Նիկոլ Փաշինյանի շուրջը ձեւավորված համաձայնության կառավարությունը երեկ փլուզվեց րոպեների ընթացքում: Առիթը դարձավ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ամենաաղմկահարույց դրույթի հեղինակն էլ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր: Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ երեկվա լարվածության պատճառը հենց Գեւորգ Պետրոսյանի առաջարկած փոփոխությունն ու Արփինե Հովհաննիսյանի նախագիծն էր: Ինչպես հայտնի է, օրինագիծն ընդունվել է 67 կողմ ձայնով. կողմ են քվեարկել ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները:
Իհարկե, այս կառավարությունը սկսել էր ճաքեր տալ ավելի վաղ՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեւերի ու սպիտակների, հեղափոխական եւ հակահեղափոխական ուժերի տարբերակում դրեց եւ երեկ էլ, ըստ էության, վերջնականապես հայտարարեց, թե ովքեր են հակահեղափոխականները: Երեկ տեղի ունեցածը պարզապես այդ ամենի հետեւանքն էր:
Երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հոծ բազմություն էր հավաքել Բաղրամյան պողոտայում եւ ելույթ էր ունենում, հայտարարություն տարածեց ՀՅԴ-ն` նշելով, թե հետ են կանչում իրենց նախարարներին եւ մարզպետներին. «Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը»,- իրենց որոշումը մեկնաբանել են նրանք: Դրանից րոպեներ անց արդեն Նիկոլ Փաշինյանը հրաման ստորագրեց ԲՀԿ եւ ՀՅԴ նախարարներին աշխատանքից ազատելու մասին: Նա հայտարարեց, նաեւ ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական մարզպետներին պաշտոնանկ անելու մտադրության մասին:
ՈՒ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. եթե ՀՅԴ-ն հասցրեց դուրս գալ կառավարության կազմից, ապա ԲՀԿ-ին Փաշինյանը պարզապես «վռնդեց»՝ պատժելով վերջին օրերի պահվածքի համար: Միաժամանակ, ուշագրավ է, որ ԲՀԿ-ական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ, եւ Փաշինյանը համաձայնել է: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ կուսակցությունների ներկայացուցիչների նախարարներ Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի մասին վարչապետը ոչինչ չասաց: Ընդհակառակը, չնայած վերջին ընթացքում «Ելք»-ում առկա տարաձայնություններին` երեկ նրանք կրկին միավորվել էին, եւ պատգամավորները պաշտպանում էին Փաշինյանին, նրա դիրքորոշումը:
ՀՅԴ եւ ԲՀԿ քվոտայով նախարարներին աշխատանքից ազատելու հրամանները Փաշինյանը ստորագրեց հենց դրսում՝ ԱԺ մոտ հավաքված բազմության առաջ: Այդ հրամանագրերը ստորագրելուց զատ վարչապետը նաեւ քաղաքական ուղերձներ հղեց:
«Նախարարների հրամանները հաստատելուց հետո ես հրաժարական կտամ: Իմ հրաժարականի 7-րդ օրը ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է անցնի եւս 7 օր, եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ, իսկ եթե չընտրեց, ուրեմն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպեսզի տպավորություն չլինի, թե ես կառչած եմ վարչապետի աթոռից, իմ հրաժարականից հետո եթե ժողովուրդը ուզի, մենք թույլ չենք տա նոր վարչապետի նշանակումը միասին: Այնուհետ ձեր վստահության քվեով ես կկարողանամ ընտրվել»,- նշեց նա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում եւ կարող է այդ հրամանները ստորագրել միայն Հայաստան վերադառնալուց հետո: Այս հայտարարություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարան՝ ԱԺ նախագահի եւ պատգամավորների հետ բանակցելու: Մինչ այդ Փաշինյանը հայտարարեց. «Ես հիմա կփորձեմ մեր գործընկերների տեսակետը իմանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք իրավիճակը: Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք եւ արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Ես հրաժարական կտամ, իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրի՝ մարդկանց չգրգռելու համար: Ես հրաժարական տված լինեմ, իսկ նրանք թեկնածու առաջադրեն, պարզապես կբորբոքեն մարդկանց: Հույս ունեմ, որ մեր գործընկերներն այս իրավիճակը ճիշտ կգնահատեն»: Ընդ որում, լրագրողի հարցին՝ կրկին ուժի մե՞ջ է դեկտեմբերի 15-ին ընտրությունների գնալը, վարչապետը նշեց, որ հնարավոր է ավելի շուտ լինի, բայց դա բանակցությունների արդյունքում պարզ կդառնա: «Ընտրություններն ավելի շուտ են ստացվում, քան դեկտեմբերի 15-ն է»:
Հատկանշական է, որ ՀՀԿ-ականներն արտահերթ ընտրությունների մասին խոսելիս փորձում էին մանեւրել` ասելով՝ դեմ չեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, բայց ոչ այսպես շուտափույթ կերպով, մանավանդ, կառավարության ծրագրում եւս նշված է մինչեւ 2019թ. մայիս ամիսն այդ ընտրություններն անցկացնելու մասին: Մինչդեռ վարչապետ Փաշինյանը հասկանում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել հնարավորինս արագ, այլապես, ժամանակը կարող է իր դեմ ծառայել: Ավելին, ԱԺ արտահերթ ընտրությունների հետաձգումն իսկապես խոչընդոտում է երկրի տնտեսության զարգացմանը, քանի որ ինչպես երեկվա դեպքերը ցույց տվեցին, նախկին իշխանությունն ամբողությամբ չի հեռացել, նոր իշխանությունն էլ լիարժեք չի հաստատվել:
Ինչ վերաբերում է երեկ փողոցում տիրող մթնոլորտին, ապա Բաղրամյան պողոտան իսկապես մարդաշատ էր. հավաքվածները շրջափակել էին խորհրդարանը` զրկելով պատգամավորներին ելումուտի հնարավորությունից: Մանավանդ, որ մարդկանց առաջ բացվել էին խորհրդարանի դարպասները, եւ հավաքված բազմությունն անարգել մտել էր նաեւ ԱԺ բակ՝ սպասելով Փաշինյանի ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների բանակցություններին: Այն տեւեց մինչեւ ուշ գիշեր:
Նաիրա Հովհաննիսյան