«Ժողովուրդ» օրաթերթը թավշյա հեղափոխության, Հայաստանում առկա նոր իրավիճակի, սփյուռքի արձագանքի եւ մշակույթի նախարարության անելիքների մասին զրուցել է ամերիկաբնակ երգիչ Պապին Պողոսյանի հետ։ Նա չի բացառել, որ եթե ամեն բան լավ ընթանա, ինքը կվերադառնա հայրենիք արդեն մշտական բնակության նպատակով։
-Պարո՛ն Պողոսյան, վստահ ենք, որ Գլենդելից հետեւել եք հայաստանյան վերջին կես տարվա իրադարձություններին։ Ի՞նչ տպավորություն եւ ի՞նչ սպասելիքներ ունեք ներկայիս կառավարությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմից։
-Մենք ոչ միայն հետեւել ենք, այլեւ մեր լուման ենք ունեցել վերջին զարգացումներում։ Նախկինում, երբ Գլենդելի հայերը որեւէ բան էին նախաձեռնում, քիչ թվով մարդիկ էին միանում նրանց, բայց այս անգամ այդ մարդկանց թիվը բավական մեծ էր։ Աննախադեպ էր նաեւ այն, որ հայերը Գլենդելում փողոցներ էին փակում։ Իհարկե, ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում եւս շրջանառվում են տարբեր կարծիքներ, տիրում են տարբեր տրամադրություններ։ Շատերը շտապում են եւ ցանկանում են անմիջապես արդյունքներ տեսնել, ուզում են ամեն բան միանգամից լինի, այնինչ ժամանակ է հարկավոր, որպեսզի տեսանելի դրական տեղաշարժեր գրանցվեն։ Ամեն դեպքում, այստեղի ժողովրդի ոգեւորությունը բավական մեծ է։
-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչը կամ ո՞վ է թավշյա հեղափոխության թիվ մեկ թշնամին։ Ի՞նչը կարող է վտանգի տակ դնել այն, ինչ ձեռք բերեց ժողովուրդը։
-Հոռետեսությունը։ Կան մարդիկ, որոնք լավը չեն տեսնում։ Դա տեսակ է։ Մենք պետք է իրար ավելի շատ սիրենք, վստահենք, այդպես կարող ենք պետություն դառնալ։
-Նիկոլ Փաշինյանի, կառավարության գործունեության մասին ի՞նչ կարծիք ունեք։ Դուք վստահու՞մ եք այս թիմին։
-Իհարկե, եթե չվստահեի, հանրահավաքներին չէի մասնակցի։ Անձամբ ես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին, հավանում եմ նրա մոտեցումները, մտածելակերպը եւ հույս ունեմ, որ այն, ինչ ժամանակին կորցրինք, հիմա կարող ենք ետ բերել։
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն, այս մասին ի՞նչ եք մտածում։
-Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ եւ կդժվարանամ դատողություններ անել, բայց ինձ թվում է՝ ինքը չի հասկանում, որ ժողովուրդը նախկինը չէ։
-Դուք տարբեր առիթներով ահազանգել եք եթերի՝ անորակ երաժշտությամբ ողողված լինելու մասին։ Հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հույս ունե՞ք, որ այս խնդիրը վերջապես կարող է լուծում գտնել։
-Հեռուստա եւ ռադիոընկերությունները շարունակում են գործել նախկին ոճով, եւ դա շատ վատ է։ Պետք է քայլեր ձեռնարկել եթերը մաքրելու համար։ Որպեսզի դա արվի, կառավարությունը պետք է լինի պետականամետ, ունենա ազգային մտածելակերպ, մոտեցումներ։ Պետք է կարողանանք ժողովրդին վերադարձնել բարձր ճաշակի զգացողությունը։ Կա եւս մեկ խնդիր, որի մասին կցանկանամ բարձրաձայնել։ Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպումներ կազմակերպել հայաստանցի ու սփյուռքի մտավորականների, արվեստի գործիչների հետ։ Ընդ որում, այդ հանդիպումների ժամանակ պետք է բարձրացվեն ոչ թե նեղ անձնական, այլ ընդհանուրին, ազգին, պետությանը վերաբերող լուրջ հարցեր։ Այս դեպքում գուցե կարողանանք լուծել մեզ հուզող խնդիրները։ Իսկ եթե ամեն մեկն իր խնդիրը առաջ բրդի, ոչնչի չենք հասնի։
-Պարո՛ն Պողոսյան, եւ վերջին հարցը՝ հնարավո՞ր է հեղափոխության բերած ոգեւորության տակ որոշեք վերադառնալ հայրենիք եւ այս անգամ արդեն ընդմիշտ։
-Այո, ինչո՞ւ ոչ։ Նախորդ տարի եմ եղել Հայաստանում, այս տարի, ցավոք, չեմ կարող գալ, արդեն հաջորդ տարի կլինեմ հայրենիքում, եւ հնարավոր է, որ մնամ։ Առաջ Աստված։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԻՆՉՊԵ՞Ս ԿԴԱՍԱՎՈՐՎԻ ՓԼՈՒԶՎԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Օրեր առաջ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ փլուզվել է ՀՀ Շիրակի մարզի Հայրենյաց համայնքում գտնվող, «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների» պետական ցուցակում ընդգրկված, 6-7 դդ. թվագրվող Հովհան Օձնեցի եկեղեցու հարավային պատը: Փլուզումը տեղի է ունեցել բնական գործոնների ազդեցության հետեւանքով: Այս մասին ՊՈԱԿ-ը տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանից հետաքրքրվել է՝ ինչ է ձեռնարկել գերատեսչությունը եկեղեցու տվյալ հատվածի փլուզումը կանխելու ուղղությամբ, արդյոք առաջիկայում կան տվյալ եկեղեցին վերականգնելու ծրագրեր, առհասարակ, նախարարությունը մշակում է արդյոք նոր մեխանիզմներ՝ հուշարձանները պահպանելու ուղղությամբ:
Փոխնախարարը մեզ պատասխանել է, որ մշտադիտանցման արդյունքներն առաջիկայում կամփոփվեն. «Տեղեկացնում ենք ձեզ, որ փլուզված հատվածը կառուցված է ոչ թե 6-7-րդ դարերում, այլ ավելացված է ուշ շրջանում եւ չի վնասել կառույցը: Միաժամանակ հայտնում ենք, որ հուշարձանը հաշվառվել է առավել վտանգված հուշարձանների ցանկում, եւ դրա վերականգնումը կքննարկվի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրում»,-ասել է նա:
Տիգրան Գալստյանը հայտնել է, որ հուշարձանների պահպանության ուղղությամբ նախարարությունը համագործակցում է պետություն-մասնավոր շրջանակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտական շրջայցերի միջոցով հսկողություն են իրականացնում հուշարձանների նկատմամբ:
Մենք հետաքրքրվել ենք՝ հուշարձանների պահպանության ոլորտում նախարարությունն ինչ սկզբունքներ է որդեգրել. «Նախարարությունը որդեգրել է նվազագույն միջամտության սկզբունքը. հիմնականում իրականացվում են ամրակայման աշխատանքներ: Նախատեսվում է նաեւ իրականացնել մշտադիտանցում հուշարձանների տեխնիկական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ՝ ըստ յուրաքանչյուր մարզի (2-3 հուշարձան)՝ առաջնահերթությունը տալով առավել արժեքավոր հուշարձաններին»,-ասված է նախարարի տեղակալի պատասխանում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Հայաստանի ձյուդոյի հավաքականը չի մասնակցի Բաքվում 2018 թվականի աշխարհի առաջնությանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկացմամբ` ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ: Հարեւան երկրում ձյուդոյի տարվա կարեւորագույն ստուգատեսն անցկացվելու է սեպտեմբերի 20-27-ը: Բաքվում կայացած դեռեւս միակ մարզական իրադարձությունը, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է, եղել են 2016 թվականի Եվրոպական խաղերը: Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի:
ԱՄԵՆԱՇԱՏ ԵԿԱՄՈՒՏ` «ՄՈՆԱԿՈ»-ԻՆ
«CIES Football Observatory» շվեյցարական ընկերությունը յուրօրինակ հաշվարկ է կատարել վերջին տարիների տրանսֆերային շուկայում կատարվածի մասին: Պարզվում է, որ 2010 թվականից մինչ այժմ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ամենաշատ եկամուտ ունեցող ակումբը «Մոնակո»-ն է. ֆրանսիական գրանտն այդ մասով վաստակել է 950 միլիոն եվրո: Ցուցակում երկրորդը «Լիվերպուլ»-ն է, 3-րդը` «Ռոմա»-ն. «Բարսելոնա»-ն 4-րդն է, իսկ«Ռեալ»-ը` 5-րդը:
ՑԱՆԿԱՑԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ
Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսելնին այս ամռանը ցանկացել է հեռանալ անգլիական ակումբից, սակայն նրան խանգարել է մայիսին ստացած լուրջ վնասվածքը, այս մասին հայտարարել է ֆրանսիացի պաշտպանի գործակալ Ստեֆան Կուրբիսը: «Գարնանը Կոսելնին անցկացնում էր խաղեր, որոնք կարող էին նրա համար վերջինը լինել «Արսենալ-ում: Նա թիմից հեռանալու մասին սկսեց մտածել այն ժամանակ, երբ դա անում էր նաեւ Արսեն Վենգերը: Նոր մարզիչի գալով նրա հեռանալը կլիներ համապատասխան պահի: Մենք ստացանք մի քանի առաջարկներ, որոնք մտածելու առիթ տվեցին մեզ: Լորանն ուներ առաջարկներ Չինաստանից ու Ֆրանսիայից»-ասել է գործակալը:
Հիշեցնենք, որ Լորան Կոսելնին շարունակում է վերականգնվել աքիլեսյան ջիլի վնասվածքից, որը ստացել էր մայիսին: Սպասվում է, որ նա մարզումները կվերսկսի նոյեմբերին: