Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Քվեարկության ժամանակ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ձեռք բարձրացրեցին` բացառությամբ «Ելք» խմբակցության: Ըստ նախագծի` ԱԺ նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ ընդհատված, եթե որեւէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:
Դրանից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը կոչով հանդես եկավ եւ հորդորեց բոլորին հավաքվել ԱԺ շենքի մոտ: Կոչից մի քանի րոպե հետո ժողովուրդը շրջափակեց Աժ-ի բոլոր մուտքերը` փորձելով ճնշում գործադրել օրենքի նախագծին կողմ քվեարկած պատգամավորների վրա: Հիշեցնենք, որ դրանից ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԺ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի առաջին կեսին: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը սպասելի՞ էր Ձեզ համար:
-Անկեղծ ասած` սպասելի չէր: Դեպքերը շատ արագ զարգացան: Պատճառը, բնականաբար, այդ օրենքի նախագիծն էր եւ այդ լրացումը, որը ավելացվել էր երկրորդ ընթերցման ժամանակ: Դա դարձավ առճակատման պատճառ: Իշխանությունն էլ գործի դրեց իր լծակը` ժողովրդին: Մի բան ակնհայտ է` ժողովրդի գործոնը շատ հզոր է, եւ մի քանի ամիս է` շատ որոշիչ: «Հանրապետական» կուսակցությունը հաշվի չի առնում դա: Ինձ թվում է` իրենց սխալ ճանապարհ են ցույց տվել, ասել են` քիչ մարդ կհավաքվի, ժողովուրդը հոգնել է եւ այլն:
-Կարծում եք` ՀՀԿ-ն չէ՞ր հաշվարկել այդ սցենարը:
-Ինձ համար դա տարօրինակ էր: Երեւի մի ստվերային ուժ, երեւացող կամ չերեւացող լիդեր իրենց ապատեղեկատվություն, սին հույսեր է տալիս եւ գցում է կրակը: Երեք կուսակցություններ կրակն ընկան իրենց չհաշվարկած քայլերի հետեւանքով: Մենք տեսանք, որ մեր ժողովուրդը ոչ թե էյֆորիայի մեջ է, ինչպես ասում են շատերը, այլ ռեալ ուժ է, որ միշտ կարող է որոշիչ դեր խաղալ: Սեպտեմբերի 23-ին բոլորս տեսանք` ժողովուրդը գիտակից ուժ է: Դա իրապես ժողովրդավարություն էր: Այդքան մարդ կամավոր, առանց որեւէ մեկի տանելու գնաց քվեարկելու: Եվ տեսնում ենք, որ խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը դա հաշվի չեն առնում. սա նվազագույնը հավկուրություն է: Այն մարդիկ, ովքեր այդ կուսակցություններին հույսեր էին տվել, միայն նրանց վատն են ցանկացել:
-Այնուամենայնիվ, տեղի ունեցածից հետո հնարավո՞ր է այս հարցը լուծել բանակցությունների միջոցով:
-Ես միշտ էլ տեսնում եմ բանակցային տարբերակը: Հիմա կարծես ուլտիմատումային ձեւը գերիշխում է: Ցանկալի կլինի, որ բանակցությունների միջոցով հարցը լուծվի, որովհետեւ քաղաքական գործչի համար բանակցությունները լավագույն գործիքն են: Բայց չէ՞ որ դա պետք է լինի երկկողմանի: Կարծում եմ` ժողովուրդը հենց նրա համար ոտքի կանգնեց, որ այդ ուժերը փորձեցին ձախողել բանակցային գործընթացը:
-Եթե հնարավոր չլինի բանակցությունների միջոցով հարցը լուծել, ըստ Ձեզ, ի՞նչ կանեն խորհրդարանական երեք ուժերը:
-Չեմ ուզում պատկերացնել, թե ինչու պետք է ձախողվեն: Բազմիցս ասել եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են:
-Քաղաքական ուժերը ասում են, որ իրենք ընդամենը ժամկետների հետ կապված խնդիր ունեն: Ի՞նչ եք կարծում, իրոք այդպե՞ս է:
-Ինձ չի հետաքրքրում` ինչ են ասում նրանք: Շատ եմ ասել, որ պետք է լսել, թե ինչ է ասում «Հանրապետական»-ը եւ անել հակառակը, եւ ամեն բան ճիշտ կլինի: Սա է իմ рецепт-ը, եւ կարծում եմ` հենց սա է մեր երկրի զարգացման համար լավագույն միջոցը:
-Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու համար պատրաստվում է հրաժարական տալ: Ժողովրդի մի մասը վախեցած է այդ որոշումից: Ըստ Ձեզ` ճի՞շտ է նման քայլը:
-Երեկվա ժողովուրդը վախեցած ժողովուրդ էր: Չեմ կարծում: Շատ ճիշտ քայլ է վարչապետի կողմից: Արագ այս հարցին լուծում տալու համար ուրիշ մեխանիզմ չեմ տեսնում: Վարչապետը ունի ժողովրդի անվերապահ աջակցությունը, եւ կարծում եմ` կհասնի հաջողության:
-Ամեն դեպքում, ինչ-որ ռիսկեր չե՞ք տեսնում:
-Ռիսկեր միշտ կան, որովհետեւ հիմա ճգնաժամ է: Դա արդեն իսկ կանխատեսելիության, անվտանգութան խնդիր է: Դրա համար էլ անընդհատ նշում ենք, որ որքան շուտ տեղի ունենան ընտրությունները, այնքան արագ Հայաստանը կմտնի հանգիստ հունի մեջ, եւ ժողովուրդն էլ կգնա իր գործերին:
Լուսինե Մինասյան