Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում
Երեւանի կենտրոնում գտնվող այս նստարանի «ոտքը կոտրվել» է, եւ փաստորեն միակ լուծումը քար տեղադրելն է եղել: Թե նստարանն ինչքան կմնա այս վիճակում, արդեն կարելի է կռահել: Ամեն դեպքում, ուզում ենք հիշեցնել, որ նման հարցերի պատասխանատվությունը քաղաքապետարանինն է:
ՀԱՐՑ. Ունեմ առողջական խնդիրներ. 14 տարի է` երիկամիս մեկը հեռացված է, եւ ունակ չեմ աշխատելու: 45 տարեկան եմ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ձեռք բերել հաշմանդամության կարգ: Ո՞ւր կարող եմ դիմել:
Նազիկ Խաչատրյան (Շիրակի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 02.03.2006թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի 9-րդ կետի համաձայն` անձը ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպության կողմից անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո: Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ ՀՀ առողջապահության նախարարների 2006թ. թիվ 100/580-Ն համատեղ հրամանի դրույթների` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով քաղաքացին կարող է դիմել համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր (ձեւ 088):
Ուղեգրի առկայության դեպքում քաղաքացին հաշմանդամ ճանաչվելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար կարող է դիմել տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով` դիմումին կցելով առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը:
Տարածքային ԲՍՓ հանձնաժողովի փորձաքննությամբ կկայացվի որոշում` ՀՀ-ում գործող հաշմանդամության սահմանման բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին համապատասխան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացին կարող է իրականացվելիք փորձաքննությանը մասնակից դարձնել նաեւ իր կողմից ընտրած բուժող բժշկին կամ այլ բժիշկ մասնագետի որպես ներկայացուցիչ:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կա՞ն հատուկ օրեր, որ չի թույլատրվում մատաղ անել: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` հատկապես ո՞ր օրերին չի կարելի մատաղ անել:
Ստելլա Մխոյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մատաղ կարող ենք անել ցանկացած ժամանակ, եթե, իհարկե, այն մսի տեսքով չէ: Մսի տեսքով մատաղ մատուցելն արգելվում է միայն Մեծ Պահքի ընթացքում եւ շաբաթապահքերի ու օրապահքերի ժամանակ: Սակայն կարեւոր է այն հանգամանքը, որ եթե մատաղը մսի տեսքով չէ, ապա հատկապես պահքի ընթացքում շատ կարեւոր է ողորմություն տալը, որն էլ ավելի է զորացնում մեզ պահեցողության մեջ: Պարտադիր չէ, որ մատաղը միայն կենդանու տեսքով լինի: Այն կարող է լինել նաեւ գումարի, հագուստի, հացի, մրգի տեսքով եւ այլն: Այսինքն, երբ կարիք ունեցողին կարողանում ենք օգտակար լինել առանց փոխադարձ սպասելիքի, դա կարող է մատաղ լինել:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատաղն աղքատների կերակուր է, որն իբրեւ ողորմություն բաժանում են աղքատներին: Մատաղ բառը բացատրվում է հետեւյալ կերպ` «մատոյ աղ», այսինքն մատուցիր աղքատներին կամ մատուցիր աղն օրհնության համար: Քրիստոնեական իմաստով մատաղի ակունքները գալիս են դեռ առաջին դարից, երբ բոլոր քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին միասին «սիրո ճաշի», որն ամբողջությամբ մատուցվում էր հիվանդներին ու աղքատներին: