«Ֆորեքս Քլաբ» ընկերությունն արտաբորսայական շուկայի կարգավորման օրենքի ընդունման նախօրեին առաջին անգամ Հայաստանում անցկացրեց ներդրողների և թրեյդերների կոնֆերանս, որտեղ դիտարկվեցին Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման վերաբերյալ խնդիրները և ֆինանսական շուկայի մասնակիցների իրավական, անհատական շահերի պաշտպանության նպատակով Ներդրողների և թրեյդերների ասոցիացիայի ստեղծման հետ կապված հարցերը:
«Ներդրողների և թրեյդերների միության հիմնադրման նպատակն է, որ այս միջավայրն ունենա կոլեգիալ մարմին, անհրաժեշտության դեպքում ներկայացված լինի օրենսդրի մոտ, տարբեր իրավական մարմիներում, այսինքն՝ ներկայացնի ներդրողի և թրեյդերի շահերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ֆորեքս Քլաբ» ընկերության Երևանյան գրասենյակի տնօրեն Միքայել Վերդյանը: Նա հիշեցրեց , որ ընկերությունը 2000 թ-ից գործունեություն է ծավալում և արտաբորսայական շուկայի կարգավորման օրենքի ընդունումը ոլորտի համար կարևորագույն իրադարձություն է:
Ընկերության վերլուծաբան Գոռ Գևորգյանն էլ լրագրողներին մանրամասնեց, որ Ներդրողների և թրեյդերների միությունը շահույթ չի հետապնդելու, մեծ ծավալով աշխատանքներ է կատարելու իրավական հարաբերությունների կարգավորման ոլորտում, տրամադրելու է տեղեկատվություն, նաև կրթական աջակցություն: «Նախաձեռնության իրականացումն ամբողջությամբ իր վրա վերցնում է Սեդա Օսիկյանը, ով խարիզմատիկ գործընկեր և հաճախորդ է: Ոլորտի կարգավորումն իր վրա չի կարող վերցնել «Ֆորեքս Քլաբ»-ը, քանի որ կարգավորումը պիտի իրականացնի անկողմնակալ մարմինը, ոլորտի մասնակիցը չի կարող իր վրա վերցնել դա: Մենք սպասում ենք՝ շուտով արտաբորսայական շուկան ԿԲ-ի կարգավորման դաշտում կգտնվի, ուստի ներդրողների, թրեյդերների, ներդրումային կազմակերպությունների միջև առաջանում է այն իրավական կարգավորիչը, որը կառաջարկվի ԿԲ-ի կողմից»,-մանրամասնեց նա:
Գոռ Գևորգյանի խոսքով` շատ դեպքերում ոլորտի մասնակիցները չեն տիրապետում տեղեկատվություն, չեն ցանկանում նաև դատական քաշքշուկի մեջ հայտնվել, ուստի անհրաժեշտ է մի մարմին, որը կարող է տրամադրել տեղեկատվություն այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է իմանալ օրենքի շրջանակներում ներդրումների և թրեյդինգի իրավական ասպեկտների վերաբերյալ: Վերլուծաբանը նշեց, որ միության ստեղծման համար կարևոր է հանրային աջակցությունը, ուստի ստեղծման փուլը սկսում են հանրային լսում իրականացնելուց:
Կոնֆերանսին մասնակցում էին նաև հյուրեր արտերկրից:
«Ֆորեքս Քլաբ»-ի գլխավոր վերլուծաբան Ալյոնա Աֆանասիվան ներկայացրեց համաշխարհային տնտեսության ներկայիս վիճակի, հնարավոր մարտահրավերների և հավանական հերթական ճգնաժամի զարգացման սցենարները: «2008 թ-ին եղել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, հիմա՝ ճգնաժամից 10 տարի անց, կխոսենք այն մասին, թե ինչի պետք է սպասենք, կա՞ անցյալի կրկնության վտանգ: Արդեն ինչ-որ հետաքրքիր գործընթաց է իրականացվում Թուրքիայում , ազգային արժույթը 45 տոկոսով արժեզրկվել է, Արգենտինայում` 60 տոկոսով»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաև ֆինանսական շուկայի տարբեր ակտիվների վերաբերյալ ներդրումային գաղափարները: