Խաղողագործները հանդիպում են մարզպետի հետ. ինչ քայլերի կդիմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` վաղ առավոտից, ՀՀ Արմավիրի մարզի մի շարք գյուղերի խաղողագործներ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը: Պատճառը խաղողի մթերման ցածր գներն են: Տեղեկացնենք, որ խաղողի մթերման գներից հիմնականում բողոքում են Սարդարապատի, Բամբակաշատի, Լենուղիի, Ջրաշենի, Այգեստանի եւ այլ գյուղերի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ զբաղվում են խաղողագործությամբ: Նրանց հիմնական բողոքը կապված է Երեւանի կոնյակի գործարանի սահմանած գնի հետ` 140 դրամ:

Նշենք, որ դժգոհող գյուղացիների հետ հանդիպել է նաեւ Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Նա հորդորեց խաղողագործներին բացել ճանապարհը: Սակայն գյուղացիներն անդրդվելի էին:

Սարդարապատի բնակիչներից Կարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով մթերման գներից, վրդովված նկատեց. «Այդ գինը ինքնարժեքից 20 դրամով է ընդամենը ավել: Չէ որ այս տարի ոռոգման ջուրը թանկացավ, թունաքիմիկատները նույնպես թանկացան, իսկ թանկ դիզվառելիքի մասին ավելորդ է անգամ խոսել: Պարարտանյութը եւս բարձ գին ունի: Խաղողի ինքնարժեքը մեզ վրա նստում է 110-120 դրամ: Հիմա եթե մենք 140 դրամով վաճառենք, 20 դրամով ո՞նց ապրենք, անգամ մեր կատարած ծախսերը չենք կարող ծածկել»:

Ապա հայտարարեց, որ ինքը եւ մյուս խաղողագործները պահանջում են այս տարի մթերման գին սահմանել 180-200 դրամ: Սակայն ավելի ուշ Երեւանի կոնյակի գործարանը պարզաբանեց` նշելով. «Կիսելով գյուղացիների հուզական վիճակը եւ հասկանալով իրենց ապրանքն առավել թանկ իրացնելու ցանկությունները` Երեւանի կոնյակի գործարանն այս տարի բարձրացրել է խաղողի գինը 10 դրամով` դարձնելով այն 140 դրամ: Տվյալ գինը դա այն առավելագույնն է, ինչը ընկերությունը կարող է անել հնարավորինս 29 հազար տոննա գնելու պարագայում»: Բացի այս, ընկերությունից նշել են նաեւ, որ պատրաստ են մթերել իրենց հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված եւ երկուստեք ընդունած պայմանների:

Ըստ խաղողագործների` Պռոշյանի գինու, կոնյակի գործարանը, որը խաղողը մթերում էր 162-172 դրամով, երեկ պայմանագիրը խզել է նրանց հետ եւ սահմանել 145 դրամ գինը:

Այսօր արդեն խաղողի մթերման գներից բողոքող խաղողագործների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա գյուղացիներին ասաց, որ կիսում է նրանց մտահոգությունները, վրդովմունքը, խնդիրը քննարկվում է: Գյուղացիներն էլ նշեցին, որ իրենք սահմանված գնով չեն կարող անգամ կատարած ծախսերը փոխհատուցել, առանց այն էլ կարկուտից մեծ վնաս էին ստացել:




Լրահոս