ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՀԿ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 100 օրն ամփոփելու ժամանակ խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին: Ընդ որում, ինչպես պնդում են նրա ընդդիմախոսները, այդ փոփոխությունները Փաշինյանը նախաձեռնում է իր իշխանությունը պահելու համար: Իսկ իրականում նա այդպես փորձում է կանխել ներպալատական հեղաշրջման հնարավորությունն ու հակահեղափոխությունը: Բանն այն է, որ ըստ Սահմանադրության` խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը սերտ կապված է վարչապետի եւ կառավարության հետ:

Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ապա պետք է հրաժարական տա, որից հետո խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ: Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
3. Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Այս տարբերակի թերությունների մասին խոսվում էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հենց առաջին օրվանից: Բանն այն է, որ սա իրագործելու դեպքում պետք է հստակ քաղաքական պայմանավորվածություն լինի, որ մյուս խմբակցություններն իսկապես թեկնածու չեն առաջադրի, այլապես տեսականորեն ՀՀԿ-ն կարող է առաջադրել եւ անցկացնել իր թեկնածուին: Եվ ահա, այս իրողություններն էլ հաշվի առնելով` վարչապետը դիմում է սահմանադրական փոփոխությունների օգնությանը, որպեսզի համապատասխան հոդվածներ փոփոխելով` կարողանա հեշտությամբ հասնել խորհրդարանի լուծարմանը:
Եւ ահա, օգոստոսի 17-ի իր ելույթում վարչապետը նշել էր. «Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»:
Սակայն ընդգծենք, որ այդ նույն փոփոխությունները եւս պետք է ընդունվեն խորհրդարանի կողմից եւ այս առումով Փաշինյանն ուղերձ հղեց հրապարակում հավաքված ժողովրդին: «Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ մի անգամ ես հանրապետականներին եւ նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել «սատանի մայլում քյանդրբազություններ չանել» եւ էլի նույն խորհուրդն եմ տալիս», – հավելեց նա: Այսինքն` Փաշինյանը զգուշացրեց ՀՀԿ-ին, որ փոփոխությունները չընդունելու տարբերակ չունեն:
Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են այդ դրույթները փոխվել: Նախ նշենք, որ ՀՀ վարչապետի ընտրության եւ նշանակման մասին Սահմանադրության 149-րդ հոդվածում փոփոխութուններ կարող են իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Իսկ ահա Սահմանադրության 92-րդ հոդվածը, որ վերաբերում Է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, նաեւ Սահմանադրության 151-րդ հոդվածը, որում ամրագրված է, թե կառավարության ծրագրի ընդունումից հետո ինչ գործողություններ են հետեւում, կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ համաձայն Սահմանադրության 202 հոդվածի: Ըստ այդմ, Սահմանադրության 202-րդ հոդվածի երկրորդ մասում նշված է, որ ԱԺ-ն Սահմանադրությունում փոփոխություններ կարող է անել «պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի:
Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի»:
Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների համար նախ անհրաժեշտ է, որ 27 պատգամավոր հանդես գա նման նախաձեռնությամբ, իսկ արդեն նախագիծն ընդունելիս անհրաժեշտ է 70 պատգամավորի՝ երկու երրորդի համաձայնությունը: Ահա եւ օրենքում առկա տարբերակները, որոնցով կարող են հոդվածներ փոփոխվել եւ այս պարագայում եւս ոչինչ չի կարող լինել առանց ՀՀԿ խմբակցության անդամների մի մասի համաձայնության:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆՆ ԷՐ
Օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ականատես եղանք, որ բեմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին միայն իր թիմի ներկայացուցիչներն էին. կառավարության անդամ մյուս ուժերի՝ ԲՀԿ եւ ՀՅԴ, նաեւ՝ ԼՀԿ եւ «Հանրապետություն» կուսակցության նախարարները չկային: Եւ սա այն դեպքում, երբ հանրահավաքը հրավիրվել էր վարչապետի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից պարզել՝ որն է պատճառը. Նա նշեց, թե սա վարչապետի գործունեության 100 օրվա ամփոփումն է եղել, այլ ոչ թե կառավարության: «Դա իր հրավիրած հանրահավաքն է եւ վարչապետի գործունեության ամփոփումն ու հետագա քայլերի ներկայացումը: Պետք չէ տարանջատել վարչապետին կառավարությունից: Չէին կարող բեմում կանգնել բոլորը, եւ չէր կարող նա միայնակ կանգնել, եւ ըտրվել է այդպիսի թիմ», – նշեց նա:

 

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆԸ ԶՈՌ ՏԱԼՈՎ
Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառությունը այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26.8 տոկոսով աճել է: Ընդ որում, 17.3 տոկոսով ավելացել են արտահանման ծավալները, իսկ ներմուծումը` 32.1 տոկոսով: Նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները գերազանցում են արտահանման ցուցանիշներին: ՀՀ-ից արտահանվել է 1 մլրդ 363 մլն դոլարի եւ ներկրվել է 2 մլրդ 726 մլն դոլարի ապրանք: Արդյունքում Հայաստանում արտաքին առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ: Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, արտահանման ծավալները 3.8 տոկոսով նվազել են: Մինչդեռ հուլիսին, պայմանավորված հատկապես գյուղմթերքի ծավալներով, արտահանումը պետք է աճեր: Հուսանք` նոր կառավարությունն արդեն կսկսի էլ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել արտահանման խթանման ուղղությամբ, որպեսզի կրճատվի առեւտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը:

 

 

ԷԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս օրերին սկսել է բավականին ակտիվ կերպով աշխատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ՔՊ-ին անդամակցելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել հենց քաղաքապետ Բալասանյանից եւ, առհասարակ, հետաքրքրվել նրանից, թե իր կյանքում քանի՞ կուսակցություն է փոխել, հիշո՞ւմ է դրանց թիվը: Բալասանյանը, լսելով հարցը, ասաց.«Դե լավ էլի»: Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարյան հայտնի դեպքերից հետո նա ԲՀԿ-ն լքողների թվում էր, մինչ այդ նա եղել էր ՕԵԿ անդամ` հայտարարելով, թե ճակատին գրված է «Օրինաց երկիր»: 2016թ. ՏԻՄ ընտրություններում նա գլխավորում էր ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի կազմած «Բալասանյան» դաշինքը. չլինելով ՀՀԿ-ական` ՀՀԿ շահերն էր սպասարկում: Իսկ հիմա էլ ասում են` նա ուզում է ՔՊ-ական դառնալ:

 

 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը եւ գրասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս մասին տեղեկացանք ՀՔԾ-ից: Խուզարկությունը կատարվել է Մարտի 1-ի գործի շրջանակում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունների ընթացքում զինված ուժերի ներգրավմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ: Երեկ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, թե այդ խուզարկությունը շուտ է իրականացվել` մոտ երկու շաբաթ առաջ: ՀՔԾ-ն էլ պարզաբանում է տարածել` նշելով, որ չկարեւորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը, պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` հաստատել է կատարվածը: Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` «անձեռնմխելիության հիմքով»: Տեղեկացնենք նաեւ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցով ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել:

 

 

ՎՆԱՍՆԵՐ ԱՆՁՐԵՎԻՑ
Հորդառատ անձրեւի հետեւանքով օգոստոսի 19-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ եւ Դալարիկ համայնքներում. տեւական անձրեւի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, եւ ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից` ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները եւ անասնագոմերը: Այս մասին տեղեկացրին Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ եւ Դալարիկ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի եւ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, գրում է Trend-ը: «Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին նայում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայից, որտեղ Ռուսաստանը համանախագահներից մեկն է: Մեր նպատակն է հակամարտության կողմերին ցուցաբերել ցանկացած տեսակի օգնություն, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի մեզ համար»,- ասել է դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:




Լրահոս