ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել է ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն:

Օրինակ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրա վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Նկատենք, որ օգոստոս ամսին միայն մրգի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.3 տոկոս: Թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թզի մեկ կգ` 1800-2000 դրամ: Ի դեպ, հանրապետության բոլոր քաղաքներում օգոստոսին, հուլիսի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-4.4 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Երեւանում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով:
Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ բանջարեղենը: Ըստ վիճակագրական կոմիտեի` բանջարեղենի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 6.5 տոկոս:
Այս ամիսներին լոլիկի գինը գերազանցեց. որոշ առեւտրի կետերում լոլիկի մեկ կգ-ն արժե 400 դրամ, բայց որոշ սուպերմարկետներում երեկ արդեն 700 դրամով էր վաճառվում այն դեպքում, երբ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել: Եւ ընդհանրապես, այս ամիսներին լոլիկը առատ է, եւ գինը միշտ ցածր: Լոլիկի բարձր գնի պատճառով տնային տնտեսուհիների մեծ մասը չի կարողացել լեչոյի կամ լոլիկի մարինադի պահածո փակել: Իսկ նրանք, ովքեր այդ պահածոները փակել են, ապա քիչ քանակությամբ: Չմոռանանք, որ այս ամառ ձմերուկը եւս թանկ գնով վաճառվեց` 210-220 դրամով: Չնայած այս օրերին այն էժանացել է` դառնալով 100 դրամ: Բայց ըստ գյուղատնտեսության նախարարության`դա պայմանավորված էր հունիսի վերջերից հուլիս ամսվա ընթացքում ստվերում գրանցված բարձր ջերմաստիճանով, ինչի ընթացքում բույսը չհասցրեց ադապտացվել: Եւ, բնականաբար, սա պետք է իր արդյունքը ունենար լոլիկի եւ ձմերուկի ցանքատարածությունների վրա: Չէ՞ որ բոստանային մշակաբույսերը շատ զգայուն են ջերմաստիճանների նկատմամբ: Մասնագետների խոսքերով` ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով ձմերուկի եւ լոլիկի ցանքատարածքները բավականին տուժել են, ինչն էլ իր բացասական ազդեցությունը արդեն թողել է այս երկու մշակաբույսերի բերքատվության վրա: Բնականաբար, սա չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նաեւ լոլիկի եւ ձմերուկի գնի վրա: Իսկ ձմերուկի գինը էժանացավ, քանի որ Հայաստանը սկսեց ներկրել ռուսական ծագման ձմերուկ: Բայց լոլիկի դեպքում նման բան չկա, սա է պատճառը, որ այն շարունակում է թանկանալ, ինչը խիստ զարմանալի է, քանի որ սովորաբար ամռան ամիսներին ե՛ւ միրգը, ե՛ւ բանջարեղենը վաճառվում են բավականին էժան գնով: Սմբուկի գինը եւս բարձր է`մեկ կգ-ն 180-200 դրամ: Մրգից եւ բանջարեղենից անցում կատարենք դեպի մսամթերքի, ձկնամթերքի շուկա, որտեղ եւս մեկ ամսվա ընթացքում զգալի թանկացումներ են արձանագրվել:
Վիճակագրական կոմիտեի տվյալներով` մսամթերքի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, գրանցվել է 2.4 տոկոս գնաճ: Տեղեկացնենք, որ այս օրերին խոզի կողամսի՝ չալաղաջի 1 կգ վաճառվում է 3800-3900 դրամով, իսկ խոզի փափուկ միսը` 2990-3000 դրամով: Կոնկրետ մսամթերքի շուկայում վերջին երկու ամիսների ընթացքում թանկացումը կազմել է մինչեւ 200 դրամ: Նշենք, որ բելառուսական ծագման տավարի մսի 1 կիլոգրամը արժե 2990 դրամ, իսկ տեղական արտադրությանը` 3690 դրամ: Գառան մսի 1 կիլոգրամը վաճառվում է 3790 դրամով: Ըստ մասնագետների` առաջիկա ամիսներին ոչ միայն տավարի, խոզի, այլեւ գառան միսը կթանկանա: Ձուկը եւս թանկացել է 100 դրամով: Եթե մի քանի օր առաջ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ն վաճառվում էր 1900 դրամով, ապա երեկ այն ուներ 2000 դրամ արժեքը: Նկատենք, որ ալյուրի շուկայում եւս գնաճ արձանագրվել է. օրինակ փոքր տուփերով 1-2 կիլոգրամանոց ալյուրի գինը 5 դրամով թանկացել է, իսկ 25 կգ պարկով ալյուրի դեպքում` մինչեւ 100 դրամի թանկացում: Ենթադրվում է, որ սա կապված է Վրաստանի կառավարության նոր որոշման հետ, որը գործելու է սեպտեմբերի 15-ից: Ըստ դրա` Վրաստանի տարածքով արգելվելու է ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ցորեն ներկրել, արտահանել: Նրանք առաջարկում են օգտվել երկաթուղային տրանսպորտային միջոցից, ինչը ներկրողների եւ արտահանողների համար լրացուցիչ ծախսեր է առաջացնելու: Թեեւ այս կարգը դեռ ուժի մեջ չի մտել, բայց ալյուրի շուկայում արդեն սկսվել են թանկացումները:
Իսկ օղիները թանկացել են 30-50 դրամով: Պաշտոնապես, ալկոհոլային խմիչքը թանկացել է 0.3 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում օգոստոսին, հուլիսի համեմատ, գնաճը կազմել է 1 տոկոս, ինչին նպաստել է ձվի 5.9 տոկոս գնաճը: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասայական անկման դեպքերի հետ: Թանկացել է նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը, հացաբուլկեղենը: Իսկ շաքարավազի գները 2.6 տոկոսով էժանացել են մեկ ամսվա ընթացքում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ ՀԱԿԱԳԱԶՈՎ ՊԵՏՔ Է ՇՆՉԵԼ

Երկաթուղային Այրում կայարան տարածքում երկհարկանի շենքում է գտնվում կայարանի պետի աշխատասենյակը: Այդ շենքի տակ` դեպի հանդիպակաց բլրին գտնվող դարավանդի այգիները, կոյուղաջրի արտահոսք կա: Կոյուղաջրի հոսք կա նաեւ Այրում կայարանի ոստիկանության շենքի բակում:

Կոյուղու խնդիրը լուծելու համար Այրում կայարանի պետ Սամվել Օհանյանը 2010թ.-ին դիմել է այն ժամանակ Տավուշի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր Միքայել Վարդանյանին: 2010թ. աշնանը Մ. Վարդանյանը այդ նպատակով 1 միլիոն 300 հազար դրամ է նվիրաբերել: Այդ գումարով Այրումի քաղաքապետարանը կոյուղագծում մի քանի հոր է կառուցել, կոյուղագծի խողովակաշարը փոխվել է, տեղադրվել են պլաստմասսայից խողովակներ: Կայարանի պետը հայտնեց, որ այդ աշխատանքներից մոտ կես տարի անց կոյուղագծում նորից խնդիրներ առաջացան: Այրում կայարանում տիրող գարշահոտը անտանելի է դառնում անձրեւոտ եղանակին: Խնդրի մասին տեղյակ են «Վեոլիա ջուր» ընկերության Նոյեմբերյանի ենթատեղամասում, Հարավկովկասյան երկաթուղու վարչությունում, Տավուշի մարզպետարանում, Այրումի համայնքապետարանում: Ամեն տարի հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը գործում է Երեւան-Բաթումի մարդատար գնացքը: Այդ ժամանակ Այրում կայարանում ուղեւորների շարժը մեծ է լինում: Ամռանը Հայաստանի հյուսիսային, երկաթուղային դարպասում գարշահոտ է տիրում: Կայարանապետ Ս. Օհանյանը հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, որն իրականացնում է Այրում քաղաքի եւ այդ թաղամասի ջրամատակարարումը եւ ջրահեռացումը, մոտ երկու շաբաթ առաջ կայարանի կոյուղագծի առանձին հատվածներ վերանորոգել է, խափանված կոյուղագծի մի հատվածը` բացել: Սակայն կայարանի գրասենյակի շենքի դիմաց կոյուղաջրի ճահիճն ավելի է մեծացել, գարշահոտն ավելի է խեղդում: Կայարանի պետի խոսքով` «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջիկայում նախատեսում է Գյումրիից Այրում կայարան տեղափոխել կոյուղու խողովակներ, վերակառուցել Այրում կայարանի կոյուղու 3 դիտահորերը, բացել դեպի Դեբեդ գետ տանող կոյուղագիծը: Ս. Օհանյանի վկայությամբ` Հարավկովկասյան երկաթուղու վարչությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Այրում կայարանի խափանված կոյուղագծի նորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: «Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երեւանի քաղաքապետարանից եւ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն եւ փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասված է դատախազության պատասխանում: «Հետք»-ն օգոստոսի 24-ին հրապարակել էր «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հոդված, որտեղ նշված էր, որ շուրջ 8 տարի Սյունիքի նախկին մարզպետը Երեւանում կառուցել է առանձնատուն, իսկ շինթույլտվություն ստացել է բոլորովին վերջերս` 2018 թվականի հունիսին:

 

 

ՈՉ ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍԻՆ
Ցանկացած օրենք պետք է լինի հումանիտար, օրենքը պետք է բացառի վհուկների որսը: Այս մասին «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկմանը հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Եթե սկսենք խստացնել օրենքները, ապա պիտի մտածենք` ցանկացած օրենք ինչքան խիստ, այնքան լավ: Բայց, իմ կարծիքով, օրենքը պետք է նաեւ լինի հումանիտար, օրենքը պետք է բացառի վհուկների որսը: Մեր բոլոր ընդունվող օրենքները պիտի այս դիտարկումը հաշվի առնեն»,- նշել է նա:

 

 

ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության եւ առերեսման: Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ` նա հարցաքննվելու է 2015թ. «Էլեկտրիկ Երեւան»-ի շարժման ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության գործով:

 

 

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՉԿԱ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ծառայության տնտեսական ոլորտին առնչվող հարցերի կապակցությամբ:
Ա. Մխոյանը զգուշացրել է, որ լինելու են չնախատեսված այցեր քրեակատարողական հիմնարկներ, եւ այցերը կրելու են շարունակական բնույթ: Ա. Մխոյանը շեշտել է ծառայության որդեգրած նոր քաղաքականության գերակա խնդիրները՝ հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսեւորման իսպառ բացառումը, արգելված իրերի ներթափանցումը, քրեական հիերարխիայի դեմ տարվող անզիջում պայքարը. «Իրավիճակ է փոխվել, եւ հիշեք՝ անձեռնմխելի մարդ չկա, բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով»:




Լրահոս