Հայաստանյան ներքաղաքական զարգացումների ֆոնին սկսել է հետեւողականորեն տարածվել քաղաքացիական պատերազմի «գույժը»։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մարտի 1-ի գործի շրջանակներում քրեական հետապնդման հարցում (հնարավոր է նման կարգավիճակում հայտնվի նաեւ Սերժ Սարգսյանը) լրջորեն անհանգստացած առանձին շրջանակներ ներկայումս խոսում են քաղաքացիական պատերազմի մասին՝ այն ուղիղ կապելով Արցախյան ճակատի լարվածության ու հողերի հանձնման թեմային։ Ակնհայտ է, որ այդ քարոզը ուղղորդվում է մի կենտրոնից՝ փորձելով մեծացնել ներքաղաքական լարվածությունը։
Հայաստանում քաղաքացիական պատերազմի մասին խոսում են դեռեւս ԽՍՀՄ փլուզման օրերից, երբ Համաժողովրդական շարժումը վերելք էր ապրում եւ կենսական սպառնալիք էր դարձել օրվա իշխանությունների համար։ Այն ժամանակ շեշտվում էր, որ Հայաստանում ներքին ընդվզումներն անընդունելի են՝ Մոսկվային չգրգռելու համար։ Հետաքրքիր է, սակայն, որ այդ «հարմարվողականները» չանսացին անգամ սեփական հորդորներին, երբ պատերազմի ժամանակ ցույցեր ու երթեր էին անցկացնում Երեւանի կենտրոնում՝ պահանջելով գերագույն գլխավոր հրամանատարի ու պաշտպանության նախարարի հրաժարականները։ Հոգ չէ, որ այդ շրջանում Հայաստանն արդեն իսկ ներքաշված էր պատերազմի մեջ եւ ներքին ցնցումները ուղղակի սպառնալիք էին ինչպես պետության անվտանգության, այնպես էլ ճակատի հաջողությունների համար։ Պատերազմի ընթացքում բանակի հրամանատարությանը դատելու կոչերով հանդես եկող բողոքի գործողությունները ինքնին քաղաքացիական պատերազմ էին հրահրում, սակայն թե՛ իշխանության զսպվածությունը, թե՛ հանրային լայն շերտերի բնական անտարբերությունը նման գործողությունների նկատմամբ կանխեցին Հայաստանի ներսում ադրբեջանացման վտանգը։ Հիշենք, որ հենց Ադրբեջանի ներպետական քաոսն ու ներքին խժդժությունները լրջագույն ազդեցություն ունեցան պատերազմի ձախողված ելքի վրա։ Հատկանշական է, որ պատերազմի ավարտից հետո Հայաստանում մեկնարկեց ահաբեկչական ակտերի մի լայն շղթա, որը թերեւս հանգուցալուծվեց 1999թ. հոկտեմբերի 27-ով։ Հետահայաց կարելի է փաստել, որ Հայաստանում քաղաքացիական պատերազմը բացառվեց, եւ դրա փոխարեն ներքին կայունության խաթարումը տեղի ունեցավ ահաբեկչական բնույթի գործողությունների միջոցով՝ հանգելով պետականության ընթացքը շեղած Հոկտեմբերի 27-ին։ Այսօր, փաստորեն, ինչպես 1990-ական թթ. սկզբին, կրկին խոսվում է քաղաքացիական պատերազմի մասին։ Եվ այդ համատեքստում կրկին պատասխանատու է մատնանշվում այնպիսի իշխանությունը, որը ձգտում է օտարերկրյա գործընկերների հետ խոսել «հավասարը` հավասարի» մակարդակով։
Քաղաքացիական պատերազմի անխուսափելիության քարոզը այսօր հատկապես ակտիվացել է նախկին իշխանությունների նկատմամբ մարտի 1-ի գործով քրեական հետապնդումների ֆոնին՝ փորձելով իշխանությանը դրդել ետ կանգնելու այդ ուղղությամբ կատարվող քայլերից։ Այստեղ ոչ այնքան խնդիրը հնարված քաղաքացիական պատերազմից խուսափելն է, որքան նախկին նախագահի նկատմամբ գործողությունների կասեցումը։ Եվ այս տրամաբանության շրջանակներում էլ հարցը կրկին ու կրկին շաղկապվում է Արցախի հետ։ Չգիտես` ինչու, Քոչարյանի կալանավորումը պիտի ազդի Արցախյան հակամարտության վրա եւ դեռ ավելին՝ հանգեցնի հողերի հանձնմանը։ Այս տեսակի քարոզը, որ տարվում է համացանցում եւ էլեկտրոնային մամուլում, լուրջ քաղաքական քննադատության չի կարող դիմանալ։ Նախ, Քոչարյանը երբեք էլ անզիջում դիրքորոշում չի ունեցել Արցախի հարցում, ինչի վկան առաջին հերթին նրա պաշտոնական հայտարարություններն էին՝ բացի Լաչինի միջանցքից մնացած տարածքները վերադարձնելու մասին։ Այնպես որ Քոչարյանին այսօր քաղհալածյալի պատմուճանով ներկայացնելը ներքին լսարանի առաջ լուծում է բացառապես քարոզչական հարցեր եւ ուրիշ ոչինչ։ Սակայն հայտնի շրջանակների կողմից քաղաքացիական պատերազմի հավանականության բարբառումը, ապա դա արցախյան ճակատում ռազմական գործողությունների վերաճելու եւ ի հետեւանս տարածքների կորստի հետ փոխկապակցումը արդեն իսկ լուրջ է։ Որքան էլ ներհայաստանյան շրջանակներում լուրջ ազդեցություն այդ քարոզը չի ունենալու, սակայն վտանգավոր է հատկապես երրորդ (արտաքին) ուժերի ներգրավման տեսանկյունից։ Այստեղ ակնհայտորեն ակնարկվում է, որ ներհայաստանյան ցնցումները կարող են վտանգել տարածաշրջանի կայունությունը՝ հանգեցնելով Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսմանը։
Հիմա մեկ կաթսայի մեջ փորձ է արվում շաղախել «քաղաքացիական պատերազմ», «հողերի հանձնում», «տեռոր» (առայժմ՝ մտքի), «խունտա» եւ նմանօրինակ այլ ձեւակերպումներ։ Եթե այս ամենը մայիսի սկզբին արվում էր զուտ ակնարկային մակարդակով, ապա ներկայումս դա էլեկտրոնային հարթակներում կրում է սիստեմատիկ բնույթ։
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
«ՊԵՉԱՏ» ԵՆ ՈՒԶՈ՞ՒՄ
Օգոստոսի 10-ին Բերդի համայնքապետարանում հանդիպման ժամանակ Վերին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ ինքը ակտիվորեն մասնակցել է ժողովրդական շարժմանը, 2008թ. մարտի 1-ին վնասվածք է ստացել: Նա ասաց, որ ինքը դեմ է եղել համայնքների խոշորացմանը, գյուղերում փտած ջրագծեր են, խոշորացված Բերդ համայնքը ի վիճակի չէ դրանք նորոգելու, պետք է նորից համայնքներն առանձնացնել:
Բերդ համայնքը խոշորացվել է 2017թ. նոյեմբերի 5-ին, Բերդ քաղաքը եւ Բերդի տարածաշրջանի 15 գյուղեր միավորվել են: Ի պատասխան նրա` Ն. Փաշինյանն ասաց, որ Բերդի տարածաշրջանի համայնքների խոշորացումից մի տարի էլ չի անցել, փտած ջրագծերը ինչո՞ւ նախկինում չեն նորոգել, նախկին համայնքապետերը այժմ գյուղերի վարչական ղեկավար են աշխատում, նրանք «պեչատ» են ուզո՞ւմ: Վարչապետը հայտնեց, որ իրենք դեմ են, որ առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու դրանք խոշորացրել են, սակայն սպասելու են 2 տարի, որպեսզի տեսնեն` համայնքների խոշորացումը դրական արդյունք է տալի՞ս, թե՞ ոչ, եւ հետո կողմնորոշվեն, թե ինչպես վարվել խոշորացված համայքների հետ: Փաշինյանն ասաց, որ առայժմ համայնքների խոշորացման նոր գործընթաց չի իրականացվելու: Ավելի ուշ Կամո Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ փտած ջրագծերի մասին իր հարցը չի վերաբերում Վերին Կարմիրաղբյուրին, ուր 2 տարի առաջ նորոգվել են ջրագծերը: Նա ասաց, որ ինքը նկատի ուներ Բերդի տարածաշրջանի գյուղերում տիրող վիճակը, իր գյուղում ինքը ենթակառուցվածքների բարելավման բազում ծրագրեր է իրականացրել: Նա ասաց, որ երբ Վերին Կարմիրաղբյուրն առանձին համայնք էր, Ռուսաստանում բնակվող իր համագյուղացիները ցանկանում էին գյուղին ֆինանսապես օգնել, հայրենի գյուղում իրականացվող ծրագրերին բարեգործական աջակցություն ցուցաբերել, սակայն հիմա չեն ուզում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
2018թ. հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովին նախապատրաստման եւ անցկացման համար միջոցառումների իրականացման նպատակով 2018թ. պետական բյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մեկ միլիարդ 438 միլիոն 354 հազար դրամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքները եւ ունե՞ն վստահություն, որ գագաթնաժողովը կանցկացնեն բարձր մակարդակով: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ ամբողջովին վստահ են, որ նախապատրաստական աշխատանքներում ապահովում են գագաթնաժողովի պատշաճ եւ որակյալ անցկացումը: «Մենք վստահ ենք, որ կարողանալու ենք ապահովել բովանդակային բավական հագեցած համաժողով, եւ վստահությունը բավականին բարձր է»,-ասել է նա:
Ն. Փաշինյանը հետաքրքրվել է նաեւ ոստիկանության պատրաստվածությամբ: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ թեեւ նախադեպ չունեցող միջոցառում է, սակայն ոստիկանությունը պատրաստ է: «Մեր ուժերը եւ միջոցները պատրաստ են, որ ոստիկանությունն օդանավակայանից սկսած, վերջացրած այն երթուղով, միջավայրերով, քաղաքներով, որտեղ տեղի է ունենալու գագաթնաժողովը, ապահովի հասարակական կարգի անվտանգությունը բարձր մակարդակի վրա»,-ասել է նա:
ՍԿՍԵԼ ԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ
Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ սկսել են կարգավորվել, Անկարան մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ վիզային ռեժիմի պարզեցման շուրջ: Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները ճգնաժամի ֆոնին են, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Թուրքիայի նախագահի վարչակազմում նախագահ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Կանցլերը ընդգծել է Թուրքիայի տնտեսության կարեւորությունը ԳԴՀ-ի համար: Հինգշաբթի օրը հեռախոսազրույցներ են նախատեսված Էրդողանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ:
ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
Երեւանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման եւ ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով օգոստոսի 16-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգի աշխատանքը նախ մասամբ կսահմանափակվի, իսկ ժամկետի ավարտին մոտ ամբողջությամբ կդադարեցվի: