Զորքը Արցախից չի՞ բերվել. Դավիթ Բաբայանի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Մասնավորապես, լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ շատ են հարցնում, թե արդյոք Արցախի հարցում Հայաստանը պատրաստ է փոխզիջումների: Ես հարկ եմ համարում ասել, որ առաջինը Ադրբեջանին պետք է հարցնել, թե արդյոք պատրաստ է փոխզիջումների, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Արցախի ու Հայաստանի հասցեին, որեւէ ձեւով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, դա կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Հայաստանի հետ ոչ ոք չի կարող խոսել սպառնալիքների լեզվով, եւ մենք դա թույլ չենք տա»:

Փաշինյանը ԼՂ հիմնախնդրին անդրադարձել էր նաեւ ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: Մասնավորապես, ըստ նրա, գուցե ղարաբաղյան բանակցային գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձեւաչափի պատճառով: «Ես ի նկատի ունեմ ղարաբաղյան կողմի մասնակցությունը, այսինքն՝ այն, որ ղարաբաղյան կողմը չի մասնակցում բանակցություններին»,- ասել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, վարչապետ Փաշինյանը Ռուսաստանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Արցախը Հայաստանի մի մաս է պատկերացնում: Ինչպե՞ս կմեկնակաբանեք այս հայտարարությունը:

-Կարծում եմ` ցանկացած հայ էլ ունի այդ երազանքը: Եվ դա մեզ բոլորիս համար էլ գերնպատակ է: Ուզում ենք եւ պետք է ձգտենք դրա իրականացմանը: Սա պարզապես ժամանակի խնդիր է: Ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում դժվար գտնենք մեկին, ով չի ցանկանա դա: Իհարկե նշեմ,որ Հայաստանն ու Արցախը միեւնույնն է, միասին են:

-Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը

-Եթե ընդունում ենք այն,որ Արցախն ու Հայաստանը միասին մեկ հայրենիք են, ուրեմն մենք արդեն մեծ ձեռքբերում ունենք: Հարցի լուծումը, իհարկե, կախված է նաեւ աշխարհաղաքական տարբեր հոսանքներից եւ գլոբալ միտումներից: Մեր միասնականությունը ոչինչ չի կարող խարխլել: Գերնպատակին հասնելու ճանապարհը տեսնում եմ երկու պետությունների հզորացմամբ եւ Արցախի հարցի լուծման միջոցով:

-Փաշինյանը ասել է, որ գուցե ղարաբաղյան գործընթացը տեղից չի շարժվում բանակցությունների սխալ ձեւաչափի պատճառով: Համամի՞տ եք այդ ձեւակերպման հետ:

-Հիշեցնեմ` 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում Արցախը հաստատվել է հակամարտության կողմ: Սակայն Ադրբեջանի քմահաճույքի պատճառով դուրս է մնացել բանակցային գոտուց: Պետք է ամեն ինչ անել, որ Արցախը կրկին դառնա բանակցային լիարժեք կողմ:

-Այսօր ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի վերաբերյալ նոր հայտարարություն արեց: Ըստ Խաչատրյանի` 2008թ. փետրվարյան իրադարձությունների ժամանակ 0038 գաղտնի հրամանից հետո, որոշվել է Երեւանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների: Այդ ընթացքում սահմանում գտնվող զինվորները առանց հերթափոխի են ծառայել, արդյունքում եղել է դիվերսիա, ազդել է բանակի մարտունակության վրա: Խաչատրյանն ասել է, որ ամենախայտառակը նախկին պաշտոնյաների կողմից զինվորներին վարձկան սարքելն է:

-Ամբողջ ծավալով ասելով` նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Արցախի հետ դա կապ չունի: Սխալ հասցեով եք տալիս այդ հարցը: Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել:

Լուսինե Մինասյան




Լրահոս