Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում հանրապետականները չեն խորշում հրապարակավ հայտարարել մեկ բան, իսկ գործնականում անել հակառակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում քաղաքական կյանքը լարված է գրեթե ամենօրյա ռեժիմով, իսկ հերթական առիթը բավականին լուրջ է. մեկնարկել է ԱՄՆ Գերագույն դատարանի անդամի ընտրության գործընթացը: Հաշվի առնելով Գերագույն դատարանի կարեւորությունը որպես պետական ինստիտուտ` հարցը վերաճել է քաղաքական հակամարտության նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջեւ: Նախագահի առաջադրած թեկնածուն, սակայն, հանրային հակասական ընկալում ունի, ինչն էլ ավելի է բորբոքել իրավիճակը:
ԱՄՆ-ում Գերագույն դատարանի թափուր տեղը առաջացել էր դեռեւս 2016թ. դատավոր Էնթընի Սքալիայի մահվան պատճառով: Այնժամ նախագահ Բարաք Օբաման անմիջապես առաջադրեց նոր թեկնածու` համալրելու թափուր տեղը եւ հեռահար նպատակ ունենալով թույլ չտալու հանրապետականներին այդ կարեւոր պաշտոնում նշանակելու պահպանողական դատավորի: ԱՄՆ հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեին ԱՄՆ Սենատում, պարզապես տապալեցին դատավորի ընտրությունը` քվորում չապահովելով: Հանրապետականները այդ քայլն արդարացնում էին նրանով, որ 2016թ. ընտրության տարի էր, եւ հեռացող նախագահը չպետք է իր թեկնածուին առաջադրեր: Ավելին` հանրապետականները հույս ունեին, որ այդ անգամ Սպիտակ տունը կանցներ իրենց տիրապետության տակ, ինչը հնարավորություն կտար Գերագույն դատարանում թուլացնել լիբերալների դիրքերն ու այն համալրել պահպանողական դատավորներով:

Նկատենք, որ ԱՄՆ-ում այս հարցում քաղաքական լրջագույն սկզբունքային ու գաղափարական հակադրություն կա կուսակցությունների միջեւ, ինչը մի կողմից նպաստում է քաղաքական առողջ մրցակցությանը, մյուս կողմից` խաթարում պետական իշխանության ձեւավորման արագ գործընթացը:

Այդուհանդերձ, հաջողությունը ժպտաց հանրապետականներին, եւ այժմ նախագահ Դոնալդ Թրամփն օգտվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից ու Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Բրեթ Քավանոյին: Նոյեմբերին սպասվում են ԱՄՆ օրենսդիր մարմնի մասնակի ընտրություններ, ինչն էլ ստիպել է հանրապետականներին արագընթաց տեմպերով ավարտին հասցնել ընտրության գործընթացը: Այժմ էլ դեմոկրատներն են հիշեցնում հանրապետականների 2 տարի առաջվա պահվածքը եւ պնդում, որ ընտրության տարում չպետք է Գերագույն դատարանի դատավոր նշանակել: Եթե դեմոկրատները հույս ունեն նոյեմբերի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանալ Սենատում եւ առնվազն 2 տարի արգելափակել Թրամփի ու հանրապետականների նախաձեռնությունները, ապա հանրապետականները ձգտում են արագ կերպով ընտրել դատավոր` մտավախություն ունենալով հենց այդ հեռանկարից: Վերջին շրջանի մի շարք ընտրություններում դեմոկրատները տպավորիչ արդյունքներ են արձանագրել, ինչը մտահոգում է հանրապետականներին: Թրամփը նույնպես ցանկանում է օգտագործել օրենսդիրում իր կուսակցության մեծամասնություն ունենալու հանգամանքն ու ազատվել դատավորի ընտրության գլխացավանքից:

Ներկայումս Քավանոյի ընտրության հարցը գտնվում է Սենատի ընտրիչ հանձնաժողովում, որտեղ նախօրեին կայացան վերջին լսումները: Քավանոյի հասցեին հրապարակավ մեղադրանքներ են հնչել սեռական ոտնձգությունների մասին կոնկրետ կանանց կողմից, ինչը անասելի ձեւով բարդացրել է նրա ընտրությունը: Թեպետ հանրապետականներն ու Թրամփը ջանք չեն խնայում այդ մեղադրանքները սին ու անհիմն որակելու, սակայն փաստերը կարծես հակառակի մասին են խոսում: Քավանոն քանիցս ժխտել է դրանք, իսկ սենատական լսումների ժամանակ դեմոկրատ սենատորների համառ հարցապնդումներին արձագանքել է որպես «ազգային խայտառակություն», որն «առհավետ ոչնչացրեց է իր հեղինակությունը»: Բայց եւ այնպես, ամերիկյան մամուլը հերթով փաստարկված ժխտում է Քավանոյի տարբեր հայտարարությունները` կապված թե՛ իր քաղաքական ու իրավական համոզմունքների, թե՛ իր աշխատանքային գործունեության հետ: Թեպետ Թրամփն իրեն հասու բոլոր միջոցներով գովաբանել է Քավանոյի պահվածքը լսումների ժամանակ, հարցը շարունակում է վիճահարույց մնալ: Սենատական հանձնաժողովում հանրապետականներն ունեն 11 ձայն` դեմոկրատների 10-ի դիմաց, եւ մեկ սենատորի բացակայությունն անգամ կարող է տապալել գործընթացը: Իսկ հանձնաժողովում դրական եզրակացության պարագայում Քավանոյի հաստատումը պետք է իրականացնի ամբողջ Սենատը քվերակությամբ, ինչը կրկին խնդիր է լինելու:

Հայաստանում Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը նախորդ տարիներին թերեւս երբեք էլ լուրջ խնդրի չի վերաճել: Իշխանության աջակցությունը վայելող թեկնածուներն հեշտությամբ նշանակվել են կա՛մ նախագահի կողմից, կա՛մ էլ ընտրվել խորհրդարանական հնազանդ մեծամասնության քվեարկությամբ: Հիշելի է հատկապես ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի ընտրության գործընթացը, որն արագ կազմակերպվեց Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց անմիջապես առաջ Գագիկ Հարությունյանի հապճեպ հրաժարականով, որպեսզի Թովմասյանը այդ պարտականությունները կատարի նախկին Սահմանադրությամբ նախատեսված հիմունքներով, այսինքն` անժամկետ:

Թովմասյանի թեկնածությունը դժկամությամբ ընդունվեց ոչ միայն նրա` ՀՀԿ-ական լինելու պատճառով, այլեւ այն հանգամանքով պայմանավորված, որ նա ջերմեռանդ աջակիցն էր սահմանադրական փոփոխությունների, բայց ձգտում էր այդ պաշտոնում ընտրվել նաեւ իր քննադատությանն արժանացած նախկին սահմանադրության կարգավորումներով: Նպատակը պարզ էր. Թովմասյանը չէր ցանկանում իր պաշտոնավարման ժամկետը սահմանափակել նոր կարգավորումներով սահմանված 6 տարիներով: Նրա համար հավանաբար օրինակելի էր Սերժ Սարգսյանի վարքը, որը նույնպես չէր բավարարվում նախագահության 10 տարիներով: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում հանրապետականները չեն խորշում հրապարակավ հայտարարել մեկ բան, իսկ գործնականում անել հակառակը: Թերեւս քաղաքական անկեղծության բացակայությունն ու գործունեության բացարձակ ինքնանպատակությունն են, որ երկու դեպքում էլ օտարում են հասարակությանն ու քաղաքական ուժին:

Ն. Հովսեփյան




Լրահոս