ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա ամփոփման առթիվ հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակների մասին: Վարչապետը նշել էր, որ դրա համար անհրաժեշտ է հանրաքվեի միջոցով անցկացնել սահմանադրական փոփոխություններ, որով հնարավորություն կլինի ԱԺ-ի ինքնալուծարման գործընթաց իրականացնել: Եվ դրանից հետո միայն պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս հայտարարությունից հետո քաղաքական ու հասարակական շրջանակներն ակտիվ երկխոսություն են սկսել. տեսակետներն իրարամերժ են: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ պարզելու համար ԲՀԿ տեսակետն այս հարցի շուրջ:

-Պարո՛ն Բագրատյան, վարչապետի կողմից առաջարկվում է, որպեսզի ԱԺ ինքնալուծարման ճանապարհով տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: ԲՀԿ-ն ի՞նչ է մտածում սրա շուրջ:
-Մենք խմբակցությունում դեռեւս չենք քննարկել այս հարցը: Պետք է նախ տեսնենք մեխանիզմները: Այսինքն, հստակ արտահայտված մեխանիզմներ, որ կառավարությունն այս պահին առաջարկել է, դեռեւս տեսանելի չեն: Խոսքը գնում էր հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությունների մասին: Սա դեռ փորձաքննության ենթակա մոտեցում է: Կարծեմ դեռ իրենց իրավաբաններն էլ չեն պատասխանել այս ճանապարհի իրացվելիության եւ միջազգային հանրության արձագանքն այս հարցին: Ճիշտ է՝ հանրաքվեի ինստիտուտն աշխարհով մեկ ընդունված է: Հատկապես եվրոպական մշակույթի մեջ դա վաղուց առկա է, առավելապես Շվեյցարիայում դա լավագույն աշխատաոճն է` կարեւորագույն խնդիրների լուծումը տալ հանրաքվեի միջոցով: Բայց այդ հարցը մեր երկրում դեռեւս քննություն չի անցել:
-ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Ինչո՞ւ են հակառակ կարծիքին՝ ըստ Ձեզ:
-Հանրապետականն ամեն ինչ անելու է, որ այս ստատուս քվոն պահպանվի: Բնականաբար, Հանրապետական կուսակցությանը ձեռնտու չէ՝ այսօր ընտրություն անցկացվի այն պարզ պատճառով, որ ժողովրդի մեծ դժգոհություն կա, եւ հնարավոր է, որ նույնիսկ իրենք խորհրդարան անցնելու խնդիր ունենան: Բնականաբար, Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ արտահերթ ընտրություններ տեղի չունենան, գործող իշխանությունն ամեն ինչ անելու է, որ ընտրությունները տեղի ունենան, որովհետեւ մայիսից հետո նշանակում է՝ դու քարտ բլանշ ես տալիս ՀՀԿ-ին, որպեսզի քեզ անվստահություն հայտնի: Բնականաբար, գործող իշխանությունը չպետք է քարտ բլանշ տա ընդդիմությանը: Բացառված է, որ Հանրապետականը ցանկանա՝ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
-Հիմա իշխանությունն, ըստ Ձեզ, կարո՞ղ է այս խնդիրը լուծել:
-Վարչապետը լուծման տարբերակներ առաջարկեց` հանրաքվեի միջոցով, ԱԺ բերելու միջոցով, կան նաեւ կառավարությանն անվստահություն հայտնելու եւ վարչապետի հրաժարական տալու տարբերակները: Տարբեր ուղղություններ են, որոնցից լավագույնը պետք է ընտրել: Վստահ եմ՝ քննարկման ընթացքում կտեսնեն, որ հնարավորությունները մեծ են, եւ հնարավոր է կոնսենսուսի գնալ, հնարավոր է՝ քաղաքական ուժերը ստորագրեն համապատասխան փաստաթուղթ եւ համատեղ իրականացնեն երկրի համար կարեւորագույն փոփոխությունները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պարտադիր են:
-Այսինքն, եթե ընտրություններն, օրինակ, այս տարի լինեն, ԲՀԿ-ն պատրա՞ստ է:
-Մենք պատրաստ ենք ցանկացած պահի մասնակցել արտահերթ ընտրություններին:
-ՀՀ ոստիկանապետի կողմից հայտարարվել է, որ ընտրություններին խիստ վերահսկողություն է լինելու, եւ այդ առումով Երեւանի ավագանու ընտրությունները տարբերվելու են, եւ կաշառք բաժանելու խնդիրը չի լինելու: Կարծում եք՝ կարո՞ղ են կուսակցությունները զերծ մնալ դրանից:
-Վստահ եմ, որ որեւէ ձեւով ընտրակաշառք չի լինելու: Եվ ինչպես գիտեք՝ օրենքի մեջ էլ փոփոխություն արվեց, ավելի խստացվեց, այսինքն՝ որեւէ մեկը 10.000 դրամի համար 6 տարի չի նստելու բանտում:
-Այս իրավիճակում մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել՝ համարեք, որ արդեն քաղաքականության մեջ եմ: Ի՞նչ եք կարծում՝ նա կա՞ քաղաքականության մեջ կամ կարո՞ղ է լինել:
-Համարելով ու հայտարարելով քաղաքականություն չի լինում: Քաղաքականությունը ռեալ պոլիտիկ է: Պետք է դու ներկա լինես քաղաքականապես եւ տեսանելի լինես հանրությանը: Նա տեսանելի չի:
-Իսկ կուսակցություն հիմնել պատրաստվող «Սասնա ծռերն», ըստ Ձեզ, կարո՞ղ են խնդիր, սպառնալիք դառնալ ներկայիս իշխանության համար:
-Չեմ կարծում, որ խնդիր լինեն, որովհետեւ իրենք ի վերջո հայտարարեցին նաեւ, որ սատարում են գործող կառավարությանը:
-Եթե ԱԺ-ի ինքնալուծարման հարցը դրվի, ԲՀԿ-ն պատրա՞ստ է կողմ քվեարկել:
-Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հենց այսօր, ցանկացած պահի:

 

 

 

ՈՒԶՈՒՄ Է ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼ

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել ռուսաստանյան HTB հեռուստաընկերությանը: Անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը եւ հարցին, թե կուսակցությունով է ուզում վերադառնալ, թե կոալիցիայով՝ Քոչարյանը նշել է. «Հարցը դեռ բաց է, բայց ես հասկանում եմ, որ կարող եմ դառնալ բավականին լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն այն մարդկանց համար, ովքեր տեսնում են այժմ առկա խնդիրները»:

Նկատենք, որ Քոչարյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտնել է միայն ՀՀԿ-ն. երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասել է. «Պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կօժանդակեն ՀՀԿ-ին, այդ թվում Քոչարյանի հետ»։
Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիոն կառավարության մաս կազմած ՀՅԴ ներկայացուցիչները, ի տարբերություն ՀՀԿ-ականների, այնքան էլ միանշանակ պնդումներ չեն արել: «Մենք համագործակցում ենք ցանկացած անձի հետ, ով կիսում է մեր մոտեցումներն ու նպատակներն, ով ուզում է լինի»,- երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե Քոչարյանն արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, թե՞ նոր պետք է վերադառնա, Ռուստամյանը նշել է. «Ցանկացած նախկին պաշտոնյա, մանավանդ նախագահ, իրավունք չունի քաղաքականությունից հեռանալու ընդհանրապես: Ճիշտ չէր, որ ինքը 10 տարի լռեց, պետք է խոսեն մարդիկ, իրենք են փորձագետները»: Մյուս կողմից, սակայն, Ռուստամյանը հարցին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն անվերապահորեն սատարում Քոչարյանին, ասել է. «Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք աջակցել եւ չենք էլ պատրաստվում աջակցել: Ընդհանրապես, կուռքեր չպետք է ստեղծի մեր ժողովուրդը: Դժբախտաբար, ես 88 թվականից այդ վիճակը տեսել եմ, նորից նույն սխալը չկրկնենք: Կուռքեր չկան, անվերապահ որեւէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս: Մեր՝ անվերապահ պաշտպանությունն արժեհամակարգին է վերաբերում, միայն դրան»:
Քոչարյանի իշխանավարման ժամանակ կոալիցիոն կառավարության մաս է եղել նաեւ ՕԵԿ-ը: Բայց այսօր ՕԵԿ-ականները պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության խնդիր օրակարգում չկա: «Մենք աջակցել ենք հեղափոխությանը, պաշտպանել ենք այդ գաղափարները, պաշտպանել ենք իրական ժողովրդավարության կառուցման հնարավորությունը ՀՀ-ում եւ ներկայումս էլ աջակցում ենք, այդ թվում հակակոռուպցիոն պայքարին: Այդ առումով մենք համագործակցություն տեսնում ենք՝ հեղափոխության շրջանակներում: Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն մենք չենք տեսնում: Մենք իր ժամանակաշրջանում դուրս ենք եկել կոալիցիայից եւ դրանից հետո՝ 2007-ին, եղել ենք ընդդիմություն»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ԿԼԻՆԻ
Ինչպես հայտնի է, նախօրեին հանդիպել էին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկումների առանցքային թեման եղել է օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, որպեսզի խորհրդարանը լուծարվի: Եվ ահա նախօրեի հանդիպումը շատ քաղաքական ուժեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմող ՀՅԴ-ն մեկնաբանում էին այնպես, թե որոշում է կայացվել հրաժարվել սահմանադրական փոփոխություն անելու մտքից եւ հարցը կարգավորել քաղաքական համաձայնությամբ, որպեսզի երկու անգամ վարչապետ չընտրվի, եւ խորհրդարանը լուծարվի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ-ական Լենա Նազարյանը նշեց, թե այդ առուով որեւէ հստակություն ամեն դեպքում առկա չէ, եւ չենք կարող ասել, թե սահմանադրական փոփոխություններ չեն լինի: «Չի բացառվում, որ կառավարությունը ներկայացնի նման նախագիծ», – նշեց նա:

 

 

ԱԿՏԻՎ ՉԻ ԼԻՆԻ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ պատճառաբանելով առողջական խնդիրներով: ԱԺ երեկվա արտահերթ նիստում արդեն նրա փոխարեն այդ դաշինքից որպես պատգամավոր եկել էր Այծեմնիկ Օհանյանը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բոստանջյանը նշեց, թե այլեւս ակտիվ չի լինելու քաղաքականության մեջ: «Ես գիտական գործունեությամբ եմ զբաղվել: Հիմա էլ կշարունակեմ դա: Բայց հետեւելու եմ այն ամենին, ինչ կատարվում է քաղաքականության մեջ»: Բոստանջյանը վստահեցրեց, թե որեւէ մեկն իրեն չի հորդորել կամ ուղղորդել, որ դուրս գա ակտիվ քաղաքականությունից: Նա ինքն է այդպես որոշել՝ ելնելով առողջական խնդիրներից: Նշենք նաեւ, որ Բոստանջյանը մեկնել էր արտերկիր ստուգման, իսկ այժմ Հայաստանում է: Նա նշեց նաեւ, որ չի պատրաստվում դուրս գալ ԲՀԿ-ից:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԴԵՄ
Նորանշանակ մարզպետների դեմ հայցերը դատարան շարունակվում են: Այս անգամ դատի են տվել Սյունիքի մարզպետ ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 27-ին դատարան է դիմել Լուսինե Հարությունյանը` պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի 2018թ. հունիսի 22-ի որոշումը եւ պարտավորեցնի վերջինիս Լուսինե Հարությունյանի հետ կնքել օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր: Պարզեցինք, որ Լուսինե Հարությունյանը մարզպետարանի կրթության բաժնում է աշխատել եւ ավելի ուշ նրան աշխատանքից ազատել են, եւ հիմա նա, դիմելով դատարան, փորձում է վերականգնել իր իրավունքները:




Լրահոս