ՖՈՏՈ. Օրհասական վտանգ՝ Արամի 23-ի հուշարձան-շենքի գլխին. նախարարությանը կհաջողվի՞ կանխել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ահազանգ եղավ այն մասին, որ «Հին Երեւան» թաղամասի մի հատվածում ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքները վտանգել են Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը: 

Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կառույցը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է: Այս առթիվ ահազանգ հնչեցրեց   նաեւ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը. «Սա նախորդ իշխանությունների գործունեության հետեւանք է, պողոտան ճանաչվել է գերակա շահ, եւ այստեղ պետք է կառուցապատվեին հին Երեւանի տեսք ունեցող շենքերով, եղածներն էլ պետք է մնային: Սակայն ինձ բոլորովին չի համոզում դա, որովհետեւ հայտնի չէ, թե վերջերս քանդված շենքերի քարերը որտեղ են, ուր մնաց թե 15-20 տարիներ առաջ քանդվածներինը հայտնի լինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց պարոն Հեքեքյանը: 

Սեպտեմբերի 15-ին էլ  անցկացվեց բողոքի ակցիա՝  «Փրկենք Արամի 23»-ը խորագրով, որի շրջանակում մի խումբ արվեստագետներ կոչ արեցին պատկան մարմիններին անել հնարավորը վտանգից խուսափելու համար:

Նշենք, որ շենքի մի պատը հարակից է Տերյան փողոցին, որտեղ, ինչպես նշվեց,  «Հին Երեւան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Դրանք, Տիգրան Հեքեքյանի պնդմամբ, ընթանում են «բազմաթիվ նորմերի խախտմամբ», եւ դա էլ հանգեցրել է շենքի վթարային վիճակին: Ի դեպ, տվյալ տարածքում տեղակայված է 6 պատմամշակութային արժեք ներկայացնող  շենք: 

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանից հետաքրքրվել է՝ ի վերջո, հնարավոր եղավ  արդյոք կանխել վտանգը, ինչ ճակատագիր կունենա հուշարձան-շենքը: Փոխնախարարը պատասխանեց,  որ 3-4 անգամ հանդիպել է պարոն Հեքեքյանի հետ շենքն ուսումնասիրելու, խնդրին ծանոթանալու նպատակով. «Արդյունքում արձանագրել ենք, որ շինարարարության ընթացքում Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը վնասվել է: Շենքի հիմքին մոտ հատվածում իրականացվել են փորման աշխատանքներ, եւ շենքից հող է թափվել: Վտանգն օրհասական է: Անգամ ԱԻՆ-ից  գնացել, ստուգումներ են իրականացրել եւ արգելել են այդ շենքում դասեր անցկացնել: Հիմա ձեռնարկելու ենք բոլոր միջոցները, որպեսզի  հողի սահքը կանխենք, շենքը ամրակայենք»,-մանրամասնեց նա:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ինքն անձամբ խոսել է կառուցապատողի հետ, որը գտնվում է Շվեյցարիայում: Պարոն Գալստյանը բացատրել է իրավիճակը եւ ներկայացրել, թե հուշարձան-շենքն ինչ կարեւորություն ունի Երեւանի համար. «Կառուցապատողը հորդորեց կապ հաստատել իրենց շինարարների հետ եւ շենքն ամրակայելու համար արագ լուծումներ գտնել:  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը եւ ես կառույցի վիճակը եւ հարակից տարածքում իրականացված աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով այցելել ենք Արամի փողոց, ծանոթացել ենք նախագծերին, խոսել շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ղեկավարի հետ, հանդիպել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին:

 Ավելի ուշ Քաղաքաշինության կոմիտե են հրավիրվել կառուցապատող եւ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները ստեղծված իրավիճակում հարցի լուծման եղանակ գտնելու նպատակով»,-տեղեկացրեց փոխնախարարը:

Նա նաեւ հավելեց, որ սեպտեմբերի 17-ից սկսվել է աշխատանքային պրոցեսը, սեպտեմբերի 18-ին էլ հանդիպում է տեղի ունեցել շինարարների հետ, եւ առաջիկայում հրատապ կարգով գործողություններ կիրականացվեն շենքի փլուզումը կանխելու ուղղությամբ:

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս