ԲԱՑԱՌՎԱԾ ՉԷՐ` ԵՍ ԳԼԽԱՎՈՐԵԻ ԲՀԿ ՑՈՒՑԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրությունների, Մարտի 1-ի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հետ:

-Պարո՛ն Զուրաբյան, Դուք «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր եք, բայց ավագանու ընտրություններին մասնակցում եք ՀՀՇ ցուցակով: Ինչո՞ւ:
-Կա «Ծառուկյան» դաշինք խմբակցություն, որն իր մեջ ներառում է տարբեր քաղաքական ուժեր եւ անհատներ: Եվ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կայացրել է իր որոշումը, ունի իր թեկնածուն եւ մասնակցում է ընտրություններին իր թեկնածուով: «Հայոց համազգային շարժում կուսակցությունն» ունի իր թեկնածուն եւ մասնակցում է իր թեկնածուով: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Կարծում եմ` Հայաստանում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ եւ այնպիսի պարարտ դաշտ, որ կանցնեն ժողովրդավարական ընտրություններ, հասարակությունն էլ կորոշի` ում է տեսնում Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Մի բան էլ պետք է կարեւորել. քաղաքական ուժերն ընտրության մասնակցելով` առաջին հերթին հաղթահարում են համապատասխան շեմը եւ հայտնվում ավագանիում, դրանից հետո ավագանին ընտրում է Երեւանի քաղաքապետ: Քաղաքական ուժերը շատ դեպքերում համագործակցում են միմյանց հետ ավագանիում, եւ ես կարծում եմ, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք` շատ նորմալ համագործակցություն ծավալելու:
-Միգուցե Դուք ցանկացել եք գլխավորել ԲՀԿ ցուցակը, բայց չի ստացվել, եւ որոշել եք չլինել երկրորդը, երրորդը:
-Ես հակառակը կարող եմ ասել. բացառված չէր նաեւ, որ ես գլխավորեի այդ ցուցակը: Բայց ես գտնում եմ, որ ես, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ լինելով, չեմ կարող ղեկավարել այլ քաղաքական ուժի ցուցակ: Այլ բան, եթե ստեղծվեր դաշինք, եւ որոշվեր այդպես. տվյալ պարագայում չի եղել, այդ ճանապարհով չենք գնացել: Բայց էլի եմ ասում. այստեղ մի բան է կարեւոր, որ մասնակցում ես ընտրությունների եւ գիտես` մասնակցում ես հանուն ինչի: Մի բան կա այստեղ, որ որոշիչ գործոն է հանդիսացել ոչ թե քաղաքական այս կամ այն միավորի անդամ կամ մասնակից լինելը, այլ այն, որ Երեւան քաղաքի խնդիրներին քաջածանոթ եմ, շատ լավ գիտեմ, երկար տարիներ աշխատել եմ այս համակարգում, եղել եմ Կենտրոն համայնքի ղեկավար, գիտեմ թե՛ խնդիրները, թե՛ լուծումները: Ինքս տարիներ շարունակ երազել եմ փորձել իրականացնել փոփոխություններ Երեւանում, որոնք անհրաժեշտ են երեւանցու համար, մարդու համար, որովհետեւ քաղաքը կարեւոր է նրանով, որ այնտեղ ապրում է մարդ արարածը եւ երեւանցին, կարծում եմ` արժանի է ավելի լավ քաղաքում ապրելու:
-Տեսակետ կա, որ առանձին եք մասնակցում ընտրություններին, որպեսզի ստանձնեք ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին քննադատողի դերը, քանի որ«Ծառուկյան» դաշինքը դա չիցանկանում անել` լինելով կառավարության կազմում:
-Հիմար տեսակետ է. ինչը քննադատեմ Հայկ Մարությանի: Հայկ Մարությանը պետք է իշխանության այս կամ այն մարմնում եղած լինի, ինչ-որ քայլեր արած լինի, որ նրան քննադատես: Հ. Մարությանը քննադատվելու տեղ չունի: Ցավում եմ, որ նման տեսակետներ կյանքի իրավունք են ստանում: Ես մասնակցում եմ նրա համար, որ հաղթեմ այս ընտրություններում եւ դառնամ Երեւանի քաղաքապետ, զբաղվեմ Երեւանի խնդիրներով, որովհետեւ գտնում եմ, որ եղած թեկնածուներից լավագույնը ես դա կարող եմ անել:
-Այսինքն` Նաիրա Զոհրաբյանից ավելի լավ կարող եք դա անե՞լ:
-Իհարկե, անկասկած:
-Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-…Որովհետեւ Նաիրա Զոհրաբյանն իմ շատ լավ ընկերն է: Օրինակ` նա կարող է նորմալ քաղաքական գործընթաց ղեկավարել, կարող է խորհրդարանում խորհրդարանական աշխատանք իրականացնել եւ այլն: Կարող է լինել նաեւ քաղաքապետ, բայց դրա համար իրեն անհրաժեշտ է լինելու երկու, երեք տարի` սովորելու միայն, թե ինչն է ինքը ղեկավարելու, եւ մնացած թեկնածուներին նույնպես:
-Դուք Մարտի 1-ի գործով եղել եք քաղբանտարկյալ: Հիմա Ձեզ կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքներդ ասելիք չունե՞ք իրավապահներին:
-Համոզված եմ, որ գործը գրեթե բացահայտված է: Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշտոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ին ցուցմունք են տալիս մեկը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որեւէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվածային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո` կրակոցներ, սպանություններ:
-Ռ. Քոչարյանն ազատ արձակվեց, եւ հարցազրույցում նշել է, թե քարը քարին չեն թողել` խոսելով իր ազատ արձակման որոշմանը հասնելու մասին:
-Քոչարյանն ինքնապաշտպանական բնազդից ելնելով` հայտարարություններ է անում, բայց տեսնում ենք ցայտնոտում հայտնված մարդու, որը գիտակցում է, որ պատասխանատվություն պետք է կրի իր գործողությունների համար: Ես ասում եմ. Քոչարյանը երբեք քաղաքականության մեջ չի եղել, քաղաքական ուժ չի ներկայացրել: Քոչարյանը քաղաքականությունից հեռու մարդ է եւ քաղաքականության մասին խոսում է միայն մեկ պատճառով, որ հետագայում բողոքարկելիս արձանագրի, որ այստեղ քաղաքական հետապնդում է, ոչ թե արարքի համար գնահատական: Բայց համոզված եմ, որ բոլորի համար ակնհայտ է, որ Քոչարյանը հայտնվելու է մեղադրյալի աթոռին, քանի որ իշխանությունը վերարտադրելու համար գնացել է մարդկանց սպանությունների:
-Իսկ Սերժ Սարգսյանը կարո՞ղ է Քոչարյանին աջակցել, որպեսզի նա բանտում չհայտնվի:
-Ես կարծում եմ` Սերժ Սարգսյանին է պետք աջակցել, որ ինքն էլ հայտնվի: Ի վերջո, Ռ. Քոչարյանը միայնակ չի արել այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Եղել է հատուկ ստեղծված մարմին, որի մեկ ներկայացուցիչն էլ Ս. Սարգսյանն է եղել:

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ: ԿԸՀ-ն արդեն հաստատել է ընտրությունների անցկացման ժամանակացույցը: Այսպիսով` ընտրական տեղամասերը կազմավորվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այսինքն` ամենաուշը օգոստոսի 29-ին:

Ընտրողների ցուցակը ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվելու է սեպտեմբերի 3-ին, քանի որ սահմանված կարգից ելնելով` ընտրության օրվանից 20 օր առաջ ցուցակները պետք է հրապարակված լինեն: Ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ին եւ տեւելու է ընդամենը 12 օր: Ի դեպ, տեղեկացնենք, որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի ժամկետը կրճատվում է: Նշենք, որ հեղափոխությունից հետո ձեւավորված նոր իշխանության ներքո սա առաջին ընտրական գործընթացն է լինելու: Իշխանությունները հույս են հայտնում, որ այս ընտրություններին կաշառքը չպետք է տեղի ունենա, եւ անցկացվելու են արդար ու թափանցիկ ընտրություններ:
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` Հայկ Մարությանի թեկնածությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածու է առաջադրվել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ՀՀՇ կուսակցությունը` Արարատ Զուրաբյանի թեկնածությամբ, ՀՅԴ-ն, որի թեկնածուն դեռեւս հայտնի չէ, Անահիտ Թարխանյանը` «Երեւանի հանրություն» նախաձեռնությամբ, Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, որի թեկնածուն հանրությանն անհայտ Արտակ Ավետյանն է, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը` թեկնածուն Մանուել Գասպարյանն է: Առաջիկայում հնարավոր է նաեւ այլ ուժեր հայտարարեն մասնակցության մասին: Բայց արդեն իսկ պարզ է, որ այսչափ մեծ քանակի ուժերի մասնակցության պայմաններում բավական հետաքրքիր պայքար է սպասվում:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՀԱՆՐԱՔՎԵ, ԹԵ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են իշխանությունը պահելու փորձերի մեջ: Սա այն բանից հետո, երբ Փաշինյանն օրերս խոսեց սահմանադրական փոփոխությունների անրաժեշտության մասին, որպեսզի արվի այնպես, որ ԱԺ-ն գնա լուծարման եւ վարչապետի հրաժարականի անհրաժեշտությունը չլինի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ-ականների մեղադրանքների շուրջ մեկնաբանության համար դիմեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանին: Նրա խոսքերով` այդ որոշումը բոլորովին պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության երկարաձգման ցանկությամբ: «Սա արվելու է մեկ նպատակով. որպեսզի մենք առանց հեղափոխությանը սպառնացող անգամ չնչին վտանգների կազմակերպենք մեր խոստացած արդար ընտրությունները եւ տրամաբանական ավարտին հասցնենք հեղափոխության այդ փուլը», – նշեց նա: Ըստ Նազարյանի. «Այս սցենարում կա մտավախություն, որ ինչպես Սերժ Սարգսյանը դրժեց իր որոշումը, այնպես էլ ՀՀԿ-ն կարող է անտեսել, որ իր ձեռքով կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որի կարեւորագույն դրույթն արտահերթ ընտրություններն են մեկ տարվա ընթացքում, եւ Փաշինյանի հրաժարականից հետո առաջադրել եւ ընտրել իր թեկնածուին», – հավելեց Նազարյանը: Նա նշեց, որ իրենք նախագիծ կներկայացնեն, որի հիմքում ԱԺ-ի լուծարումն է` առանց վարչապետի հրաժարականի, որի անցկացման համար անհրաժեշտ է 69 կողմ: «Իսկ եթե այդ նախագիծը մերժվի, ապա կառավարությունն ԱԺ կներկայացնի այդպիսի փոփոխություն անելու հանրաքվեի նախագիծ, որի հաստատման համար արդեն անհրաժեշտ է 63 կողմ: Հանրաքվեի նախագծի հաստատումից հետո հնարավորինս շուտ կկազմակերպվի հանրաքվե: Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց 59 կողմ ձայնով, կարծում եմ` կգտնվեն եւս 4 հոգի, ովքեր կողմ կքվեարկեն հանրաքվեի նախագծին», – հավելեց Նազարյանը:

 

 

ՉԻ՞ ՈՒՂՂՈՐԴԵԼ
Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ծավալվող բողոքի ակցիաների թիկունքում ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն է, որն ինչ-ինչ առնչություն ունի նաեւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ: Հիշեցնենք, որ Կոմբինատը պայքարում է Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ: Եւ հիմա այդ գործին ոչ միայն Արա Սաղաթելյանն է լծվել, այլեւ հարազատները: Նպատակն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության առաջ խնդիրներ ստեղծելն է: Պատահական չէ, ու Սաղաթելյանի եղբայրը` երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը, ակտիվորեն մասնակցել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումների եւ մշտապես ակտիվ է եղել այս թեմայի շրջանակներում: Այս առիթով փորձեցինք պարզաբանում ստանալ Արա Սաղաթելյանից: «Անհեթեթ, հիմար տեղեկություն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Սաղաթելյանը` վստահեցնելով, որ նման բան չկա: Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի ծրագրի այլընտրանքային հանրային փորձաքննության վերաբերյալ թեմաները ներկայացնողներից մեկը հենց Արմեն Սաղաթելյանն է եղել:




Լրահոս