Երեւանում բնակարանները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անշարժ գույքի շուկան սկսել է ավելի ակտիվանալ: Թավշյա հեղափոխությունից հետո բնակարանների գները բավականին բարձրացել են: Մի հանգամանք, որը դրական ազդակներ է տալիս երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը մեկ ամսվա ընթացքում 10-ով նվազել է: Եթե հունիսին իրականացվել է 13 հազար 741 գործարք, ապա հուլիսին դրանց թիվը կազմել է 13 հազար 731: Ի դեպ, Երեւանում դրանց թիվը ավելացել է 94-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ նաեւ, որ Երեւանում բնակարանների գները շարունակում են թանկանալ: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների միջին գներն աճել են գրեթե բոլոր վարչական շրջաններում: Ի դեպ, դրանք բարձրացել են ե՛ւ անցած տարվա հուլիսի, ե՛ւ այս տարվա հունիսի համեմատ: Ըստ մասնագետների կանխատեսումների` անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ հնարավոր է` ավելի աճի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, դրա հետեւանքով նաեւ գները: Մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում բնակարանները ավելի կթանկանան: Նրանց խոսքերով` Հայաստանում անշարժ գույք գնելով հետաքրքրված են հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը անշարժ գույքի ոլորտի մասնագետներից տեղեկացավ նաեւ, որ հողատարածքները, որոնք նախատեսված են բնակելի շենքեր կառուցելու համար, վերջին ամիսներին թանկանում են: Բայց այս երեւույթը նկատելի է Երեւանի ոչ բոլոր թաղամասերում: Օրինակ` Կասկադի մոտակայքում մինչեւ 20 տոկոսով թանկացել են հողատարածքները: Այսպես, հուլիսին, հունիսի համեմատ, կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ թանկացել է 8000 դրամով` եթե հունիսին բնակարանի մեկ քմ վաճառվել է 530 հազար դրամով, ապա հուլիսին այն կազմել է 538 հազար դրամ: Ասել է թե` Երեւանի կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը սկսում է 1000 դոլարից: Իսկ ահա Կասկադի կամ

Հյուսիսային պողոտայի տարածքում բնակարանները ավելի թանկ են. այստեղ մեկ քմ մոտ 2000 դոլար է կազմում: Արաբկիր վարչական շրջանում, որը համարվում է բանուկ թաղամաս, բնակարանները հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել են 2300 դրամով: Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 2300 դրամով` 368 հազար 950 դրամից դառնալով 371 հազար 250 դրամ: Բնակարանները նույնքան թանկացել են նաեւ Նոր Նորքում: Այստեղ մեկ քմ հուլիսին վաճառվել է 242 հազար 300 դրամով։ Միայն Էրեբունի վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի գները հուլիսին պահպանել են հունիս ամսվա մակարդակը`252 հազար 50 դրամ: Բայց Քանաքեռ-Զեյթունում հուլիսին, հունիսի համեմատ, բնակարանների գները բարձրացել են`2100-ով` 276 հազար 100 դրամից դառնալով 278 հազար 200 դրամ: Ավան վարչական շրջանում բնակարանի մեկ քմ թանկացել է ընդամենը 800 դրամով. 257 հազար 300 դրամից դարձել է 258 հազար 100 դրամ, Նոր-Նորքում`240 հազար դրամից`242 հազար 300 դրամ: Նկատենք, որ վերջին շրջանում Նուբարաշենում բնակարանների գները չէին բարձրանում, բայց այս հուլիսին, հունիսի համեմատ, այստեղ եւս թանկացում է արձանագրվել`166 հազար դրամից դառնալով 167 հազար 50 դրամի:

Մյուս վարչական շրջաններում`Դավիթաշենում, Աջափնյակում, Շենգավիթում նույնպես բնակարանները թանկացել են: Նշենք, որ մարզային քաղաքներում եւս բնակարանները թեկուզ չնչին, բայց թանկացել են, իսկ որոշներում փոփոխություն չեն կրել: Ի դեպ, ամենաթանկ անշարժ գույքը Ծաղկաձորում է. այստեղ բազմաբնակարան շենքի մեկ քմ-ը արժե 287 հազար 200 դրամ: Աբովյանում եւս բարձր գին ունեն բնկարանները, այստեղ մեկ քմ-ը վաճառվում է 157 հազար 200 դրամով: Սակայն անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին: Այս փոփոխությունից շահում են ոչ միայն սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող ընտանիքները, այլեւ շինարարության ոլորտն է ակտիվանում, ինչն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել տնտեսության վրա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս