ՔՆՆԻՉՆԵՐԸ ԵԹԵ ՀԱՄՈԶՎԱԾ ՉԼԻՆԵԻՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ ԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերին: Ըստ Վանեցյանի` կա վարկած, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերը, հնարավոր է, առնչություն ունեն Մարտի 1-2-ի դեպքերի հետ, կիրառվել են ոչ իրավապահ համակարգի մարդկանց կողմից. «Դա վարկած է, որը պետք է ստուգվի: Ես չեմ կարող ասել, որ նրանք Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, ես կարող եմ միայն ասել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իրականացվող միջոցառումների շրջանակում հայտարարվել է, որ «Մարտի 1»-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Եղել են թիկնապահներ, եղել են կողմնակիցներ և այլն, և այլն»:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ իր հերթին խոսել է այդ վարկածի մասին: Միաժամանակ նա հայտնել է, որ չի բացառում` մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան. «Եթե հաշվի առնենք, որ այնպիսի կարեւոր փաստաթուղթ, ինչպիսին 0038 հույժ գաղտնի հրամանն է, նախաքննության այս 10,5 տարվա ընթացքում նախաքննության մարմնի կողմից փորձ չէր արվել հայտնաբերելու, գործին կցելու ու դրա շուրջ քննություն իրականացնելու, դուք արդեն պատկերացրեք, որ մենք ունենք կասկածներ, որ կան այլ փաստաթղթեր, այլ վկայություններ եւս»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս թեմաների շուրջ զրուցել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` ՀՔԾ քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերն ու հարցում անցկացրել՝ արդյոք ունե՞ն ներքին համոզմունք, որ ձեռք բերված ապացույցները հիմնավորում են, եւ իրենք կարող են մինչեւ վերջ պնդել այն ապացույցները, եւ կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Խնդրում եմ` հայտնեք` նման գործընթաց եղե՞լ է ՀՔԾ քննիչների շրջանում:
-Քննիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը եւ ինքն է պատասխանատու այդ քննության ե՛ւ արդյունավետության, ե՛ւ օրինականության համար, հետեւաբար Ձեր այս հարցը տեղին չէ: Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որեւէ գործողություն չի անի:
-Ամեն դեպքում քննիչների համոզված լինել-չլինելու մասով նման գործընթաց եղե՞լ է, թե՞ ոչ: Ի վերջո, մեզ հասած տեղեկությունների համաձայն` քննիչներից շատերը իրենց մտերիմ շրջապատում կարծիք են հայտնել, որ երբեք չէին կարող պատկերացնել, որ ՀՀ երկրորդ նախագահի կարող են հարցաքննել կամ առհասարակ Գեներալ Մանվել Գրիգորյանին: Վախի մթնոլորտ կա՞:
-Ինչի՞ց պետք է վախենան, քննիչները իրականացնում են իրենց` օրենքով սահմանված լիազորությունները, ինչի՞ց պետք է վախենան:
-Ինչո՞ւ ազատվեց Ձեր տեղակալ Մուշեղ Բաբայանը, նրան հանգստացնելու համար մեկ այլ պաշտոնի նշանակեցին:
-Դուք սխալ տպավորություն ունեք, պարոն Բաբայանը գնացել, տեղափոխվել է շատ պատասխանատու աշխատանքի, ինչպես գիտեք, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարն է, ես ինքս խնդրել եմ, որ նա մնա, աշխատենք, բայց պարոն Բաբայանը նախընտրեց աշխատանքը շարունակել ոստիկանությունում:
-Ի՞նչ կապ ունի իր ազատումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ:
-Չէ՛, չէ՛, ասեմ Ձեզ, պարոն Բաբայանը ունի երկարամյա ոստիկանությունում ծառայելու ստաժ, պարոն Բաբայանին ընդամենը երկու տարի էր հարկավոր, որպեսզի նա շարունակի ծառայությունը ոստիկանությունում եւ կենսաթոշակի հնարավորություն ունենա: Այսինքն` ոստիկանությունում ծառայության նորից անցնելը նրան հնարավորություն էր տալիս օգտվել կենսաթոշակից, որը մեզ մոտ մնալով նա չէր կարող վերականգնել:
-Դեռեւս ամիսներ առաջ ՀՔԾ-ն պաշտոնապես մեզ ասել էր, որ մարտի 1-ի գործով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներին: Ընդ որում` խոսքը ոչ միայն ՀՀ-ում գտնվող, այլ նաեւ արտասահմանյան փորձագիտական հիմնարկների մասին է: Դուք տեղյա՞կ եք այս գործընթացից, եթե այո, ապա ի՞նչ փուլում են հարցումները:
-Ես չգիտեմ` ում խոսքերն եք մեջբերում: Կծանոթանամ, նոր այդ հարցին կպատասխանեմ:
-Ի՞նչ փուլում է Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը. կարծես թե լռություն է այս գործի մասով, նոր մեղադրյալներ, հարցաքննվածներ կա՞ն, թե՞ ոչ:
-Նախաքննությունը շարունակվում է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Ինչպես հայտնի է, 2008թ. մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ ահա Յուրի Խաչատուրովը ազատ է արձակվել գրավի դիմաց եւ մեկնել է Մոսկվա ՀԱՊԿ քարտուղարի պարտականությունները կատարելու:
«Ժողովուրդ» օրաթերթին Յուրի Խարատուրովի հարցաքննությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, երբ ՀՔԾ քննիչները Յուրի Խաչատուրովին հարցեր են ուղղել, վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց:
Երբ ՀՔԾ քննիչները, ներկայացնելով նրան ողջ ապացույցները, հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար, արդյոք նա ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Յուրի Խաչատուրովը կրկին բանավոր ՀՔԾ քննիչներին ասել է, որ չի ընդունում մեղադրանքները: Հետո արդեն որպես մեղադրյալ օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված իրավունքից` լռել է:

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
«Այս փուլում տեղյակ չեմ, թե ՀԱՊԿ-ում ինչ տրամադրվածություն կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցում»,-երեկ լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Tert.am-ի հարցին՝ արդյոք որեւէ թեկնածուի անուն հայկական կողմը շրջանառո՞ւմ է, նա պատասխանել է. «Դեռ չի քննարկվել, այս պահին Յուրի Խաչատուրովը շարունակում է պաշտոնավարել, բայց ինչպես հայտարարվել է, կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել, որից հետո կլինի թեկնածուի առաջադրման գործընթաց: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ, կոնսենսուսային կերպով»: Անդրադառնալով հարցին՝ արդյոք կիսո՞ւմ է այն գնահատականը, որ 2008թ-ի մարտի մեկին ռազմական հեղաշրջման փորձ է արվել, Դավիթ Տոնոյանը կարճ նշել է, որ համապատասխան գնահատականը կտա դատարանը: Ինչ վերաբերում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հայտարարությանը, թե ՊՆ գնումները կենտրոնացված են, ռիսկային, քանի որ գնումներում հաղթող են ճանաչվել 359 ընկերություններ, բայց խոշորագույն 10 մատակարարները վերահսկում են ՊՆ գնումները, ապա Դավիթ Տոնոյանն ասել է, որ դրա մեջ որոշակի ճշմարտություն կա. «10 խոշոր կազմակերպություն դեռեւս չի նշանակում կոռուպցիա, բայց ռիսկը կա: Գնումների մասին օրենքն ավելի շատ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր վստահելի են գնումների գործընթացում, դրա համար խոշորները շատ ավելի շատ են մասնակցում մրցույթներին: Տնտեսագետն ահազանգում է, որ կան կոռուպցիոն ռիսկեր»:

 

ՎԱՏՆՈՒՄ ՈՒՆԵՆՔ
«Երեւան» հիմնադրամի մասով ունենք 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում, այս մասին հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման նախնական հաշվարկի համաձայն` 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում ունենք այս պահին»,-նշել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

 

 

ՄԻՋՆՈՐԴՈՒՄ ԵՆ
Մշակույթի մի քանի գործիչներ Շանթ Հարությունյանի հարցով բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Դուք բազմիցս բարձրաձայնել եք, որ նախորդ վարչախմբի օրոք քաղաքական գործունեության համար դատապարտվածները ազատ կարձակվեն: Այնինչ հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը բանտում է: Ի՞նչն է խանգարում, որ դատարանը վերանայի այդ շինծու գործը եւ արդարացման վճիռ կայացնի: Քաղբանտարկյալների, մասնավորապես` Շանթ Հարությունյանի արդարացման հարցը իրավականից բացի ունի մշակութային նշանակություն: Ստեղծագործական կյանքով ապրող մարդու համար հանդուրժելի չեն արդարության ընտրովի մոտեցումները, այս միտքն անգամ կարող է փոշիացնել ժողովրդական ջանքով նվաճված ձեռքբերումները: Ուզում ենք հավատալ, որ թավշյա հեղափոխության առաջնորդը պարտված հակաժողովրդական վարչախմբի կողմից ապօրինի դատապարտված Շանթ Հարությունյանին արդարացնելու հեղափոխական ճանապարհ կգտնի»,-ասված է նամակում:

 

 

587.160.000 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվող ակտիվ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում հստակեցվում է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերեւույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը. որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ, որից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տեւական ժամանակ` 2013թ. մինչեւ 2018թ. հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ: Պարզվել են չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքները, մեխանիզմը: Նախնական տվյալներով` պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.160.000 մլն. ՀՀ դրամ:

 

 

ՀՐԴԵՀԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել. «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան, անհրաժեշտ է օգնություն: ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարների կողմից հրդեհը մեկուսացվել է: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:




Լրահոս