ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻ ՄՈՏ Է ԳՆՈՒՄ ԾԱՆՐ ԲԵՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը կայանում է հայ-ռուսական հարաբերությունների հակասական փուլում, երբ ՌԴ իշխանություններն ուղիղ միջամտում են Հայաստանի ներքին գործերին: Հատկանշական է նաեւ Հայաստանի իշխանությունների կարծր կեցվածքը, որն ինքնաբերաբար անհասկանալի եւ անգամ զայրացնող է ՌԴ-ի համար:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի մասին գոյություն ունի երկու տեսակետ. մեկի համաձայն` դրանք սարսափելիորեն լարված են, իսկ մյուսի` առկա խնդիրները լուծելի են: Հարաբերություններում ծայրահեղ լարում նկատող շրջանակները նախկին իշխանություններն են` հանձինս ՀՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի: Նրանք ամեն առիթով շեշտում են, որ ՀՀ գործող իշխանությունները Ռուաստանի հետ հարաբերություններում չափազանց անզգույշ են, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Քոչարյանն անգամ իր վերջին հարցազրույցում բացեիբաց հակադրեց հայ-ռուսական հարաբերությունները Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը` շեշտելով, որ Հայաստանը չպետք է մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին բարձր մակարդակով: Այն, որ Քոչարյանը երբեւէ չէր անհանգստանում, երբ Սերժ Սարգսյանն էր մասնակցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, իսկապես խոսուն է: Սա նաեւ հուշում է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները նախկին իշխանությունների կողմից ավելի եւս գունազարդվում են` ծառայեցնելով սեփական քաղաքական հաշվարկներին: Հիշենք թեկուզ մայիսի 1-ին ՀՀԿ-ի վարքագիծը, երբ մի ողջ կուսակցություն ՀՀ ԱԺ ամբիոնից աղաղակում էր, որ Փաշինյանի վարչապետության պարագայում Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Հայաստանում: ՀՀԿ-ականների ելույթները ոչ այնքան հիմնավորում էին Փաշինյանին դեմ քվեարկելու դիրքորոշումը, որքան ահազանգ էին առ Մոսկվա, որ եթե վերջինս չմիջամտի, կկորցնի Հարավային Կովկասում իր հենակետը:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը չի ժխտում խնդիրների գոյությունը հայ-ռուսական հարաբերություններում: Նա, սակայն, հավելում է, որ դրանք լուծելի են քննարկումների ու բանակցությունների միջոցով: Հանուն արդարության այդպիսի քննարկումների համար անհրաժեշտ բարեկամական մթնոլորտ նա կարծես չի ապահովում: Ասվածը հատկապես վերաբերում է Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու ՀՀ իշխանությունների պահվածքին: Որքան էլ խնդիրը իրավական դաշտում լիներ, չէր կարելի հաշվի չնստել այն փաստի հետ, որ Խաչատուրովը ի պաշտոնե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր: ՀԱՊԿ-ը Ռուսաստանի համար առաջին հերթին հոգեբանական նշանակություն ունեցող կառույց է, որին ՌԴ ղեկավարությունը փորձում է համաշխարհային ասպարեզում ներկայացնել իբրեւ ՆԱՏՕ-ի հակակշիռ: Անշուշտ, դա անիրական է նախ եւ առաջ ՆԱՏՕ-ՀԱՊԿ անհամաչափության պատճառով: Սակայն դա ռուսական իշխանությունների համար իդեա-ֆիքս է, որի հետ առավել եւս ներկայիս պայմաններում պարտավոր է հաշվի նստել ՀՀ իշխանությունը: Մինչ ՌԴ նախագահի հետ հարցի շուրջ մանրակրկիտ քննարկում ծավալելը, Խաչատուրովը կանչվեց հարցաքննության որպես վկա, ապա նրան մեղադրանք առաջադրվեց ու որպես խափանման միջոց առաջարկվեց կալանքը: Մեղադրանք առաջադրելով ու կալանքի որոշում կայացնելով` քննչական մարմինները խախտեցին Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը: Խաչատուրովը միջազգայնորեն դիվանագիտական անձեռնմխելիությամբ է օժտված ոչ թե որպես Հայաստանի ներկայացուցիչ, ինչի դեպքում ՀՀ-ում նրա անձեռնմխելիությունը ի չիք կդառնար, այլ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որին անձեռնմխելիությունից կարելի էր զրկել միայն ՀԱՊԿ անդամների ղեկավարների որոշմամբ: Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո միայն ՀՀ ԱԳ նախարարությունը փորձեց հարցը դիվանագիտական խողովակներով բարձրացնել, ինչը այլեւս ժամանակավրեպ էր: Այդ է վկայում նաեւ ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, ըստ որի` Լավրովը Մնացականյանին ներկայացրել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ետկանչման ընթացակարգերը: Թեպետ դա դիվանագիտական լուրջ հարված էր ՀՀ իշխանություններին, սակայն ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ այդժամ ռուսական կողմը դեռեւս հանդես էր գալիս լոկ արձագանքողի դերում:
Այս դեպքից հետո, սակայն, ռուսական իշխանությունները փոխեցին ՀՀ ղեկավարության հետ հարաբերությունների մարտավարությունը: Նախ, Լավրովը առանձին տեսաուղերձով գնահատականներ տվեց ՀՀ իշխանությունների գործին ու խոսքին, ապա ՌԴ նախագահը զանգահարեց ու շնորհավորեց Մարտի 1-ի հիմնական պատասխանատու «հռչակված» Քոչարյանին: Նույն օրն էլ տեղեկատվական արտահոսք եղավ, որ ՌԴ-ն չի արտահանձնելու Միքայել Հարությունյանին: Կարճ ժամանակահատվածում ՌԴ իշխանությունը նախահարձակ եղավ եւ ինքը փաստի առաջ կանգնեցրեց ՀՀ ղեկավարությանը: Հաշվարկը հստակ է` Պուտին-Փաշինյանի հանդիպումից առաջ վերջինիս դնել փակուղու առաջ` Մոսկվայում նրան ընդունելով հարաբերությունների ծանր բեռի տակ կքած: Այդ նույն ընթացքում համառորեն տարածվում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու ադրբեջանական նախաձեռնության մասին լուրերը, որոնք Հայաստանը փորձեց ցրել վետոյի կիրառման սպառնալիքով: Խիստ հավանական է, որ Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերը միտված են ՀՀ իշխանություններին «համոզելու», որ համաձայնեն ՀԱՊԿ-ում Ադրբեջանի աստիճանական ներկայությանը:
Ի դեպ, վետոյի մասին հայտարարությունը կրկին կարծես համաձայնեցված չէր ՌԴ ղեկավարության հետ: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե ՀՀ արտաքին գործընկերները պետք է ադապտանան Հայաստանի նոր իրավիճակին, ընկած է ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում: Այդպես վարվելու շքեղություն երբեմն իրենց կարող են թույլ տալ գերտերությունները, սակայն Հայաստանի համար դա բացառված է: Հարկ է ոչ թե սպասել, որ գործընկերները ադապտանան, այլ բացատրել ու մշտական երկխոսության մեջ լինել նրանց հետ` մեկընդմիշտ հրաժարվելով փաստի առաջ կանգնեցնելու պրակտիկայից: Ռուսական իշխանությունները նման հարցերում ամենեւին նրբանկատ չեն` ցանկացած պահի պատրաստ փչացնել հարաբերությունները ուժի ցուցադրության գայթակղությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԲԵՅԲԻ ԲՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է նպաստել ծնելիության աճին` ֆինանսապես խրախուսելով այն: Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարությանը ներկայացրեց երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ` որոշումն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի մեկին, որից օգտվելու են այն ընտանիքները, որոնց երեխան կծնվի այս տարվա հոկտեմբերի մեկին կամ դրանից հետո: Իսկ մինչ այդ, գործող օրենքով ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամ է: Ըստ Մանե Թանդիլյանի` այս նախագծով հնարավոր կլինի ժողովրդագրական վիճակը բարելավվել, որը իր հերթին կնպաստի ծնելիության աճին:
Փաստ է, որ Հայաստանում ծնելիությունը վերջին տարիներին հետեւողականորեն նվազել է, եւ հիմա մեր երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի: Նախկին իշխանությունները բացի կենացի մակարդակի ելույթներից ու խոստումներից որեւէ իրական քայլ չեն արել այդ ուղղությամբ: Մինչդեռ, ծնելիության աճին նպաստելու համար պետք են ռեալ քայլեր՝ երեխա ունենալը ֆինանսապես խրախուսել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 189, անցած տարվա նույն ժամանակահատվածում`17 հազար 171, իսկ 2016 թվականի հունվար-հունիսին` 18 հազար 393: Այսինքն` այս տարվա հունվար-հունիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 982-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 2204-ով: Նշենք, որ այս տարվա ծնելիության ցուցանիշները վերջին տասը տարիների մեջ ամենացածրն են: Վիճակագրության համաձայն` 2014-2016թթ. գրանցվել է երկրորդ երեխայի ծննդյան հետեւյալ պատկերը՝ 16 հազար 51, 15 հազար 850, 15 հազար 032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 7500 է եղել: Ասել է թե` ընտանիքները գնալով սկսել են ավելի քիչ երկրորդ երեխա ունենալ:
Ի դեպ, Մանե Թանդիլյանը, առիթից օգտվելով, կառավարության նիստին ընտանիքներին կոչ արեց երկրորդ երեխայի ծննդին պատասխանատու վերաբերվել: Բացի այս, առաջարկվեց զույգ երեխաների ծննդի դեպքում կրկնապատկել հատկացվող նպաստի չափը, ինչը մեծ ոգեւորությամբ ընդունվեց: Բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց նախագծի քննարկումը հետաձգել մեկ շաբաթով եւ մյուս նիստին խմբագրված ներկայացնել: Ապա արձագանքեց`«Բեյբի բում»` ծնելիության կտրուկ աճ ենք ակնկալում եւ կոչ անում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում բարձրագույն մանկավարժական կրթությամբ ուսուցիչների պակաս կա: Այդ մասին սեպտեմբերի 4-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, 2017-2018 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր ուսումնական տարվա հիմնախնդիրների վերաբերյալ իր զեկույցում նշել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Ղազումյանը: Նա հայտնել է, որ դպրոցների ուսուցչների թափուր տեղերի համալրման հարցը իրենք փորձում են լուծել` համագործակցելով «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ: Մ. Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարզի որ դպրոցներում որքան թվով ուսուցիչների պակաս է զգացվում, մանրամասնեց. «Մարզի բոլոր դպրոցներում ուսումնական ծրագրով նախատեսված առարկաները դասավանդվում են, խնդիր կա որոշ դպրոցներում աշխատող ռուսաց լեզվի եւ գրականության ու աշխարհագրության ուսուցիչներին բարձրագույն մասնագիտական կրթությամբ ուսուցիչներով փոխարինելու»: Մ. Ղազումյանի խոսքերով`իրենք պետք է ճշտեն, թե մարզի դպրոցներում բարձրագույն մասնագիտական կրթությամբ քանի ուսուցչի պահանջ կա: Մ. Ղազումյանը հայտնեց, որ «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի միջոցով լուծվում է մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցները ուսուցչական կադրերով համալրելու խնդիրը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս