից հետո իմ քայլերը կհասկանամ:
-Այսինքն` փորձում եք պարզել, թե որքանով է գաղտնի քվեարկությունը արդար անցել:
-Միանշանակ իմ կողմից կատարվելու են որոշակի գործողություններ. այլ բան այս պահին չեմ կարող ասել:
-Ասում են` ովքեր խնդրել են, անցել են, միգուցե խնդրեիք` ընտրվեիք:
-Ես որեւէ մեկին որեւէ հարցում չեմ խնդրվել, եւ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ իմ 16 տարիների աշխատանքը, որեւէ կարգապահական տույժի չենթարկվելը, իմ ունեցած հարգանքը արդեն խոսում են այդ մասին, ուստի որեւէ մեկին չեմ խնդրել:
Ո՞վ խնդրեց ԲԴԽ նախագահին
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին: Ի պատասխան մեր հարցման՝ ԲԴԽ մամուլի ծառայությունից հայտնեցին. «Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում այն տեղեկատվությունը, համաձայն որի` «գաղտնի քվեարկությամբ ընտրվել են այնպիսի թեկնածուներ, որոնք սնանկության գործերի հետ առհասարակ կապ չեն ունեցել»: Պատասխանին կից, նրանք ներկայացրել են բոլոր թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել եւ քանի տարի է սնանկության գործեր քննել: «Հավելենք, որ 22 թեկնածուներից 3-ը մինչ օգոստոսի 6-ը հետ են վերցրել իրենց դիմումները: Ուստի, սույն օրը անցկացված փակ-գաղտնի քվեարկությանը ներկայացված է եղել 19 թեկնածություն»,-պարզաբանեցին ԲԴԽ-ից: Ըստ նրանց` «Քվեարկությունից առաջ ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպությունների կողմից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինչպես նաեւ դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ, խնդիր է դրվել նոր ձեւավորվող դատարանում հնարավորինս նվազագույնի հասցնել նախկինում տեղ գտած արատավոր դրսեւորումներն ու կոռուպցիոն ռիսկերը, բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, ԲԴԽ հարցազրույցները, քննարկումները եւ վերլուծությունները իրականացվել են դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «ի գիտություն դատավորների եւ դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին եւ դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի համապատասխան»:
«Խորհրդի անդամները քվեարկել են բացառապես իրենց համոզմունքներից ելնելով, իսկ որեւէ թեկնածու չի փորձել խնդրանքով դիմել անձամբ ԲԴԽ նախագահին, Խորհրդի անդամներին, քանի որ նրանք գուցե ի սկզբանե գիտեին, որ նման խնդրանքը ճիշտ հակառակ ազդեցությունը կունենար իրենց համար:
Այս դատարանը մեր երկրի համար բացառիկ կարեւոր դերակատարություն ունի: Դրա արդյունավետ գործունեությամբ է նաեւ մեծապես պայմանավորված ներկա ներդրումների պաշտպանությունը եւ ապագա ներդրումների հնարավոր հոսքը Հայաստան: Խնդիրն այնքան կարեւոր է, որ առավելագույնս է արվել՝ ձեւավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան:
Առանձին անհատների դժգոհությունները երեւույթի մասին իրենց սեփական ընկալումների արդյունք են եւ պայմանավորված չեն պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման հրամայականներով»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՅՈՒՊԱՏՈՍՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան է դիմել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Իսկ հայցը Սարկիսովը ներկայացրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ: ՀՀ հյուպատոսը պահանջում է, որ դատարանը ստիպի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերացնել 2018 թվականի հունիսի 18-ի որոշումը:
Իսկ ի՞նչ որոշում է կայացրել էթիկայի հանձնաժողովը Լիոնում ՀՀ հյուպատոսի դեմ, որի հետ նա համաձայն չի եղել եւ որոշել է դատարան դիմել: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հյուպատոս Սարկիսովի պաշտպան Արտավազդ Կիվիրյանից, սակայն վերջինիս ասաց, որ այդ մասով ոչինչ չի մեկնաբանում: «Ժողովուրդ» օրաթերթը խնդրի հետ կապված դիմեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Բայց մեզ հաջողվեց պարզել, որ սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:
Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով:
Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկի մեջ է նաեւ հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Ու հիմա այս վարչական իրավախախտման որոշման համար էլ հյուպատոսը դիմել է դատարան:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Նիկոլայ Սարկիսովը 1996-2010թթ. զբաղեցրել է «Reso-Garantia» ընկերության փոխտնօրենի պաշտոնը, իսկ ահա նրան եղբայրը` Սերգեյ Սարգիսովը, ՌԵՍՕ ապոհովագրական ընկերության խորհրդի նախագահն է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Ադրբեջանում` Հայաստանին սահմանակցող Թովուզի շրջանում, երկու բնակիչներ ականի պայթյունից ծանր վնասվածքներ են ստացել: Ականի պայթյունից վիրավորվել են Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչներ 24-ամյա Էլշադ Մեհթիեւը եւ 14-ամյա Էլգյուն Հուսեյնովը, նրանք հիմա Թովուզի կենտրոնական հիվանդանոցում են: Այդ տարածքում տեղադրված են ականների մասին նախազգուշացնող հատուկ նշաններ:
ԷԼԻ ԿԱՇԱՌՔ
ԱԱԾ-ն 2018 թվականի հուլիսին կոռուպցիայի հերթական դեպքն է բացահայտել այս անգամ Արարատի մարզի զինվորական կոմիսարիատում: ԱԱԾ հաղորդագրության համաձայն` զինկոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը 2018 թվականի առաջին զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիման վրա թվով 4 զորակոչիկների պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից տարկետում տրամադրելուն օժանդակելու համար ստացել է շուրջ 7000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասն իր ծանոթի միջոցով փոխանցել է բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետին ցանկալի ախտորոշում ստանալու համար, իսկ գումարի մյուս մասը՝ Մասիսի զինկոմիսարիատի նախկին մի աշխատակցի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամների միջոցով այդ զորակոչիկների տարկետումը կազմակերպելու համար: Բացի այդ, ԱԱԾ-ն պարզել է, որ զինկոմիսարիատի այդ նախկին աշխատակիցը դեռեւս պաշտոնավարման ընթացքում 4000-ական ԱՄՆ դոլար գումարի դիմաց կազմակերպել է 2 այլ զորակոչիկների տարկետումներ տրամադրելու գործընթացը, իսկ 7 այլ անձանցից էլ զինծառայության հետ կապված տարբեր հարցեր կարգավորելու պատրվակով վերցրել է 150-4000 ԱՄՆ դոլար գումարներ, սակայն ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ որեւէ գործողություն չձեռնարկելով` խաբեությամբ հափշտակել է: Հարուցվել է քրեական գործ: Արարատի մարզի զինվորական կոմիսարիատի Մասիսի բաժանմունքի պետը, զինկոմիսարիատի նախկին աշխատակիցը եւ բժիշկ-մասնագետը ձերբակալվել են:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու: Նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է: Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: