Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին, ու ընտրել ավելի մատչելին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.4 տոկոսի գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց եւ պարզեց, որ մեկ տարվա ընթացքում սննդամթերքի շուկայում զգալի թանկացումներ են արձանագրվել: Օրինակ, եթե անցած տարվա առաջին կիսամյակում տավարի մսի մեկ կիլոգրամի գինը կազմել է 2500 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն արժե 3060 դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում տավարի մսի գինը բարձրացել է 560 դրամով: Բայց զգալի թանկացել է խոզի միսը, որի մեկ կգ-ն անցած տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 2700 դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում` 3410 դրամ: Փոխարենը չնչին գնանկում է արձանագրվել հավի մսի շուկայում. 2017 թվականի առաջին կիսամյակում հավի մսի մեկ կգ-ն վաճառվել է 1500 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 1440-ով: Ի դեպ, նշենք, որ ոչխարի մսի գինը եւ այս եւ նախորդ տարում շարունակում է բարձր մնալ: Պատճառը վերջին տարիներին ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումն է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն: Օրինակ` այս տարվա առաջին կիսամյակում երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ կգ ոչխարի միսը վաճառվել է 3500-3700 դրամով: Ըստ մասնագետների` Հայաստանում անասնագլխաքանակի նվազմամբ պայմանավորված` թանկացել է միսը: Իսկ մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաեւ կաթնամթերքի թանկացման: Միայն պանրի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 250 դրամ: Պանրի մեկ կգ-ն 1910 դրամից թանկացել է դառնալով 2160:
Ձկնամթերքի շուկան թանկացումից անմասն չի մնացել. միայն պաշտոնական տվյալներով այս հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, ձկան եւ ծովամթերքի գներն աճել են 7.3 տոկոսով: Օրինակ` անցած տարվա հունիսին ձկան մեկ կգ-ի մանրածախ գինը կազմել է 2270 դրամ, իսկ 2018-ի հունիսին` 2700 դրամ:
Իսկ ահա կարագի շուկայում շարունակում են պահպանվել բարձր գները: Այս ընթացքում կարագի գինը 5200 դրամից չի նվազում, մինչդեռ նախորդ տարվա ընթացքում այն վաճառվել է 3760-ով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում կարագի գինը բարձրացել է 1440 դրամով: Միայն թե հիշեցնենք` կարագի գները սկսեցին կտրուկ թանկանալ նախորդ տարվա սեպտեմբերից: Պաշտոնապես մեկնաբանվել է միջազգային շուկայի թանկացումներով: Ու մինչեւ հիմա կարագի գները շարունակում են բարձր մնալ:
Փոխարենը ձվի շուկայում 2018թ. հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, 0.5 տոկոս գնանկում է արձանագրվել: Օրինակ` ձվի 10 հատանոց տուփը 650 դրամից էժանացել է` դառնալով 600 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները մեծ քանակությամբ ձու են կուտակել պահեստներում: Սա է պատճառը, որ ձվի գինը աստիճանաբար նվազում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը թանկացել են 1.8 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օղու մեկ լիտրը թանկացել է 30 դրամով: Նշենք, որ գինու շուկայում զգալի թանկացում է արձանագրվել. գինու մեկ լիտրը մեկ տարվա ընթացքում թանկացել է 150 դրամով: Իսկ ահա մեկ կգ լավաշի մանրածախ գինը անցած տարվա առաջին կիսամյակում կազմել է 730 դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 760 դրամ: Նկատենք, որ տրանսպորտային ծառայությունները թանկացել են 9.2 տոկոսով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների սակագների հավելաճով: Միաժամանակ, հանրապետության ռեստորանային եւ հյուրանոցային ծառայությունների գներն են բարձրացել 3 տոկոսով, որը պայմանավորված է սեզոնային գործոնով:
Եւ այս թանկացումներին զուգահեռ չի բարձրանում ՀՀ քաղաքացիների ո՛չ կենսաթոշակը եւ ո՛չ էլ աշխատավարձը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞Վ Է ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՔԱՅՔԱՅՄԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ
Մարմաշենի վանական համալիրում հերթական քարաթափման դեպքն է գրանցվել: Միջնադարյան կառույցը քայքայվում է: Պատճառները տարբեր կերպ են մեկնաբանվում: Հարակից կառուցված ՀԷ՞Կ-ն է, թե՞ հարեւանությամբ գտնվող այգիների ոռոգումը եկեղեցու խոնավացման պատճառը՝ դժվար է ասել: Ուսումնասիրություններ եղել են, առաջարկվել է դրենաժային համակարգ կառուցել ջրահեռացում կազմակերպելու համար:
Ո՞ւմ է պատկանում վանական համալիրը: Մշակույթի նախարարը տեղեկացրեց` կառույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է պատկանում, նախարարությունն այդտեղ անելիք չունի, սակայն որոշվել է խնայողություններից գումար հատկացնել կառույցը վերակագնելու համար: Իսկ ինչն է վանքի քայքայման իրական պատճառը: Շիրակի Երկրագիտական թանգարանի նախկին տնօրենը մեղքը բարդում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վրա: Հնագետի պնդմամբ` վանքը սկսեց խունանալ, երբ Վարդան Ղուկասյանը որոշեց պատուհանները փոխել առանց համապատասխան թույլտվության. «Վարդան Ղուկասյանը իր համոզումով լավ բան կատարելու համար ինքնակամ, առանց որեւէ մեկին տեղյակ պահելու Մարմաշենի վանքի գմբեթի պատուհաններին դրել է եվրապատուհաններ: Վանքի պատերը ներքեւում չոր են: Խոնավությունը վերին հատվածում է: Հերմետիկ փակված լուսամուտները, որը իբր արվել է աղավնիների չմտնելու համար, օդափոխություն չեն ապահովում, արդյունքում ամբողջ խոնավությունը կուտակվում է ներսում»,- պնդում է Շիրակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը:
Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը տեղեկացրեց, որ այդ մասին իրավապահները տեղյակ են, այդ մասով գործ է հարուցված, իսկ թե ինչ ընթացքի մեջ է, փոխնախարարը տեղեկացրեց. «Բացի եվրապատուհաններից նաեւ ապօրինի շինարարություն է կատարվել. բնակելի կացարան է կառուցվել: Գործով արդեն իրավապահներն են զբաղվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Գործն հարուցված է վաղուց, սակայն որեւէ տեղաշարժ դեռ չի հրապարակված: Թե ովքեր մեղքի ինչ չափաբաժին ունեն, հստակեցված չէ, իսկ արդյունքում եկեղեցին է շարունակում քայքայվել:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՅՈՒՐԱՑՎԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որն առնչվում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի` 2014-2015 թվականներին ադրբեջանական գնդակոծությունից վնասված առանձնատների տերերին պետական բյուջեից հատկացված գումարները յուրացնելուն: Քրեական գործը հարուցված է յուրացման դեպքի կապակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») եւ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»):
ՍԱՆԻՏԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում Իջեւանի բժշկական կենտրոնի սանիտարական քույրի նկատմամբ քրեական գործ է քննվում: Այն հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Ապօրինի ձեռնարկատիրությունը»): Իջեւանի ԲԿ-ի դիահերձարանում կատարված դիահերձումներից հետո հանգուցյալների մարմինները լվանալու, նյութերով մշակելու, այլ գործողություններ կատարելու համար հանգուցյալի հարազատները սանիտարական քույրին գումարներ են վճարել, որոնք չեն հարկվել: Այդ կապակցությամբ Տավուշի մարզի դատախազությունը նշված ԲԿ-ի սանիտարական քույրի վերաբերյալ քրեական գործ է հարուցել:
ԱՄԵՆԱՎԵՐՋՈՒՄ
2018թ. մայիսի 7-ից Հայաստան Վրաստան միջպետական ավտոճանապարհի Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհին ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախատեսվում է, որ 2 միլիարդ 200 միլիոն դրամ ֆինանսավորմամբ «Վառմաշ» ՍՊԸ-ն ընթացիկ տարում կկառուցապատի 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Առաջին հատվածը Բերքաբերի խաչմերուկից ձգվում է մինչեւ Աճարկուտի խաչմերուկ, 2-րդ հատվածը` Կիրանց գյուղից մինչեւ Ոսկեպար գյուղի դպրոցի վերեւի տարածք, 3-րդ հատվածը` Ջուջեւան գյուղից մինչեւ Նոյեմբերյան քաղաք: Կատարվել են ճանապարհի մաքրում, լայնացում, առուների եւ կողնակների մաքրում, որին հաջորդում է ճանապարհի ասֆալտապատումը: Այդ 3 հատվածներից ամենից վատթար վիճակում է գտնվում Նոյեմբերյան-Ջուջեւան ճանապարհը, որտեղ բազում մեծ փոսեր կան, ավտոմեքենաները դրանք դժվարությամբ են հաղթահարում: Սակայն այդ հատվածում հիմնանորոգման աշխատանքները դեռեւս չեն սկսվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ