«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Լուիզա Ղամբարյանը: Մենք փորձել ենք բացահայտել նրա էությունը, բնավորության միայն իրեն բնորոշ գծերը:
-Լուիզա, ո՞րն է այն ամենաանմոռանալի նվերը, որ երբեւէ ստացել եք:
-Նվերի «ամենա»-ն չի լինում: Ինձ համար շատ արժեքավոր են, օրինակ, հայրիկիս նվիրած ականջօղերը՝ ինստիտուտ ընդունվելու առթիվ, առանձնահատուկ թանկ է առաջին ուսուցչուհուս նվիրած բացիկը, որտեղ նա մարգարեական մոտիվներով գրել է, թե ինչպիսին է պատկերացնում իմ ապագան եւ նշել է, որ իմ տեղը բեմն է: Ինձ համար ճակատագրի ամենամեծ նվերն ընտանիքս է: Բազմաթիվ արժեքավոր նվերներ ունեմ երկրպագուներիս կողմից ստացված, այնպես որ, դրանք շատ են:
-Մարդ, ում ամբողջ կյանքում պարտական եք:
-Ծնողներս: Հենց նրանց շնորհիվ է, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին կամ: Իմ բոլոր առավելությունների համար ծնողներիս եմ պարտական:
-Որպեսզի լինել երջանիկ, հարկավոր է պարզապես…
-Սիրել երջանկությունը եւ ուզենալ երջանիկ լինել:
-Եթե ունենում եք մի փոքր ազատ ժամանակ…
-Առաջին հերթին, իհարկե, նվիրում եմ դստերս: Դա անհրաժեշտի եւ հաճելիի միքս է:
-Տղամարդուն բռի մեջ պահելու միակ ձեւը…
-Տղամարդուն չի կարելի բռի մեջ պահել, հենց փորձես պահել, կգնա: Պետք է պարզապես կարողանալ համբերատար եւ անշահախնդիր սիրել: Եթե այս երկու կարեւորագույն հատկություններն ունես, քո պահանջներն էլ, շահերն էլ կբավարարվեն:
-Ո՞րն է հայ աղջիկների ամենամեծ առանձնահատկությունը:
-Նվիրումը ընտանիքին. դա իրենց մեջ գենետիկորեն է դրված, ամենաբնազդային մակարդակով: Անկախ հասարակական դիրքից, դավանած արժեքներից՝ հայ աղջկա, կնոջ համար ընտանիքը կարեւորագույն արժեք է: Նույնիսկ բարոյական փայլուն կյանքով չապրող կանանց դեպքում էլի ընտանիքը բարձրագույն տեղում է: Իսկ այլ ազգի շատ կանանց մոտ դա այդքան էլ ընդգծված չէ:
-Երազանք, որին դեռ չեք հասել:
-Մանկուց ցանկացել եմ բազմազավակ ընտանիք ունենալ, բայց դա այն երազանքը չէ, որին ափսոսանքով եմ նայում: Աստծուն փառք եմ տալիս եւ գոհանում եմ իմ ընտանիքի համար, այնպես որ, նման երազանք երեւի թե չկա:
-Ձեր կյանքի ամենադժվար պահերին ապավինում եք…
-Աստվածաշնչին: Այն, ինչ մեզ չի սպանում, ավելի է ամրացնում: Այն փորձությունը, որին հանդիպելով Ձեզ թվում է, թե աշխարհի վերջն է, իրականում Աստված ուղարկել է Ձեզ փորձելու համար: Եթե ապավինեք տիրոջը, նույնիսկ ամենածանր իրավիճակը կարող եք նրա շնորհիվ հարթել:
-Կոնֆլիկտի հակվա՞ծ եք, թե՞ ոչ:
-Միանշանակ ոչ:
-Մի բանի համար եք միայն զղջում, ինչի՞:
-Զուր անցկացրած ժամանակի, թեեւ պարապուրդի հազվադեպ եմ մատնվել: Մտածում եմ, որ կարելի էր կյանքն ավելի գեղեցիկ ապրել, ավելի գունավոր, կարելի էր կյանքից ավելի շատ բան վերցնել եւ ավելի շատ բարիք գործել, խաղաղություն տարածել:
-Հակառակո՞րդ, թե՞ թշնամի, ո՞րն է Ձեզ հոգեհարազատ:
-Եթե պարտադիր պետք է այս երկուսից մեկն ընտրեմ, ապա հակառակորդը: Թշնամին ցանակացած դեպքում տանում է չարության, իսկ հակառակորդն արթնացնում է մրցակցելու, առաջ գնալու մղում, խթան:
-Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:
-Հաց ու պանիր լոլիկով ու վարունգով:
-Հավատու՞մ եք տղամարդու եւ կնոջ միջեւ ընկերությանը:
-Նախկինում այս առումով կարծրատիպային պատկերացումներ ունեի, բայց հիմա այն համոզման եմ, որ, այո, հնարավոր է այդպիսի ընկերություն: Անձամբ ես լավ ընկերության կարիք ունեմ, ու այդ մտերմությունը չպետք է դրսեւորվի կենացների մեջ, այլ ազնիվ շփման:
-Հումոր, ինտելեկտ, հնարամտություն. տղամարդը սրանցից ո՞րը պետք է անպայման ունենա:
-Երեքն է, ընդ որում՝ այդ որակները սերտորեն կապված են միմյանց հետ: Օրինակ՝ ինտելեկտուալը հիմնականում նաեւ հնարամիտ է եւ հումորով:
-Կշռադատո՞ղ եք, թե՞ պահի ազդեցության տակ գործող:
-Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը: Արդեն քառասունս բոլորած կին եմ, որն ունի կյանքի որոշակի փորձառություն, եւ, իհարկե, տարիների ընթացքում ձեռք եմ բերել կշռադատելու ունակություն, բայց ես նաեւ էմոցիոնալ կին եմ, որը շատ դեպքերում կարող է հավասարակշռությունից դուրս գալ:
-Եվ վերջին հարցը՝ ինքներդ Ձեզ ինչպե՞ս եք փրկում:
-Փորձում եմ այդ փուլին չհասնել, ամեն ինչ անում եմ, որ կործանման եզրին չլինեմ եւ փրկվելու կարիք չլինի:
Աննա Բաբաջանյան