Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, ռուսական կողմից քննադատական խոսքեր հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ սա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին:
-Ռուսաստանը որեւէ գործիք չունի` հայաստանյան գործերին միջամտելու համար:
-Իսկ այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ, ի պաշտպանություն Քոչարյանի, տեսակետ հայտնեց, արդյո՞ք սա չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեզ գործողությունները մեկնաբանեն Ռուսաստանում` դուրս եկեք ռազմական միությունից: Եվ այդ ժամանակ Հայաստանի վերաբերյալ ոչ ոք մեկնաբանություն չի անի: Քանի դեռ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական դաշնակիցը, Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում:
-Հեղափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված նոր իշխանության պայմաններում հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Դեռեւս ոչինչ չի փոխվել:
-Արդեն երկու անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կառավարության այլ ներկայացուցիչներ էլ պաշտոնական հանդիպումներ են ունեցել Ռուսաստանում: Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ օգոստոսի 17-ի հանրահավաքին էլ խոսեց վարչապետը` դրական գնահատելով դրանք: Ի՞նչ եք մտածում այդ հայտարարության մասին:
-Նիկոլ Փաշինյանը պարզապես հաստատեց ռազմական դաշինքի հարաբերությունները: Նա դեռեւս ո՛չ լավացրել, ո՛չ էլ վատացրել է այդ հարաբերությունները:
-Արդեն 100 օր է անցել, ինչ Հայաստանում աշխատում է նոր կառավարությունը: Դուք հետեւե՞լ եք այն ամենին, ինչ տեղի է ունենում այդ համատեքստում եւ ի՞նչ կարծիք ունեք:
-Կարող եմ ասել, որ այդ 100 օրերի ընթացքում, որ անցան պետական հեղաշրջումից հետո, հեղափոխություն այդպես էլ տեղի չի ունեցել:
-Ինչո՞ւ:
-…Որովհետեւ իշխանություն վերցնելը դա հեղաշրջում է, իսկ հեղափոխությունը քաղաքական, տնտեսական եւ սոցիալական համակարգի հիմքերի փոփոխությունն է: Համակարգը Հայաստանում չի փոփոխվել, ուրեմն հեղափոխություն դեռեւս չկա:
-Այսինքն` կարծում եք` այժմ Նիկոլ Փաշինյանի խնդիրը պետք է լինի համակարգի փոփոխությո՞ւնը:
-Ես կարծում եմ, որ եթե Փաշինյանն այդ ամենն անվանում է հեղափոխություն, նա պետք է փոխի համակարգը: Թեեւ հենց ինքն է ասում, որ հեղափոխությունը շարունակվում է: Այնպես որ սպասենք:
-Արցախի մասին խոսելիս վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Ռուսաստանը` որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ի՞նչ եք մտածում այս դիրքորոշման շուրջ:
-Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կոպիտ մեղադրանք է` Ռուսաստանի հասցեին: Այդ հայտարարությամբ Փաշինյանն ակնարկում է, որ 2016 թվականի ապրիլին հենց Ռուսաստանն է կազմակերպել Ադրբեջանի հարձակումը:
-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում` այս շրջանում Ռուսաստանը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ, որպեսզի Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չլինեն:
-Չի կարող:
-Չնայած նրան, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ լավ հարաբերություննե՞ր ունի:
-Որոնք են լավ հարաբերությունները. մանիպուլյատորի եւ մարիոնետի հարաբերությունները: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ նույնպես: Բայց Հայաստանը հո մարիոնետ չէ, ճի՞շտ է:
-Իսկ ո՞ր երկիրն է մարիոնետ ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
-Հարցն էլ հենց դրանում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի մարիոնետը չի հանդիսանում: Եվ Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի մարիոնետը: Եվ եթե ասվում է, որ Ռուսաստանը կարող է ազդել նրա վրա, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, դրանով ամբողջական պատասխանատվություն է դրվում Ռուսաստանի վրա: Բայց Ռուսաստանը չի կարող ազդել:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Հայաստանի տնտեսական ռազմավարության դրույթներին: Ընդ որում, նա այդ դրույթների մասին ծրագրել էր խոսել դեռ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ, սակայն ելույթի ընթացքում որոշել էր հետաձգել այն:
Ի դեպ, գաղտնիք չէ, որ նրա ընդդիմախոսները, այդ թվում ՀՀԿ-ականները, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը մշտապես մեղադրել են տնտեսական ռազմավարություն եւ տեսլական չունենալու մեջ: Եվ ահա, վարչապետը երեկ կետ առ կետ ներկայացրեց դրանք:
Նախ նա տեղեկացրեց ՀՀ տնտեսական առաջընթացի կառուցվածքի մասին: Նա մանրամասն խոսեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, ադամանդագործության, արտադրական ոլորտի, բուհական համակարգի զարգացումների մասին, որոնք վարչապետի խոսքով, նպաստելու են ՀՀ տնտեսության զարգացմանը:
«Տնտեսության զարգացման մի քանի մոդել կա, որոնց մեջ մտնում է այն, որ կառավարությունը ստեղծում է պայմաններ, իսկ մոդելը թողնում է շուկային: Ապահովված երկրներում կարեւոր է, որ կառավարությունը ներկայացնի իր տեսլականը, այսինքն` թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացման մոդելն ու ռազմավարությունը»,- նշեց վարչապետը:
Խոսելով բուհական կրթության մասին` Ն. Փաշինյանը նշեց, որ բուհերն ունեն մեծ խնդիր՝ դիմորդի եւ ուսանողի: «Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի: Հայաստանում պետք է առաջնային դիրքերում լինի որակյալ կրթությունը», – հավելեց նա:
Վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հարկային օրենսգրքին: Նրա խոսքով` այս պահին գնում են Հարկային օրենսգրքի պարզեցման ճանապարհով, եւ որոշակիորեն իջեցվելու է եկամտահարկը: Նա ընդգծեց՝ լուրջ փոփոխություններ են կատարվելու նաեւ հանրային կառավարման համակարգում. «Հարկային օրենսգրքում կլինի փոփոխություն՝ հաջակցություն փոքր բիզնեսին: Մենք միկրոբիզնեսի համար, որ տարեկան մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն է ունենում, կսահմանենք սիմվոլիկ, համարյա հարկից զուրկ բացառություն, խոսքը շրջանառության հարկի մասին է, միկրոբիզնեսը կլինի արտոնյալ պայմաններում»:
Հետաքրքիր է փաստը, որ նույն եկամտահարկի փոփոխության եւ Հարկային օրենսգրքի շուրջ նախագիծ վերջերս հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությանն էին ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանն ու Վահրամ Բաղդասարյանը: Ընդ որում, այս նախագիծը մշակված էր եղել դեռ վաղուց` Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, եւ պարզապես հիմա դրվեց շրջանառության մեջ: Կառավարության նիստում գործադիրը մերժեց ՀՀԿ-ականների առաջարկը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, թե իրենք ցանկանում են գնալ Հարկային օրենսգրքի համալիր փոփոխման, այլ ոչ թե կենտրոնանալ միայն եկամտահարկի նվազման վրա:
Հիմա, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նաեւ հարկային օրենսդրության համալիր փոփոխության:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ գյուղի ավագանին բավարարել է նրա հրաժարականի դիմումը: Ի դեպ, նշենք, որ Վարդանյանը ավելի քան 15 տարի է, ինչ Հայթաղի գյուղապետ է: Հայթաղի բնակիչների պատմելով` գյուղապետի հրաժարականը կապված է պետական աջակցության ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերի բնակիչներին պարարտանյութի եւ սերմացուի բաշխման գործընթացի հետ: Նշենք, որ վերջերս այս մասով չարաշահումներ եւ յուրացումներ էին բացահայտվել: Այդ գյուղերի ցանկում է եղել նաեւ Հայթաղը, որտեղ եւս չարաշահումներ են արձանագրվել: Սակայն Հայթաղի գյուղապետ Սամվել Վարդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր հրաժարականի դիմումը պատճառաբանեց առողջական վիճակի վատթարացմամբ. «Ինչ չարաշահումներ, այս մասով ամեն ինչ կարգին է: Ուղղակի վատառողջ եմ եւ պետք է բուժվեմ»:
ԱՐՏԱՀԵՐԹ
Հոկտեմբերի 21-ին մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Համապատասխան նախագծերից մեկն էլ կհաստատվի կառավարության այսօրվա նիստում: Նախ այսօրվա նիստում կհաստատվեն Արմավիրի մարզի Դալարիկի, Գեղարքունիքի մարզի Երանոսի, Սարուխանի, Կոտայքի մարզի Արզնիի, Գեղաշենի, Մրգաշենի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Նշենք, որ գրեթե բոլոր համայնքների ղեկավարները վերջերս էին ընտրվել եւ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո: Կառավարության այսօրվա նիստում կհաստատվի նաեւ Կապանի համայնքի ղեկավարի ընտրությունը կատարելու հարցը, որը եւս կլինի հոկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցի հաջորդ օրը:
ԵԿՄ-Ն ԸՆԴԴԵՄ ԳՈՐԾԱՐԱՐԻ
ԵԿՄ-ի հետ առնչվող «Երկրապահ Սեթյուրիթի» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանին պատկանող «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Երկրապահ Սեքյուրիթի» ՍՊԸ-ն դատական ճանապարհով «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից պահանջում է 5 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ երջանկահիշատակ Վահագն Հովնանյանին է պատկանում նաեւ Վահագնի թաղամասը: Ի դեպ, նշենք, որ բացի այս հայցից` գործարարի ընկերության դեմ եւս այլ քաղաքացիներ են հայց ներկայացրել, մասնավորապես սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջով դատարան է դիմել Ռուբեն Շախմուրադյանը, Միխայիլ Յուխանաեւն էլ դատարան է դիմել` պահանջելով, որ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն կենցաղային կապալի պայմանագիրը փոփոխի: