2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ հիմա անգամ նիստ չի գումարել:
Նշենք, որ հանձնաժողովի կազմավորումն ի սկզբանե հարթ չընթացավ: Սկզբում այնտեղ պատգամավորներց որեւէ մեկն ընդգրկված չէր: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը աղմուկ բարձրացրեց, որից հետո արդեն հանձնաժողով ստեղծելու որոշման մեջ լրացում կատարվեց, ի պաշտոնե ավելացվեց նաեւ նրա անունը: Ընդ որում, այդ հանձնաժողովը ստեղծվեց բավական ուշ` համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց մեկ ամիս անց միայն:
Իսկ համաձայնագրի դրույթների իրագործման մեկնարկը պետք է տրվի հենց կառավարության մակարդակով: Բոլոր գերատեսչությունները պետք է գործողությունների ծրագիր մշակեն` ելնելով հենց այդ համաձայնագրում ամրագրված դրույթներից: Եվ միեւնույն ժամանակ ավելի քան հրատապ է գործողությունների ծրագրի մշակումն ու հաստատումը:
Հետաքրքիր է, որ նաեւ հունիսին, երբ հանդիպել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ֆեդերիկա Մոգերինին, հայաստանցի պաշտոնյան վերահաստատել էր՝ կառավարությունը հավատարիմ է մնում նախկինում ձեռք բերված գերակայություններին: Եվ այս առումով այժմ պետք է լինի տարեկան պլան, որով կկարողանան առաջնորդվել եւ ֆինանսական աջակցություն ստանալ: Սակայն հիմա ո՛չ տարեկան ծրագիրն է առկա, ո՛չ էլ նիստ է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչ այժմ չի գումարվել եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում: Նիստերը նախատեսվում է անցկացնել, որպես կանոն, շաբաթական մեկ անգամ:
Ընդ որում, Սեդրակ Բարսեղյանը մեզ ուղարկված պատասխանում նաեւ նշել է հանձնաժողովի առաջնային խնդիրների մասին: Ըստ այդմ, միջգերատեսչական հանձնաժողովի առաջնային խնդիրներից է իրականացնել ճանապարհային քարտեզ մշակելու համակարգման աշխատանքները, ինչը հնարավոր է մեկնարկել միայն պատասխանատու մարմինների կողմից համապատասխան աշխատանքներ տանելուց եւ առաջարկություններ ներկայացնելուց հետո:
«Հանձնաժողովի ստեղծման պահից սկսած մինչ օրս գրասենյակի հետ համագործակցությամբ բոլոր պատասխանատու պետական մարմինների կողմից կատարվել են աշխատանքներ՝ ուղղված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող եւ ճանապարհային քարտեզում ներառվելիք միջոցառումների ցանկ կազմելուն ու դրա շուրջ աշխատանքային քննարկումներ անցկացնելուն: Արդեն իսկ բոլոր պատասխանատու մարմինները միջազգային փորձի վրա հիմնված եւ գրասենյակի կողմից տրամադրված ձեւաչափով մշակել են ճանապարհային քարտեզում ըստ ոլորտների ներառվող միջոցառումների ցանկերը, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն հանձնաժողովի նիստերում»:
Մնում է հուսալ, որ հանձնաժողովին կհաջողվի բոլոր աշխատանքները պատշաճ կատարել եւ հասնել դրական արդյունքների:
Հ.Գ. Ի դեպ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրերս Հայաստան այցի ժամանակ հայտարարեց, թե Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմը սկսի գործել: ՈՒ հիմա հայկական կողմից արագ քայլերն այս առումով խիստ կարեւոր են:
Հ. Գ. Հնաձնաժողովի նիստը գումարվում է այսօր:
Նաիրա Հովհաննիսյան