Ինչպես հայտնի է, սնանկության գործով դատարանի շուրջ աղմկահարույց իրադարձությունները շարունակվում են: Մասնավորապես, ԲԴԽ-ի կողմից հավանություն չստացած դատավորները դատի են տվել ԲԴԽ-ին` պահանջելով, որ նա պատճառաբանի, թե ինչու իրենց չի ընտրել նոր ստեղծվելիք դատարանի դատավոր: Ավելին, գրել էինք, որ դատական համակարգում խոսակցություններ կան, որ նրանք, ովքեր ընտրվել են, ԲԴԽ-ի անդամներին զանգեր են արել, խնդրել են,որ օգնեն իրենց դառնալ սնանկության գործով դատարանի դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սնանկության գործով դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի հետ հասկանալու համար, թե նա որեւէ մեկին խնդրել կամ զանգել է, որ իրեն ընտրեն նոր ստեղծվելիք դատարանի դատավոր:
-Դատական համակարգում կարծիքներ կան, որ նոր ստեղծվելիք դատարանի դատավորները ոչ պրոֆեսիոնալ են: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես իրենց տեղը չեմ կարող պատասխանել, թե ինչ չափորոշիչներով են առաջնորդվում, գնահատական տալիս: Ուղղակի կարող եմ նշել, որ մի շարք չափանիշներ են հաշվի առնվել, այդ թվում` ստաժը, փորձը, դատավորի քննած գործերի քանակը, բեկանումների թիվը:
-Ըստ Ձեզ` Ձեզ ո՞ր արժանիքի համար են ընտրել:
-Ես չեմ կարող իմ արժանիքը ասել, դա Բարձրագույն դատական խորհուրդն է գնահատել, բայց 2001 թվականից ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրա, իմ գիտական թեման եղել է սնանկության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում, ունեմ մի շարք տպագրված հոդվածներ սնանկության գործերին առնչվող, դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում, Ֆրանսիական համալսարանում, իսկ մնացած արժեքների մասին արդեն որոշել է բարձրագույն դատական խորհուրդը:
-Դատական համակարգում տարածված խոսակցություններով` նրանք, ովքեր ընտրվել են, զանգեր են արել, խնդրել են ԲԴԽ անդամներին, Դուք զանգե՞լ եք, խնդրե՞լ եք եւ ո՞ւմ եք զանգել, խնդրել:
-Բացառվում է, իմ անունից անձամբ կարող եմ ասել, որ բացառում եմ նմանատիպ զանգերը, մրցույթը եղել է թափանցիկ բոլորի համար:
-Հիմա Ձեր կոլեգաները համամիտ չեն ԲԴԽ-ի որոշման հետ եւ դատի են տվել` պահանջելով, որ ԲԴԽ-ի որոշումները անվավեր ճանաչեն, գործը ՀՀ վարչական դատարան վարույթ է ընդունվել:
-Գործը դատական քննության փուլում է, դատարանը իր գնահատականը կտա: Ամեն մեկն ինքն է ընտրում իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության միջոցները: Անձամբ ես դատական համակարգի ներսում առաջացած խնդիրների կամ լուծման պատճառով նման պաշտպանության միջոցի չէի դիմի, որովհետեւ չի բացառվում, որ հետագայում նոր տեղեր բացվեն կամ չգիտեմ` նոր հնարավորություններ ստեղծվեն, համենայնդեպս, ինքս նման ճանապարհով չէի գնա:
Քնար Մանուկյան