Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Միայն թե նրանց հայտարարությունը տարակարծությունների եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության վերաբերյալ զրուցել է Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, նոր կառավարության օրոք ինչպե՞ս կգնահատեք բանակցային պրոցեսը:
-Սա երկրորդ հանդիպումն է Ադրբեջանի նախարարի հետ: Ես այնքանով եմ դրական համարում այս շփումը, որքանով որ բանակցությունները շարունակվում են, եւ դա շատ ավելի լավ է, քան այն վիճակը, քան այն, որ չկա երկկողմ շփում, չկան հանդիպումներ տարբեր մակարդակներում: Երբ ուսումնասիրեցի համանախագահների հայտարարությունը, ինձ համար նկատելի դարձավ, որ բանակցային գործընթացում շատ մեծ դինամիկա առաջիկա շաբաթներին չի սպասվում: Այնուամենայնիվ, ինձ համար շատ գոհացուցիչ է, որ մինչեւ տարվա վերջ կրկին նախարարների մակարդակով հանդիպելու պայմանավորվածություն կա: Մինչ այդ սպասվում է համանախագահների այցելությունը տարածաշրջան, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ պրոցեսը մեռած չէ եւ հանդիպումներ առնվազն նախարարների մակարդակով տեղի են ունենալու: Նշեմ ավելին, իմ գնահատմամբ, այս հայտարարությամբ համանախագահները ակնարկում են, որ սպասում են Հայաստանում իշխանության ամրապնդմանը, այսինքն՝ արտահերթ ընտրությունների մինչեւ տարվա վերջ: Ես միայն դրանով եմ պայմանավորում, որ նախարարների միջեւ հանդիպման հենց այդ ժամկետն է նշվել:
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ ասված է, որ համանախագահները եւ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի եւ հայտարարությունների վերաբերյալ: Ո՞ւմ է վերաբերում հայտարարության այս մասը:
-Համանախագահները եւ նախարարները քննարկել են իրավիճակը եւ պարզաբանումներ են խնդրել: Այսինքն` խոսքը վերաբերում է բոլոր կողմերին : Ըստ իս` պահանջ է եղել փոխադարձ պարզաբաներումներ անելու: Իմ կարծիքով` մեր նախարարը բազմաթիվ հարցեր է ունեցել Ադրբեջանի իր կոլեգային` վերջին լարվածության հետ կապված: Վստահ եմ` Ադրբեջանի ԱԳ նախարարը նույնպես հարցեր ուներ մեր դիրքորոշման նոր շեշտադրումների վերաբերյալ: Այս առումով համանախագահները պարզապես մատնանշում են այն բովանդակությունը, որը եղել է այդ հանդիպման ժամանակ:
-Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ համանախագահները զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը եւ խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Մատնանշելով սադրիչ հռետորաբանությունը` համանախագահները ո՞ր կողմին են ուղղել հայտարարության այս մասը:
-Հայերենով մի փոքր ավելի կոշտ է հնչում inflammatory rhetoric բառակապակցությունը: Կարծում եմ` սա ավելի շատ նշանակում է ռազմաշունչ, քան սադրիչ: Իսկ այն, որ Ադրբեջանից մենք բազմիցս ռազմաշունչ հայտարարություններ ենք լսել, դա ակնհայտ է, եւ հասկանալի է նաեւ համանախագահների դիմելը: Դա արվել է, որպեսզի նման հռետորաբանություն այլեւս չլինի: Մենք էլ բազմիցս ասել ենք, որ նման հայտատարությունների ներքո դժվար է պատկերացնել, թե ինչպես են կողմերը, մասնավորապես` Ադրբեջանը, գնալու լուրջ զիջումների, գնալու լուրջ քայլերի, որոնք պիտի նպաստեն հարցի խաղաղ կարգավորմանը:
-Նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլեր անելու կարեւորությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երկու կողմերը պայմանավորվել են, վերահաստատել են այդ միջոցների նշանակությունն ու կարեւորությունը:
-Հնարավո՞ր է, որ հայկական կողմի դիրքորոշումը անհասականալի է միջազգային հանրության համար:
-Բացառվում է նման բան: Վստահ եմ` հայկական կողմի դիրքորոշումը ավելի քան հասկանալի է, քանի որ այն շատ պարզ է եւ հստակ:
Լուսինե Մինասյան